«Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմամբ Ֆրանսիայի Ազգային ժողովը մեկ անգամ ևս ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին և մարդու իրավունքների հայրենիք լինելու իր բարձր համարմանը:
Հուսով եմ, որ Սենատը ևս կմիանա Ազգային ժողովի կողմից ընդունված օրինագծին, և Ֆրանսիան կհամալրի այն երկրների ցանկը, որոնք օրենսդրական ճանապարհով ամրագրել են, որ մարդկության դեմ գործված ոճիրները չունեն վաղեմության ժամկետ, և որ դրանց դատապարտմամբ է հնարավոր կանխել մարդկության դեմ նոր ոճիրները:
Հայոց Ցեղասպանության ժխտման դատապարումն առավել կարևորվում է, երբ Թուրքիան այսօր ևս, ինչպես իր երկրի ներսում` օրենքի ուժով, այնպես էլ իր երկրից դուրս` պետական հզոր քարոզչությամբ, շարունակում է իրականացնել ժխտողականության քաղաքականություն: Գրականության Նոբելյան մրցանակի արժանացած թուրք գրող Օրհան Փամուկը, հայոց ցեղասպանության փաստն անգամ անուղղակի հիշատակելու համար, իր երկրի դատական ատյանների կողմից դատապարտվեց քրեական պատասխանատվության թուրքական քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը խախտելու` թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանքով:
Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից մեր երախտիքի խոսքն ուղղել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին, բոլոր նրանց, ովքեր պայքարում են, որ այլևս երբեք չգործվի նման սարսափելի ոճիր մարդկության դեմ, բոլոր նրանց, ովքեր անթույլատրելի են համարում ուրացման ամենավտանգավոր ձևը` պետական ուրացումը, բոլոր նրանց, ովքեր կարևորում են արդարությունն ու համամարդկային արժեքները, վերջապես բոլոր նրանց, ովքեր ձգտում են մեր տարածաշրջանում համապարփակ խաղաղության, բաժանարար գծերի վերացման և ժողովուրդների հաշտեցման»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment