Lragir- 15-9-2009- ՀՅԴ ԳՄ սեպտեմբերի 15-ից սկսել է հացադուլի եւ նստացույցի ակցիա: Զարմանալի է, որ Դաշնակցությունը պատրաստ է հացից հրաժարվել, բայց ոչ Սերժ Սարգսյանից: Թերեւս Սերժ Սարգսյանը Դաշնակցության համար ավելին է, քան հացը. հաց է, ջուր է, թթվածին է: Համենայն դեպս, Դաշնակցությունը փաստորեն համարում է, որ հայ-թուրքական հարաբերությունն այն աստիճանի վտանգի է հասել, որ արժե նույնիսկ հացադուլ հայտարարել, բայց այդ վտանգի պայմաններում չի ցանկանում պահանջել նախագահի հրաժարական, կամ գոնե ասել, որ եթե մի քայլ էլ առաջ գնացվի, հաստատ պահանջելու են:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը ասում է, որ եթե նույնիսկ ասեն, թե երբ են պահանջելու նախագահի հրաժարական, կնշանակի որ արդեն պահանջում են: Զարմանալի դատողություն է: Փաստորեն Հայաստանում արդեն իսկ առկա է նախագահի իմպիչմենտի գործընթաց, քանի որ Սահմանադրության մեջ գրված է, թե երբ կարող է այդպիսի գործընթաց լինել: Կամ, եթե ամուսինը կնոջն ասում է, որ եթե կինն իրեն դավաճանի, ապա ինքը դա չի ների եւ ապահարզան կտա, դա, ըստ դաշնակցական տրամաբանության, նշանակում է, որ ամուսինն արդեն ապահարզան է տալիս:
Բայց պարզ է, որ Դաշնակցությունն ընդամենն անհույս փորձ է անում արդարանալու, թե ինչու է պահանջում արտգործնախարարի հրաժարականը, իսկ նախագահի հրաժարականի մասին քիչ թե շատ հստակ եւ կոնկրետ բան չի ասում նույնիսկ եթե-ապա տարբերակով: Դա էլ բնականաբար միանգամայն զորավոր հիմք է տալիս հանրությանը կարծելու, որ Դաշնակցությունը պարզապես կատարում է Սերժ Սարգսյանի պատվերը եւ նրա համար ընդդիմություն է խաղում:
Համենայն դեպս, կոալիցիայից դուրս գալուց մինչեւ այժմ, Դաշնակցությունը դեռ որեւէ հստակ քայլ չի կատարել, որը ցույց կտար, թե ՀՅԴ-ն իսկապես ընդդիմադիր է: Փոխարենը ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի եղբոր փողերով ֆինանսավորվող հիմնադրամով իբր թե ընդդիմադիր համաժողով է կազմակերպում, արտգործնախարարի հրաժարական է պահանջում, իբր թե չիմանալով, որ նա ընդամենը անում է այն, ինչ կասի Սերժ Սարգսյանը:
Բայց այդ ամենով հանդերձ, այդուամենայնիվ պետք չէ կասկածել, որ Դաշնակցության ընդդիմադիր կեցվածքի մեջ կա անկեղծություն: Պարզապես այդ անկեղծությունը երեւի թե ոչ բոլոր դաշնակցականների մոտ է: Այսինքն, կուսակցությունը մի բան ասում է, սակայն կուսակցության մեջ ոչ բոլորն են այդ ասածին տեր կանգնելու պատրաստ, ու դրա համար էլ որոնվում են զանազան արդարացումներ: Որեւէ մեկը Դաշնակցությունից չի պահանջում իշխանափոխության հասնել, կամ հացադուլ անել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով, կամ ընդհանրապես պահանջել հրաժարականը: Դրանք ընդդիմադիր լինելու չափանիշներ չեն:
Պարզապես երբ քաղաքական ուժը ասում է կամ անում է բաներ, որոնց կապակցությամբ, որոնց անկեղծության առումով առաջանում են հարցեր, իսկ դրանց տրվում են տարօրինակ տրամաբանությամբ պատասխաններ, դրանով արդեն հանրությունը ստիպված կամ այդ կուսակցության անկեղծության մասին է եզրակացություն անում, կամ լրջության:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Wednesday, September 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment