Thursday, September 24, 2009

Ալեքսանդր Իսկանդարյան. Ես այնքան էլ չեմ հասկանում մեր Ինստիտուտի դեմ Արմեն Այվազյանի հայցի էությունը

/PanARMENIAN.Net/ 24.09.2009 - «Ես այնքան էլ չեմ հասկանում, թե Հայաստանի ՔՕ որ հոդվածի հիման վրա է «Արարատ» կենտրոնը պատրաստվում հայց ներկայացնել Կովկասի Ինստիտուտի դեմ: Հայաստանում չկա այնպիսի մի հոդված, որը քրեական պատիժ է նախատեսում Հայոց ցեղասպանության հերքման համար: Իսկ մենք երբեք չենք էլ ժխտել այդ փաստը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով «Արարատ» կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի հայտարարությունը: Իսկանդարյանի խոսքով, թուրք պատմաբան եւ քաղաքագետ Այբարս Գորջուլուն երբեք չի հերքել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը: Ցավոք, ակներեւ է գիտական աշխատանքի, մասնավորապես քաղաքագիտական հետազոտությունների էությունը: Կան զանազան տեսակետներ, որոնք հնչեցվին 2008թ. գիտաժողովում եւ հրապարակվեցին: Ես, անկեղծ ասած, այնքան էլ չեմ հասկանում մեր Ինստիտուտի դեմ Արմեն Այվազյանի հայցի էությունը»,- նկատել է Ալեքսանդր Իսկանդարյանը` ավելացնելով, որ Գորջուլուն լիբերալ թուրք պատմաբաններից մեկն է համարվում: «Արարատ» գիտառազմավարական կենտրոնը հայց է ներկայացրել դատարան Կովկասի Ինստիտուտի դեմ` մեղադրելով վերջինիս Հայոց ցեղասպանության հերքման մեջ: 2008թ. Երեւանում Կովկասի Ինստիտուտը հրատարակեց «Կովկասյան հարեւանություն` Թուրքիա եւ Հարավային Կովկաս» ժողովածուն, որում ներառված էր նաեւ «Թուրքական տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների» (TESEV) հիմնադրամի աշխատակից Այբարս Գորջուլուի «Հայ-թուրքական հարաբերություններ` հավերժ փակուղի» խորագրով զեկույցը: Զեկույցը նախկինում ներկայացվել է Ստամբուլում կայացած գիտաժողովում, որը կազմակերպել էր Կովկասի Ինստիտուտը: Դատարանի առաջին նիստը պետք է կայանա 2009թ. հոկտեմբերի կեսին:

No comments: