Thursday, September 24, 2009

Հայաստանում Ցեղասպանությունը ժխտող գիրք է հրատարակվել

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը կատարվածի առթիվ դատարան է դիմել «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը 2008 թ. Երևանում հրատարակել է «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» գիրքը: Գրքում ի թիվս այլ հոդվածների, զետեղված է նաև Ստամբուլի «Թուրքական տնտեսական և սոցիալական ուսումնասիրությունների» հիմնադրամի աշխատակից Այբարս Գյորգյուլուի՝ «Թուրքիա-Հայաստան հարաբերություններ. հավերժական փակուղի՞» հոդվածը: Հոդվածում հեղինակը, անդրադառնալով, Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում 1893-1923 թթ. իրականացված Հայոց ցեղասպանությանը, վիճարկման և կասկածի է ենթակում Հայոց Ցեղասպանությունը ինչպես բացահայտ հայտարարությամբ, այնպես էլ իրավական նշանակություն ունեցող Ցեղասպանություն տերմինը 34 անգամ, չակերտների մեջ վերցնելով: Գրքի անգլերեն բնագրի 127-րդ էջում գրված է հետևյալ նախադասությունը. «Թուրքիան վրդովվել է այն բանից, որ Հայաստանը մեղադրում Է Օսմանյան Թուրքիային, թե նա իրագործել Է «ցեղասպանություն», որի մասին կան լուրջ կասկածներ և տակավին բուռն բանավեճ է ընթանում» (“Turkey felt aggrieved that Armenia accused Ottoman Turkey of having committed “genocide” about which serious doubts remain and intense discussion is still going on.”): Այբարս Գյորգյուլուի նույն հոդվածում` գրքի անգլերեն բնագրի 142-րդ և 143-րդ էջերում մի քանի անգամ հստակ կիրառված է ««Ցեղասպանության» չհաստատված պնդումներ» (“genocide” allegations) արտահայտությունը: Այս մասին նշված է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հկ-ի հայցադիմումի մեջ, որը հկ-ն Կենտրոն և Նորք-Մարաշ հայանքների ընդհանուր իրավասության դատարանին է ներկայացրել 2009 թ. սեպտեմբերի 17-ին` ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի: Հրատարակության նկատմամբ բացառիկ հեղինակային իրավունքը պատկանում է «Կովկասի ինստիտուտ» հիմնարդրամին: Նշված գրքի խմբագիրն է «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Խմբագրական կազմում են Նինա Իսկանդարյանը, Սերգեյ Մինասյանը և Վիտալի Կիսինը: Հայցադիմումի վերաբերյալ պատասխանող կողմի տեսակետը իմանալու համար այսօր «Հետքը» դիմեց «Կովկասի ինստիտուիտին»: Մեզ պատասխանեցին, որ մեկնաբանություններ տալ կարող է միայն Ալեքսանդր Իսկանդարյանը, ով Հայաստանում չէ: «Ուրիշ ոչ ոք մեկնաբանություն չի տա: Նա ամսի 26-ին կլինի երկրում, և արդեն բոլոր պարզաբանումները կասի»,- պատասխանեցին «Հետքին»: Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանն ասաց. «Այսօր լուրերով հաղորդեցին, որ Գերմանիան հայտարարել է, որ «եթե Նյու Յորքում տեղի ունենալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի առաջիկա նիստին Իրանի նախագահ Ահմադինեժադը ժխտի Հոլոքոստի եղելությունը, ապա Գերմանիայի պատվիրակությունը կլքի դահլիճը», և կոչ է արել մյուս բոլոր պետությունների պատվիրակություններին հետևել իր օրինակին: Ուզում եմ հիշեցնել, որ Գերմանիան այն պետությունն էր, որը իրականացրել է հրեաների Հոլոքոստը: Եվ ահա Գերմանիայի վերաբերմունքը` Հոլոքոստի ժխտմանը: Հիմա տեսնենք, թե ինչպես է մեզանում Ցեղասպանությունը արդեն սկսել ժխտվել հենց Հայաստանում, և ինչպես մենք պետք է փորձենք կասեցնել այս ուղղակի կործանարար ընթացքը»: Արմեն Այվազյանն ընդգծեց, որ առհասարակ ցեղասպանության ժխտումը ամբողջ աշխարհում գնահատվում է որպես ցեղասպանության վերջին փուլ, երբ փորձում են ճնշել, նսեմացնել և ոչնչացնել ցեղասպանությունը վերապրածների և նրանց ժառանգների ցավերի հիշողությունը: «Ըստ մի բնորոշման` Ցեղասպանության ժխտումը ցույց է տալիս, որ անխուսափելի են նոր ցեղասպանական կոտորածներ, քանի որ ցեղասպան կատարողը չի զղջացել, որևէ կերպ չի հատուցել: Ըստ այսմ` օժանդակելով ցեղասպանության այս ժխտմանը` մենք ինքներս մեր դեմ կազմակերպելու ենք նոր ցեղասպանական ակտեր»,- ասաց Արմեն Այվազյանը: Նա հավելեց, որ շատ երկրներում ցեղասպանության ժխտումը հանցագործություն է, որը քրեականացված է: Օրինակ` Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի դատարանները Հայոց ցեղասպանությունը ժխտողներին պատժի են արժանացել: «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցադիմումի մեջ նշված է, որ «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» գրքի թե՛ անգլերեն բնագրի, թե՛ ռուսերեն տարբերակի համաձայն` ժողովածուն կազմված է վերլուծական հոդվածներից, որոնց հիմքում դրված են Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսեթիայի գիտնականների զեկուցումները, որոնք արվել են գիտաժողովի ընթացքում: Գիտաժողովը 2008 թ. օգոստոսի 1-4-ը Ստամբուլում կազմակերպել է «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը, որը Հայաստանում գրանցված կազմակերպություն է: «Փաստորեն, Հիմնադրամը թե՛ գիտաժողովի մասնակիցների, թե՛ գրքի հոդվածների ընտրության ժամանակ հաշվի չի առել այն հանգամանքը, որ հոդվածում տեղ են գտել Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու հանրային շահերը խաթարող, Հայաստանի որդեգրած քաղաքականությանը հակասող, ցեղասպանության զոհերի իրավահաջորդների և ողջ հայության իրավունքներն, արժանապատվությունն ու պատիվը ոտնահարող և զոհվածների հիշատակն անարգող հրապարակումներ»,- նշված է հայցադիմումի մեջ: Ըստ հայցադիմումի` սովորաբար գիտաժողովներում մասնակիցների ընտրությունն իրականացվում է վերջիններիս կողմից ներկայացվելիք նյութի համառոտագրերի հիման վրա: Սա նշանակում է, որ «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամը հավանության է արժանացրել վիճարկվող հոդվածը, ներառյալ` դրանում տեղ գտած հակահայկական պնդումները և Ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումը: «Հիմնադրամը, փաստորեն, գիտակցել է և կարող էր գիտակցել այն, որ վիճարկվող տեղեկությունները ոտնահարում են Հայաստանի Հանրապետության իրավունքները, սակայն, միջոցներ չի ձեռնարկել դրանք բացառելու ուղղությամբ: Հիմնադրամը նաև ստեղծել է բարենպաստ պայմաններ Հայոց հարցի այսպիսի` ոչ հայանպաստ շահարկման և տարածման համար»: Ըստ այսմ` հայցվոր կողմը համոզված է, որ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը «թույլ է տվել թե՛ ազգային, թե՛ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև նախադեպային ու միջազգային սովորութային իրավունքի մի շարք խախտումներ»: Այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ Արմեն Այվազյանն ասաց, որ վերոնշյալ գրքում կան նաև հակահայ այլ ապատեղեկատվություններ: Օրինակ` նույն հոդվածում նշվում է, թե իբր մինչև 1991 թ. սեպտեմբերը Հայաստանը երբեք պետականություն չի ունեցել: Սակայն «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը հայց է ներկայացրել միայն Ցեղասպանության ժխտման համար: Հայցվոր կողմը դատարանից խնդրում է` 1. պատասխանողին պարտավորեցնել հրապարակավ հերքել 2008 թվականին «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի հրատարակած «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» գրքում վիճարկվող տեղեկությունները «Հայաստանի Հանրապետություն» և «Ազգ» օրաթերթերում, «Գոլոս Արմենիի» ռուսալեզու թերթում և «Հ1», «Շանթ» և «Արմենիա» արբանյակային հեռարձակում ունեցող հեռուստաընկերությունների լրատվական գլխավոր թողարկումներում` հերքման կարգը սահմանելով դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտով: 2. արգելել հետագայում Հայոց ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումը և պատասխանողի տիրապետման ներքո գտնվող նույն գրքի օրինակների հետագա տարածումը: 3. հասցրած բարոյական վնասի դիմաց հատուցել (1) մեկ խորհրդանշական (պայմանական) դրամ: Արմեն Այվազյանն ասաց, որ իրենք հոդվածի հասցրած վնասը գնահատել են 20 մլն դրամ (հաշվի առնելով այն, որ վիճարկվող հոդվածը ստացել է միջազգային տարածում` Ցեղասպանությունը հերքվել է գիտաժողովին ներկա բազմաթիվ ունկնդիրների առաջ, այնուհետև տպագրվել է անգլերեն բնագրով, թարգմանվել ռուսերեն և տպագրվել 1000 տպաքանակով, վնասում է ՀՀ-ի, յուրաքանչյուր հայի շահերը, արժանապատվությունն ու պատիվը), սակայն քանի որ հկ-ն այս դատական պաշտպանությամբ շահույթ չի հետապնդում, դատարանից խնդրում են 1 դրամի հատուցում: Ազգային և միջազգային օրենսդրությունը` Ցեղասպանության ժխտման մասին Արմեն Այվազյանն ասաց, որ իրենք այս գործի շրջանակներում դիմել են GPartners իրավաբանական ընկերությանը, որը ռազմավարագիտական կենտրոնի հետ ուսումնասիրել է ցեղասպանության, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտման դատական պրակտիկան: Այդ պրակտիկայի իրավական նորմերի ու սկզբունքների հիման վրա կազմվել է հայցադիմումը: Ասուլիսին ներկա GPartners ընկերության գործընկեր Սարգիս Գրիգորյանն ասաց, որ հայցադիմումը կազմելիս` հաշվի են առել այն պրակտիկան, որը գոյություն ունի այլ պետությունների ազգային օրեսդրությունում, միջազգային սովորութային իրավունքի շրջանակներում գործող իրավական նորմերում, ՀՀ օրենսդրությունում: ՀՀ-ն և Թուրքիան վավերացրել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» 1948 թ. ՄԱԿ-ի Կոնվենցիան, որով կարգավորվում են ցեղասպանությանն առնչվող բոլոր խնդիրները: «Կոնվենցիան մշակող պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը գրում է, մշակումից հետո հաշվետվություն է կազմել, որի մեջ ուղղակիորեն սևով սպիտակի վրա գրում է, որ տվյալ Կոնվենցիայում ցեղասպանության հասկացությունը մշակվել է` հիմքում վերցնելով 2 հիմնական դեպք` Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Սարգիս Գրիգորյանը: Նա հավելեց, որ երբ հաշվետվությունները ներկայացվել են պետություններին` ստորագրման և վավերացման, ուղղակիորեն այդ Կոնվենցիայի բաղկացուցիչ մաս են եղել: Հետևաբար, Կոնվենցիան ստորագրած, վավերացրած ցանկացած երկիր ընդունում է այն փաստերը, որոնք Կոնվենցիայի հիմքում է դրել Կոնվենցիան մշակող իրավաստեղծը` Լեմկինը: «Այսինքն` Թուրքիան, վավերացնելով Կոնվենցիան, ուղղակիերոն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը: Ավելին, ստորագրել, վավերացրել և դարձրել է իր պետության անբաժանելի մաս»,- ասաց Սարգիս Գրիգորյանը: Նա հիշեցրեց, որ 2007 թ. մարտի 9-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքի դատարանը 90 օր պայմանական ազատազրկման է դատապարտել Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին և նշանակել տուգանք` 3,000 շվեյցարական ֆրանկի չափով: Փերինչեքին մեղավոր ճանաչելիս` Շվեյցարիայի դատարանը ուղղակիորեն հղում է կատարել Կոնվենցիային, դրա բաղկացուցիչ մաս հաշվետվությանը և ասել, որ Հայոց ցեղասպանությունը փաստը հաստատելու, ճանաչելու որևէ կարիք չկա: «Փերինչեքը մեղավոր է ճանաչվել ռասայական խտրականության մեջ` Հայոց ցեղասպանությունը հերքող իր հրապարակային հայտարարությունների համար»,- նշված է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցադիմումի մեջ: Սարգիս Գրիգորյանը նշեց, որ ՄԱԿ-ի Կոնվենցիային և հաշվետվությանը ուղղակի հղում անելը լայն տարածում ունի նաև այլ երկրներում (մասնավորապես Ֆրանսիայում) և միջազգային տրիբունալներում: Նրա խոսքերով` Ցեղասպանության հերքումը նորմատիվ ամրագրում է ստացել նաև Եվրոպական Միության կողմից: 2008 թ. նոյեմբերի 28-ին ԵՄ Արդարադատության և Ներքին գործերի խորհուրդը ընդունել է «Ռասիզմի և այլատյացության որոշ դրսևորումների դեմ պայքարի մասին» շրջանակային որոշում, որով բոլոր անդամ երկրները պետք է իրենց ազգային օրենսդրությունները համապատասխանեցնեն այդ որոշման պահանջներին: Իրավական այդ ակտի դրույթների համաձայն, ցեղասպանությունը հերքողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: «Այսպիսով, ցեղասպանության հերքման քրեականացումն ամրագրվել է Եվրոպական իրավունքում և դարձել միջազգային սովորութային իրավունք, այն է` միջազգային իրավունքի բաղկացուցիչ մաս»,- նշված է հայցադիմումի մեջ: «Սա ուղղակի կամ անուղղակի առնչվում է նաև մեր օրենսդրությանը, քանի որ մենք հիմա ունենք ԵՄ-ի հետ գործընկերության և համագործակցության հանաձայնագիր, որտեղ ՀՀ-ն ստանձնել է պարտավորություն` իր ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել ԵՄ-ի օրենսդրությանը»,- ասաց Սարգիս Գրիգորյանը: Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը` GPartners իրավաբանական ընկերության գործընկեր Արփինե Մելիքբեկյանը, նշեց, որ անկախ նրանից, թե որ պետությունը ինչ բառով կանվանի Հայոց ցեղասպանությունը, այդ ոճրագործությունը համապատասպանում է ցեղասպանություն հասկացությանը: «ՄԱԿ-ի Կոնվենցիայում ցեղաuպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը` կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպեu այդպիuին, լրիվ կամ մաuնակի ոչնչացման մտադրությամբ. (ա) այդ խմբի անդամների uպանությունը, (բ) այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնաuվածքներ կամ մտավոր վնաu պատճառելը, (գ) որևէ խմբի համար կյանքի այնպիuի պայմանների միտումնավոր uտեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մաuնակի ֆիզիկական ոչնչացմանը, (դ) այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը, (ե) երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուuին»,- նշված է հայցադիմումի մեջ: Համաձայն 1990 թ. օգոստոսի 23-ի «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի 11-րդ կետի` «Հայաuտանի Հանրապետությունը uատար է կանգնում 1915 թվականին Ouմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաuտանում հայոց ցեղաuպանության միջազգային ճանաչման գործին»: Ինչպես նշված է հայցադիմումի մեջ, այս պարտավորության իրականացմանն են ուղղված մի շարք նորմատիվ իրավական ակտերով ամրագրված դրույթներ: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրությունը հղում է կատարում 1990 թ օգոստոսի 23-ի «Հայաստանի անկախության մասին» հռչակագրին: «Սահմանդրությունը հենվում է Հռչակագրով ամրագրված հիմնարար սկզբունքների և համազգային նպատակների վրա, որոնց հիմքում դրված է Հայաստանի Հանրապետության` Ouմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաuտանում Հայոց ցեղաuպանության միջազգային ճանաչման գործին սատար կանգնելու պարտականությունն ամրագրող դրույթը»,- նշված է հայցադիմումի մեջ: Իսկ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության 2.1-րդ կետը սահմանում է. «Հետամուտ լինելով Հայոց ցեղաuպանության համընդհանուր, մաuնավորապեu` Թուրքիայի կողմից ճանաչմանը և դատապարտմանը, Հայաuտանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև տարածաշրջանում փոխադարձ վuտահության մթնոլորտի բարելավման և ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքuտում»: Լրագրողները մտավախություն հայտնեցին, թե դատական միջոցին դիմելը Թուրքիան կարող է հօգուտ իրեն օգտագործել, այսինքն` մենք ընդունում ենք, որ Հայաստանում կան Հայոց ցեղասպանությունը հերքողներ, և «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը կարող էր այլ միջոցներով լուծել խնդիրը: Արմեն Այվազյանը պատասխանեց. «Այսինքն` մենք թույլ տանք, որ շարունակեն Հայաստանում ժխտե՞լ Հայոց ցեղասպանությունը: Սա հանցագործություն է: Այո, Հայաստանում կան Ցեղասպանությունը հերքողներ, և այդ հերքող ուժերին պետք է պատժել: Եթե մենք նրանց չպատժենք, դրանց թիվը կշատանա: Դրանք կգնան-կմասնակցեն այդ պատմաբանների ենթահանձնաժողովի աշխատանքներին»: Նա հավելեց, որ ցեղասպանության հիմնախնդիրներն ուսումնասիրող հեղինակավոր «Ջենըսայդ Վոչ» (Genocide Watch) միջազգային կազմակերպությունն ընդգծում է, որ ցեղասպանության «հերքմանը հակադարձելու միջոցը՝ այն պատժելն է միջազգային տրիբունալի կամ ազգային դատարանների վճիռներով»: Սարգիս Գրիգորյանն ասաց, որ առաջին դատալսումը հավանաբար տեղի կունենա հոկտեմբերի առաջին կեսին: Դեռևս հայտնի չէ, թե ով է լինելու նիստը նախագահող դատավորը: «ՀԵՏՔ» - 23-6-2009

No comments: