Tuesday, September 29, 2009

ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիային հայ-թուրքական բանակցություններին միջնորդելու համար

/PanARMENIAN.Net/ 28.09.2009 - Նյու-Յորք կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Սերբիայի, Ղազախստանի, Ավստրալիայի, Կանադայի եւ Իրանի արտգործնախարարների հետ: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ջերմ եւ անմիջական հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Էդվարդ Նալբանդյանը Սերգեյ Լավրովին տեղեկացրեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերի մանրամասներին: Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Կալմի-Ռեյի հետ բանակցությունների ընթացքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ երկու երկրների միջեւ համագործակցության ոլորտների ընդլայնման հարցերին` նշելով, որ այդ գործում լուրջ դերակատարություն կարող է ունենալ Երեւանում բացված Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչության գրասենյակը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց իր շվեյցարացի գործընկերոջը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

No comments: