
Lragir- 15-9-2009- Սիվիլիթաս հիմնադրամի և “Բիրզամանլար” հրատարակչության նախաձեռնությամբ սեպտեմբերի 15-ին Երեւանի Մոսկվա կինոթատրոնում բացվել է “Սիրելի եղբայրս. հայերը Թուրքիայում 100 տարի առաջ” ցուցահանդեսը: Ցուցահանդեսի պաշտոնական հովանավորն է “Հայփոստ” փակ բաժնետիրական ընկերությունը:
Ցուցահանդեսը ներկայացնում է Օսմանյան կայսրությունում 1900-1910 թթ. հայ համայնքների կյանքի մասին պատմող Օռլանդո Կալումենոյի հարյուրավոր բացիկների հավաքածուն: Բացիկները հրատարակվել են անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում, հայ և ոչ միայն հայ հրատարակիչների կողմից և պատմում են Օսմանյան կայսրությունում այդ տարիներին ապրող հայերի կյանքի, հայկական եկեղեցիների, դպրոցների, հայերին պատկանող բազմաթիվ գործարանների, ճաշարանների, հյուրանոցների և այլ հաստատությունների մասին: Այնթապում, Մարաշում, Զեյթունում, Կեսարիայում, Մուշում, Վանում, Էրզրումում, Կարսում, բազմաթիվ այլ քաղաքներում, գյուղերում ու գյուղաքաղաքներում բնակվող հայերի կենցաղի, զբաղմունքի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների առաքելությունների կողմից հայկական թաղամասերում իրականացված բարեգործական աշխատանքների և պատմական տարբեր վայրերի ու իրադարձությունների մասին պատմող ավելի քան 4000 փոստային բացիկների ու ծրարների հավաքածուն պատկանում է իտալացի Օռլանդո Կալումենոյին, որի մայրը հայ էր:
Բացիկներից 500-ը թուրք պատմաբան և հրատարակիչ Օսման Քյոքերի ջանքերով առաջին անգամ ցուցադրվել է 2005 թ. հունվարին, Ստամբուլում, “Սիրելի եղբայրս” խորագրով ցուցահանդեսում: Օսման Քյոքերը հրատարակել է 400էջանոց գիրք` նվիրված բացիկների հավաքածուին: Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել նաեւ Օսման Քյոքերը: “Թուրքիայում պատմությունը ներկայացվում է թուրքերի տեսանկյունից: Սա հիմնականում ուշագրավ է քաղաքների պատմության տեսանկյունից: Նախակրթարանի 3-րդ դասարանից սկսած ՙմեր քաղաքի պատմությունը՚ տեղ է զբաղեցնում կրթական ծրագրում: Այստեղ հիմնականում սովորեցնում են, որ այդ քաղաքը հիմնել են թուրքերը, կամ էլ քաղաքի անվանմնան իմաստը ծագում է թուրքերենից. քաղաքի թուրքական լինելու վերաբերյալ հյուսում են առասպելներ:Օրինակ Թոքաթ քաղաքի անվանման ծագումը կապում են քաղաքի հիմնադիր հանդիսացող ՙԹուրանի ցեղից Թոգաթիների՚ հետ, այս տեղեկատվությանը կարող էք հանդիպել ոչ միայն տեքստերում, որոնք նախակրթարաններում պարտադրում են անգիր սովորել աշակերտներին, այլ նույնիսկ լուրջ հանրագիտարաններում: Բոլորովին չի կարևորվում այն հանգամանքը, որ այս կարծիքը հակասում է հիմնական տեղեկություններին, քանի որ թուրքերը Անատոլիա են մտել ընդամենը 11-րդ դարից և նրանց գալու ժամանակ այդ քաղաքները վաղուց հիմնված են եղել”, ասել է Քյոքերը ցուցահանդեսի բացման իր խոսքում:
Ըստ նրա, հենց պատմական սխալ ընկալումները կոտրելու համար էլ որոշել է գրել գիրք եւ կազմակերպել ցուցահանդես: “Երկարաժամկետ աշխատանքների արդյունքում 2005 թվականին հրատարակվեց ՙՀայերը Թուրքիայում 100 տարի առաջ՚ վերտառությամբ գիրքս և Ստամբուլում բացվեց ՙՍիրելի Եղբայրս՚ խորագրով իմ կազմակերպած ցուցահանդեսը: Ցուցահանդեսը 11 օրվա ընթացքում ունեցավ 7000-ից ավելի այցելու, դա վերջին տարիներին Թուրքիայում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է:
Ստամբուլի ցուցահանդեսին հետաքրքրություն էին հանդես բերում թե թուրքերը և թե հայերը”, ասում է Օսման Քյոքերը:
Ցուցահանդեսը ևս մեկ անգամ է ներկայացվել Ստամբուլում: Այնուհետև ցուցադրվել է Գերմանիայի Մյունխեն, Քյոլն, Ֆրանկֆուրտ, Ֆրանսիայի Վալենսիա և Շվեյցարիայի Ժնև քաղաքներում: Ցուցահանդեսը Երեւան է եկել Սիվիլիթաս հիմնադրամի հրավերով:”Շնորհակալություն եմ հայտնում Օռլանդո Կառլո Կալումենոին, որը թույլատրել է այս մեծ հավաքածուն ցուցադրել ժողովրդին, շնորհակալություն եմ հայտնում մեզ ընդունող տանտերերին Վարդան Օսկանյանին և Սալբի Ղազարյանին, ինչպես նաև նրանց աշխատակազմին, ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցող Հայփոստ և Անադոլու Քուլթուր ընկերություններին, շնորհակալություն եմ հայտնում նաև ձեզ հարգելի հյուրեր, որ նեղություն եք կրել և եկել եք այստեղ ինձ լսելու”, ասումէ Օսման Քյոքերը:
No comments:
Post a Comment