Monday, July 18, 2011

«Ոսկե ծիրանի» հաղթողները հայտնի են

Tert.am. 17-7-2011- «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 8-րդ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ միջազգային ժյուրիներն այսօր հայտարարել են հաղթողների անունները:
Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակի է արժանացել իրանցի ռեժիսոր Աղհար Ֆարհադիի «Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմը, «Արծաթե ծիրան» է ստացելՓարկ Չուն-բումի «Մուսանյան նոթեր» ֆիլմը, ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվել է Պաուլա Մարկովիչին «Պարգևը» ֆիլմի համար:
Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» է ստացել Ալեքսանդր Նանաուն «Աշխարհը` ըստ Յոն Բ.-ի» ֆիլմի համար, «Արծաթե ծիրան» է ստացել «Ամառային արոտավայր» ֆիլմը (Լին Թրու, Նելսոն Ուոքեր III, Ցերինգ Պերլո), Հատուկ հիշատակում` Ահմադ Սեյեդքեշմիրը «Հոյակապ ոչինչ» ֆիլմի համար:

«Հայկական համայնապատկեր» անվանակարգում «Ոսկե ծիրանի» է արժանացել Հարութ Շատյանը «Բեռնելով կյանքս» ֆիլմի համար, «Արծաթե ծիրանի»` Էմիլ Մկրտչյանը «Տիեզերանավը» ֆիլմի համար, Հատուկ հիշատակում է ստացել Անաստասիա Պոպովայի «Վարդագույն քաղաքի վերջին հիպին» ֆիլմը:
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում «Ոսկե ծիրան» է ստացել Պյոտր Սուբոտկոն «Գլազգո» ֆիլմի համար, Հատուկ հիշատակում` Սերհաթ Կարաասլանի «Հեծանիվ» ֆիլմը:
FPRESCI-ի (Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի ժյուրի) մրցանակ է ստացել Էբրահիմ Սայիդիի «Մանդու» ֆիլմը:
Էկումենիկ անկախ ժյուրիի մրցանակը հանձնվել է Կոռնել Գեորգիտայի «Եվրոպոլիս» ֆիլմին:
Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակը շնորհվել է Էմիլ Մկրտչյանին «Տիեզերանավը» ֆիլմի համար:
Բրիտանական խորհրդի սահմանած մրցանակը ստացել է Հարութ Շատյանի «Բեռնելով կյանքս» ֆիլմը: Նույն ֆիլմն արժանացել է նաև «Նուարդ» մրցանակին:
Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Յուրահատուկ ստեղծագործական հայացք» մրցանակին է արժանացել Պաուլա Մարկովիչի «Պարգևը» ֆիլմը:
Հիշեցնենք, որ գլխավոր հովանավոր «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության և պետական աջակից Մշակույթի նախարարության շնորհիվ կազմակերպված «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի ներկայացավ նոր անակնկալներով և մասնակից երկրների ընդլայնված աշխարհագրությամբ: Ներկայացված 631 հայտից ընտրվել էր շուրջ 150 ֆիլմ: Կազմվել էր մրցութային բազմաժանր ծրագիր: Ֆիլմերից 67-ը մրցում էին միջազգային 4 մրցույթներում:
«Հաճելի է արձանագրել, որ «Ոսկե ծիրան»-ն իր հաստատուն տեղը զբաղեցրեց մեր մշակութային կյանքում` տարեցտարի ներկայանալով նոր հմայքով և ասելիքով: Համաշխարհային կինոարվեստի զարգացման տեմպերը պարտադրում են համարժեք քայլեր ձեռնարկել և կինեմատոգրաֆի պատմության մեջ լինել ներկայանալի: Հպարտ ենք, որ համագործակցում ենք հանդիսատես-ռեժիսոր անկեղծ երկխոսություն ծավալող և կինոարվեստի սիրահարներին դրական լիցքեր հաղորդող «Ոսկե ծիրան» փառատոնի հետ»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

No comments: