Wednesday, September 16, 2009

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

«ԱԶԳ», 16-09-2009- Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցման հարցում սուր հակասություն կա իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության եւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական», «Ազգայնական շարժում» կուսակցությունների միջեւ: Վերջինս կտրականապես դեմ է արտահայտվել այս հարցում իշխանությունների հետ քննարկումներ ու խորհրդակցություններ անցկացնելուն: Բանն այն է, որ թուրք ընդդիմադիրներին զայրացնում է այն փաստը, որ նախաստորագրված արձանագրությունների մեջ տեղ չեն գտել Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները: Նրանք կարծում են, որ Թուրքիան այս հարցում տանուլ է տվել: «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին դատապարտել է կառավարության քաղաքականությունը` հայտարարելով, որ վերոնշյալ արձանագրությունները չեն բխում Թուրքիայի ազգային շահերից: Ընդդիմադիր ուժերին առավել քան նյարդայնացնում է արձանագրություններում Ղարաբաղի բացակայության փաստը, նրանք իշխանություններին մեղադրում են իրենց «փոքր եղբորը»ՙ Ադրբեջանին դավաճանելու մեջ: Կուսակցության առաջնորդները հայտարարում են, որ Թուրքիան տեղի է տվել Հայաստանի պահանջներին, ինչի վկայությունն էլ նման արձանագրությունների առկայությունն է: «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը հայտարարել է, որ իր կուսակցությունը չի աջակցելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող երկխոսությանը, «քանի դեռ Հայաստանը չի ազատել Ղարաբաղը»: Ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները մեկը մյուսի հետեւից հորդորում են Հայաստանին դուրս բերել զորքերը Ղարաբաղից եւ միաժամանակ հիշեցնում վարչապետ Էրդողանի` Բաքվի խորհրդարանում հնչեցրած ելույթները, որտեղ Էրդողանը վստահեցրել է, որ «քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել, Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը»: Եթե հաշվի առնենք Թուրքիայի Մեջլիսում իշխող կուսակցության եւ ընդդիմության ունեցած ձայների հարաբերակցությունը (544 ձայնից «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը` 338 ձայն, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը` 97 ձայն, «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 69 ձայն, «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը` 21 ձայն, անկախ պատգամավորներ` 10 ձայն, «Դեմոկրատական ձախ» կուսակցությունՙ 8 ձայն, «Թուրքիա» կուսակցություն` 1 ձայն), ապա ավելորդ է անգամ քննարկել այն հարցը, թե ինչպես է վերաբերվում ընդդիմությունը հայ-թուրքական արձանագրություններին, եւ պատրաստվո՞ւմ է արդյոք քվեարկել դրանց օգտին: Այսինքն` արձանագրությունների վավերացման հարցում, եթե գործ ունենք պարզ մեծամասնության հետ (ձայների 50 %+1 սկզբունքով), ապա իշխող կուսակցությունն առանց խնդրի կհասնի արդյունքի: Ճիշտ է, խորհրդարանում «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը մեծամասնություն է կազմում, սակայն ընդդիմության դիրքերը ամենեւին թույլ չեն երկրի թե՛ քաղաքական, թե՛ հասարակական կյանքում: Այս տարվա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող կուսակցությունը բավականաչափ թվով ձայներ կորցրեց` հօգուտ ընդդիմության: Բացի այդ, հասարակության մեջ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դիրքերը որոշ չափով թուլացնում են «Կորած տրիլիոնի» դատական գործերը (հիշեցնենք, որ ըստ այդ գործերի` նախագահ Գյուլը եւ վարչապետ Էրդողանը մեղադրվում են պետական գումարները յուրացնելու մեջ): 1998 թ.-ին, երբ Թուրքիայի սահմանադրական դատարանը փակեց «Բարօրություն» կուսակցությունը, որի մեջ էին Գյուլն ու Էրդողանը, կուսակցական ղեկավարները, իշխանությունից հեռանալուց հետո իբրեւ թե չեն վերադարձրել պետությունից ստացած գումարները, որոնք, ըստ մեղադրական պնդումների, գրանցել են որպես կեղծ ծախսեր: Չմոռանանք, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության դեմքով հանդես են գալիս քեմալականները, որոնց աջակցում է երկրի զինվորականությունը: Բավական է միայն հիշեցնել, որ Թուրքիայի գլխավոր շտաբը Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում միայն երեք անգամ (1960թ., 1971թ., 1980թ.) հեղաշրջման միջոցով է կառավարություն տապալել: Այսօր «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը համառորեն պայքարում է երկրի քաղաքական գործընթացներից զինվորականությանը դուրս մղելու համար, ինչի վկայությունն են նաեւ «Էրգենեքոն» ընդհատակյա խմբի տասնյակ անդամների ձերբակալություններն ու դատավարությունները, որոնց մեջ մեծաթիվ են բարձրաստիճան զինվորականները: Իշխող կուսակցությունը որոշակի հաջողությունների է հասել Եվրամիության հետ բանակցություններում, թեեւ այդ ճանապարհը հարթ չի անցել նաեւ ներքաղաքական պայքարում: Բնականաբար, ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Թուրքիայից դուրս (առավել եւս ԱՄՆ-ում, Եվրոպայում) հստակ գիտակցում են, որ եթե Թուրքիան վերադառնա զինված հեղաշրջումների փուլ, ապա կարող է երկրի համար կործանարար լինել ուղղակի կամ անուղղակի իմաստով: Այնուամենայնիվ, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ձայները խորհրդարանում լիովին բավարար են հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար, եթե իշխող կուսակցությունն իրապես քաղաքական կամք դրսեւորելու ցանկություն ունենա: Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

No comments: