
«Անկախ» 15-9-2009- Թուրք լրագրող Օսման Քյոքերը «Սիրելի եղբայրս. Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» ցուցահանդեսի բացմանը
«Մեր քաղաքում էլ նախկինում հայեր կային»,- սա Ստամբուլում բացված` 1900-1910 թթ. թուրքահայերի մասին պատմող բացիկների` «Սիրելի եղբայրս» ցուցահանդեսում ամենաշատ ասված արտահայտությունն էր:
Ստամբուլյան ցուցադրումից 4 տարի անց Մոսկվա կինոթատրոնում `սեպտեմբերի 15-28-ը, բացվել է ցուցահանդես, այս անգամ` «Սիրելի եղբայրս. Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» խորագրով, որը ներկայացնում է թուրք լրագրող Օսման Քյոքերը:
Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում ապրող հայերի կյանքը, մշակույթը, գործունեության ոլորտները ներկայացնող շուրջ 4 հազար փոստային բացիկների ու ծրարների հավաքածուն պատկանում է իտալացի Օռլանդո Կալումենոյին, ում մայրը ազգությամբ հայ է: 2005 թ-ից մինչ օրս, բացիկներից մոտ 500-ը` թուրք լրագրող Օսման Քյոքերի ջանքերով ցուցադրվում է տարբեր երկրներում:
Առաջին անգամ հավաքածուն ցուցադրվել է 2005-ի հունվարին` Ստամբուլում, որին` 11 օրվա ընթացքում 7 հազար մարդ է այցելել, և նույն տարի երկրորդ ցուցադրությունն էլ է եղել:
«Դա վերջին տարիներին Թուրքիայում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»,- ասում է Քյոքերը:
Հավաքածուն ցուցադրվել է նաև Մյունխենում, Քյոլնում, Ֆրանկֆուրտում, Վալենսիայում, Ժնևում:
2005-ին Քյոքերը նաև հրատարակում է «Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» գիրքը, ուր տպված են բացիկները և դրանց մասին տեղեկություններ: Այս գրքի համար Քյոքերը ստիպված է եղել հիմնել սեփական «Բիրզամանլար» հրատարակչությունը, քանի որ ոչ ոք չի ցանկացել տպագրել Օսմանյան կայսրությունում հայերի զգալի ներկայության և մշակութային կյանքում ունեցած մեծ ավանդի մասին պատմող գիրք:
Քյոքերն ասում է, որ Թուրքիայում պատմությունը ներկայացվում է թուրքերի տեսանկյունից: Դպրոցներում` 3-րդ դասարանից սկսած, դասավանդվում է «Մեր քաղաքների պատմությունը» առարկան, որի շրջանակներում երեխաներին սովորեցնում են, որ թուրքական բոլոր քաղաքները հիմնադրել են թուրքերը, անունները թուրքական ծագում ունեն` հաշվի չառնելով, որ շատ քաղաքներ հիմնադրվել են թուրքերի` Անատոլիա գալուց շատ առաջ:
Քյոքերն ասում է, որ դասագրքերում թուրքիայի ոչ մուսուլման բնակչությանն անդրադառնալիս նրանց բացասական երանգով են ներկայացնում, չի նշվում, թե ինչ տնտեսական, մշակութային դերակատարություն են ունեցել քաղաքի պատմությունում: «20-րդ դարասկզբին միանգամից ի հայտ են գալիս այլակրոն ժողովուրդներ, համագործակցում են թշնամու հետ, թիկունքից հարվածում թուրքերին: Կարծես բոլորովին չեն ապրել, միայն դավաճանել են թուրքերին»,- թուրքական կրթական ծրագիրն է բնորոշում Քյոքերը:
Ըստ Քյոքերի, այս «պատմությամբ» դաստիարակվում է սերունդ, որը արհամարհելու է այլ ժողովուրդների:
«Իմ նպատակն է ցույց տալ, որ 100 տարի առաջ հայեր են ապրել Թուրքիայում,- ասում է Քյոքերը,- նրանց մասին ճշմարիտ տեղեկություն տալ»:
Քյոքերը նշում է, որ հայերի հեռանալու պատճառով` թուրքերը մեծ կորուստ են ունեցել: «Հայերի գնալուց հետո Թուրքիայում եղավ մշակութային, արտադրողական կորուստ, նկատվեց քաղաքակրթական մակարդակի անկում: Այն ժամանակ նկատված բացասական ազդեցությունը Թուրքիայում գործում է մինչ օրս: Կառավարական օղակը, որ գործում էր 1915-ին, շարունակում է գործել նաև այս օրերին»:
Կենտրոնում` «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյան
Հայաստանում ցուցահանդեսի կազմակերպումը նախաձեռնած «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի խոսքերով, ցուցահանդեսը նախատեսել էին դեռևս անցյալ տարվա նոյեմբերից և միայն պատահականություն է, որ բացումը համընկել է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների հասարակական քննարկմանը:
«Օգտակար համընկնում է»,- ասում է Ղազարյանը:
Սակայն Քյոքերը մտադրություն չունի արձանագրությունների քննարկման ժամանակահատվածում Թուրքիայում ևս մեկ անգամ այս բացիկները ներկայացնել. «Հիմա դա անիմաստ է, դրա պահանջը չկա»:
Ազգային գրադարանի աշխատակից Անահիտն ասում է, որ հենց իմացավ ցուցահանդեսի մասին, գալու ցանկություն ունեցավ. «Նախ` իմ նախնիները Պոլսահայեր են եղել և շատ կուզենայի իմանալ, թե ինչ միջավայրում են ապրել, ինչ կյանք ու կենցաղ են ունեցել: Բացի այդ, Ազգային գրադարանում էլ նման բացիկներ և նամականիշեր կան և շատ հետաքրքիր է համեմատել ներկայացվածի հետ, իմանալ, թե մեր ունեցածից բացի, ինչ կա»:
Բառարանագիր Քեյթի Գունդակչյանն ասում է, որ այս ցուցահանդեսը պետք է հայերի մեջ ամոթի զգացում առաջացնի. «Այս ցուցահանդեսը հստակ ցույց է տալիս, թե ինչպես քոչվորական թուքրերը եկան ու չեղած տեղից իրենց հայերնիք ստեղծեցին, իսկ մենք մեր չնաշխարհիկ երկիրը զիջեցինք նրանց»:
No comments:
Post a Comment