Tuesday, September 22, 2009

Սերժ Սարգսյան. «Թուրքիայի հետ բանակցային գործընթացը կարող է խափանվել ադրբեջանական գործոնի պատճառով»

Tert.am. 21-9-2009- Հայաստանի Անկախության օրվա նախօրեին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է ռուսական Вести հեռուստաալիքի «Вести в субботу» հաղորդման հեղինակ Սերգեյ Բրիլյովի հարցերին: Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու, դիվանագիտական երկկողմանի հարաբերություններ հաստատելու և հայ-թուրքական սահմանները բացելու մեր նախաձեռնությունը ոչ թե կոնկրետ ծրագիր է, այլ, ավելի շուտ, մի մթնոլորտի ստեղծում, որի առկայության դեպքում երկու հարևան երկրները կարող են բանակցել 21-րդ դարում: Նման փորձեր եղել են և նախկինում: Հայաստանի թե առաջին և թե երկրորդ նախագահները նման նախաձեռնություն դրսևորել են: Նախաձեռնություններ եղել են նաև Թուրքիայի կողմից, սակայն բոլոր փորձերը փակուղի են մտել: Այժմ նույնպես 100%-անոց երաշխիք չկա, որ բանակցային գործընթացը չի խափանվի: Ես հիանալի հասկանում եմ, որ թե Հայաստանում և թե Թուրքիայում կան ուժեր, որոնք ցանկանում են խափանել բանակցային գործընթացը: Ի դեպ, նման ուժեր կան նաև երրորդ երկրներում: Սակայն, ի տարբերություն այդ գործընթացների, որոնք կային նաև նախկինում, ես կարծում եմ, որ ներկայիս գործընթացը մեկ տարբերություն ունի. սա ամենահանրային և բաց գործընթացն է, որը երբևէ եղել է թուրքերի հետ հարաբերություններում: Մեր ժողովուրդների մեջ կան հակասություններ, թշնամություն, կա մեծ անվստահություն, և այս ամենը մտացածին չէ: Սա քաղաքական ուժերի կամ պրոֆեսիոնալ թշնամություն չէ, սա իրավիճակային երևույթ չէ: Այս ամենը հանդիսանում է Հայաստանի պատմության այն սարսափելի էջերի արդյունք, որն իրականացվել է Օսմանական կայսրությունում: Այս ամենը հանդիսանում է Ցեղասպանության արդյունք: Եվ եթե մեզ երբևէ հաջողվի հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, ապա դրա համար հարկավոր է երկու երկրների քաղաքական կամքի դրսևորումը: Սակայն անհրաժեշտ է նաև, որպեսզի այդ գործընթացի մեջ ներգրավվեն մեր ժողովուրդները: Մեր հասարակությունները պետք է իմանան կարգավորման մանրամասների մասին: Մենք ի սկզբանե պայմանավորվել ենք, որ բանակցային գործընթաց ենք սկսում և առաջ ենք շարժվում առանց որևէ նախապայմանների, քանի որ մենք որևէ պայման չունենք: Ցանկացած երկրի համար անհրաժեշտ է այլընտրանքային հաղորդակցություն և ճանապարհներ ունենալ: Իսկ Հայաստանի կարգի երկրի համար, որը դեպի ծով ելք չունի, և որը գտնվում է շատ փոփոխական և անկանխատեսելի տարածաշրջանում, ինչում մենք համոզվեցինք նախորդ տարվա օգոստոսյան պատերազմի ժամանակ, բնականաբար, դա շատ կարևոր է: Սակայն խոսքն այստեղ գնում է ավելի մեծ բաների մասին: Խոսքը գնում է մեր տարածաշրջանը միջազգային բնականոն համակարգ վերադարձնելու մասին: Թուրքերը և ադրբեջանցիները սիրում են հաճախ կրկնել, որ իրենք համարվում են մեկ ազգ, սակայն ապրում են տարբեր երկրներում: Ես չեմ վիճում սրա հետ, սակայն կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը օգտակար է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլ Ադրբեջանի համար նույնպես: Եվ եթե թուրքերի հետ բանակցային գործընթացը խափանվի ադրբեջանական գործոնի պատճառով, ապա կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է իր կարծիքն հայտնի դրա վերաբերյալ: Եվ երբ թուրքերը խոսում են այն մասին, որ ցանկանում են արագ կարգավորման ուղիներ փնտրել, նշանակում է՝ նրանք ասում են. «Դուք միակողմանի կերպով զիջեք ինչ-որ բան»: Իսկ երբ մենք ասում ենք, որ այդ գործընթացները որևէ առնչություն չունեն, ապա մենք նկատի ունենք, որ չենք կարող միակողմանի կերպով զիջումների գնալ: Այդ իսկ պատճառով էլ, կարծում եմ, որ թե թուրքերը և թե մենք շատ լավ հասկանում ենք ամեն ինչ: Եվ իրականում, մի գործընթացը մյուսի հետ շաղկապելը նշանակում է խորացնել իրավիճակը: Նշանակում է, որ թե մեկ և թե մյուս գործընթացները չեն կարող արագ լուծում ունենալ: Ես ցանկանում եմ քննադատների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ, հնարավոր է, նրանք փոքր-ինչ ուշացել են իրենց քննադատությամբ: Ինչո՞ւ: Քանի որ ես Հայաստանի ազգային անվտանգության համատեքստում արդեն հստակորեն արտահայտել եմ իմ դիրքորոշումը: Ես իմ դիրքորոշումն արտահայտել եմ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եվ մեր` Հանրապետական կուակցությունը, հաղթեց այդ ընտրություններում: Ես դրա վերաբերյալ իմ կարծիքն արտահայտել եմ նախագահական ընտրությունների ժամանակ: Այժմ նրանք սկսել են քննադատել այդ քաղաքականությունը կամ դրա մի մասը: Սակայն ասեմ, որ քննադատների մեջ կան մարդիկ, ովքեր իրականում կարծում են, որ չի կարելի թուրքերի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, քանի դեռ չի ճանաչվել Ցեղասպանության փաստը: Ես այդպես չեմ կարծում: Ես կարծում եմ, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը չի կարող նախապայման հանդիսանալ: Եթե ես դա նախապայման համարեի, ապա այս գործընթացը չէի սկսի: Սակայն կան մարդիկ, ովքեր, ինձ քննադատելով, իրենք են ժամանակին փորձել դա անել: Իսկ իմ եզրակացությունն այսպիսին է. ամեն ինչ կախված է գործընթացի արդյունքներից: Եթե այն արդյունավետ լինի, ապա սահմանները կբացվեն, կողմնակիցներն էլ կշատանան: Եթե ոչ` քննադատների թիվը կավելանա: Սակայն այն ամենը, ինչ ես անում եմ, անում եմ վստահությամբ և անում եմ իմ կամքի թելադրանքով»:

No comments: