
«Լրագիր» 28-9-2009- Հայ-թուրքական հարաբերության հարցում Սփյուռքի կարծիքն իմանալու համար Սերժ Սարգսյանը մեկ շաբաթվա ընթացքում, հոկտեմբերի 1-ից, այցելելու է Նյու-Յորք, Լոս-Անջելես, Փարիզ, Բեյրութ եւ Դոնի Ռոստով: Դա կոչվում է համահայկական շրջագայություն: Սակայն հարց է առաջանում, թե համայն հայության քանի տոկոսն է բնակվում այդ քաղաքաներում: Օրինակ, ինչու Սերժ Սարգսյանը չի այցելում Թեհրանի հայերին: Ինչու չի այցելում Աթենքի հայերին:
Չէ որ այդ քաղաքներում էլ կան մեծաթիվ հայ համայնքներ, ընդ որում կարծես թե հասարակական-քաղաքական առումով ակտիվ եւ ոչ անտարբեր համայնքներ: Արդյոք համայն հայությունը, որը կազմում է մի քանի միլիոն մարդ, տեղակայված է ընդամենը այդ չորս-հինգ քաղաքներում: Եվ արդյոք մոտ 10 միլիոն հայերի կարծիքը հնարավոր է իմանալ 7 օրերի ընթացքում: Մինչդեռ, եթե Սերժ Սարգսյանը մի առիթով հայտարարեց, որ 10 միլիոն աշխարհասփյուռ հայը նշանակում է 10 միլիոն դեսպան աշխարհում, ապա նա թերեւս պետք է տեղյակ լինի ամեն մի «դեսպանի» կարծիքին: Եթե 10 միլիոնը կարեւոր է մի դեպքում, մյուս դեպքում չի կարող լինել անկարեւոր եւ չեն կարող կարեւոր դառնալ միայն չորս-հինգ քաղաքում բնակվող կամ հարակից բնակավայրերի հայերը:
Հասկանալի է, որ անհնար է մինչեւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամկետը ֆիզիկապես հանդիպել սփյուռքի նույնիսկ մեծամասնությանը: Բայց խնդիրն այն է, որ այդ դեպքում պետք չէ ընդհանրապես հանդիպել որեւէ մի մասին եւ դա ներկայացնել իբրեւ սփյուռքի հետ շփում կամ սփյուռքի հետ քննարկում: Ավելի լավ էր գտնել այլ ձեւաչափ, որին մասնակցեր ոչ թե նախագահը, այլ ասենք նախագահի պատվիրակները: Թող գնային եւ հանդիպեին տասնյակ քաղաքների հայերի հետ, նախագահի անունից: Եթե հարկ էր, թող նույնիսկ Սերժ Սարգսյանի լիազորագիրը տանեին իրենց հետ, որպեսզի ամեն ինչ լիներ վստահելի եւ հաստատ, որ նրանք ինքնակոչ պատվիրակներ չեն: Այդ դեպքում գուցե իրապես հնարավոր կլիներ խոսել սփյուռքահայության հետ շփման մասին: Թե չէ ընդամենը 5 քաղաքը մի քիչ քիչ է թվում 10 միլիոնի հասնող սփյուռքի համար, եւ թվում է, որ նպատակն իրականում սփյուռքը չէ, այլ սփյուռքը հերթական անգամ միջոց է:
Ի դեպ, սփյուռքում արդեն պատրաստվում են դիմավորել Սերժ Սարգսյանին, ինչպես այս պարագայում՝ բողոքի ցույցով:
No comments:
Post a Comment