Saturday, September 19, 2009

Թուրքիան պարտավոր է հարգալից լինել ցեղասպանությունը վերապրածների հանդեպ, Էդվարդ Նալբանդյան

Tert.am. 19-9-2009- Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Թուրքիայի վարչապետի այն հայտարարությունը, համաձայն որի մինչև չլուծվի ղարաբաղյան խնդիրը՝ հայ-թուրքական սահմանը չի բացվի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեողեկատվության վարչությունը, Էդվարդ Նալբանդյանն ասել է հետևյալը. «Թուրքական կողմը տեղեկացված է և, վստահ ենք՝ գիտակցում է, որ մենք բացառում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պայմանավորումը ԼՂ խնդրի հանգուցալուծման քայլերով։ Փորձելով կապել այդ երկու գործընթացները` կարելի է ձախողել թե մեկը, թե մյուսը։ Նույն դիրքորոշումն ունեն բազմաթիվ երկրներ, այդ թվում Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների։ Այս փոխըմբռնմամբ ենք մենք սկսել և վարել բանակցություններն ու եկել փոխհամաձայնությունների, որոնք արտացոլված են նախաստորագրված արձանագրություններում։ Եթե Թուրքիայի ղեկավարությունը խնդիրներ ունի՝ կապված փաստաթղթերի ստորագրման հետ, ապա չպետք է փորձի դրանք լուծել նախաստորագրված փաստաթղթերի ոգուն, տառին և նպատակներին հակառակ։ Համաձայնեցված փաստաթղթերի ստորագրումը և նրանց իրագործումը բարդություններով լի գործընթաց է։ Սակայն Հայաստանը պատրաստ է հարգել պայմանավորվածությունները` առաջ գնալու համար։ Եթե ժամանակակից Թուրքիայի իշխանությունները պատրաստ չեն այսօր ընդունելու Օսմանյան Կայսրությունում իրականացված ցեղասպանության փաստը, ապա առնվազն պարտավոր են հարգալից լինել ցեղասպանությունը վերապրածների և նրանց զավակների հանդեպ»։

No comments: