Tuesday, September 22, 2009

Սերժ Սարգսյան. «Մեզ միշտ առաջնորդել է Անկախ Հայաստանի տեսիլքը»

News.am. 21-9-2009- Հայաստանի անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես նշվում է. «Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի անկախության 18-րդ տարեդարձի կապակցությամբ: Սա տոն է, որի փափագն ու զգացողությունը իրենց հոգում կրել են հայ ժողովրդի բոլոր սերունդները: Ես ընդգծում եմ` բոլոր սերունդներն` առանց բացառության: Անկախ այն բանից` ճակատամարտն Արածանիի ափին էր, Ավարայրի, թե Ձիրավի դաշտավայրերում, Կիլիկիայի բերդերի վրա, Վանի պարիսպների տակ, Սարդարապատում, թե Շուշիում, մեզ առաջնորդել է նույն տեսիլքը: Անկախ այն բանից` վանական մենաստանում ձեռագիր ենք ծաղկել, թե մաշտոցյան տառեր ձուլելով` գիրք ու հանդես հրատարակել Վիեննայից մինչև Կալկաթա, Էջմիածնից մինչև Վենետիկ, մեզ առաջնորդել է նույն տեսիլքը: Անկախ այն բանից` հայը հաջողության հասած վաճառական էր, ում սեփական նավատորմը աշխարհի օվկիանոսներն էր չափում, թե սովահար ու նվաստացված տարագիր, ում ողջակիզում էին Դեր Զորի անապատում, նրան առաջնորդում էր նույն տեսիլքը: Անկախ այն բանից, թե աշխարհի քարտեզի վրա մենք որքան տարածք ենք զբաղեցրել, կամ թե ընդհանրապես ջնջված ենք եղել այդ քարտեզից, միևնույն է, մեզ առաջնորդել է նույն տեսիլքը` Անկախ Հայաստանի տեսիլքը, որ մարմնավորում է ազատությունը, մարդկային ու ազգային արժանապատվությունը և վերջապես` բարին ու գեղեցիկը արարելու իրավունքն ու պատմական հնարավորությունը: Սրանով է մեզ համար այս տոնը մեծ, թանկ ու նվիրական: Սիրելի՛ հայրենակիցներ, 18 տարի առաջ այս օրը համաժողովրդական հանրաքվեի ժամանակ միլիոնավոր ձեռքեր ուղղվեցին դեպի քվեատուփերը`»Այո" ասելու համար: Հետո այդ նույն ձեռքերը բռնեցին միմյանց, և ձեռք ձեռքի տված մենք անցանք մեծ ու փոքր փորձությունների միջով, դիմագրավեցինք և շարունակում ենք դիմագրավել մեծ ու փոքր մարտահրավերների: Բայց ամենակարևոր ընտրությունն արդեն արված է: Անկախությունն այլևս մեր բախտն է ու ճակատագիրը, մեր բեռն է ու պատասխանատվությունը, մեր զենքն է ու գործիքը, մեր ուժն է և իրավունքը` այսուհետ անշրջելի և հավերժական: Ի՞նչ է ասում միջազգային քաղաքական ասպարեզ վերադարձած Հայաստանը աշխարհին: Պարզ ու հասկանալի բաներ. խաղաղություն, կայունություն, բարիդրացիական հարաբերություններ, տնտեսական և այլ կարգի բազմակողմանի համագործակցություն բոլոր ուղղություններով: Մենք բավարար համբերություն և իմաստնություն ենք ունեցել դա ասելու նույնիսկ նրանց, ովքեր տարիներ շարունակ փորձում էին և հիմա էլ փորձում են մեր առաջընթացը կասեցնել ամեն տեսակ շրջափակումներով և հայատյաց քարոզչությամբ: Ի՞նչ է ասում ցեղասպանության դժոխքից հարություն առած Հայաստանն իր աշխարհասփյուռ զավակներին: Պարզ ու հասկանալի բաներ. միասնություն, հավաքական կամք ու ջանք, հայության շահերն ու նպատակները պետականորեն հետապնդելու և պաշտպանելու վճռականություն, համայն հայության հայրենիքի նկատմամբ որդիական սեր ու նվիրում, մեր երազած Հայաստանը համատեղ ճիգերով բարձրացնելու երջանիկ հնարավորություն: Եվ ասում է. «Բարի վերադարձ հայրենի տուն»: Ի՞նչ է ասում ամենատարբեր բռնապետությունների, խալիֆայությունների ու կայսրությունների ճիրաններից փրկված Հայաստանն իր բազմազգ քաղաքացիներին: Պարզ ու հասկանալի բաներ. ազատություն, ժողովրդավարություն, իրավական պետություն, քաղաքացիական հասարակություն, եվրոպական արժեքային համակարգ: Նաև ասում է, որ տնտեսական և այլ կարգի ճգնաժամերը ժամանակավոր են, իսկ հայրենիքը` հարատև: Հայաստանի աշխատունակ և աշխատասեր քաղաքացիները կարող են և հաղթահարելու են մեր ճանապարհին հայտնված նաև այս խոչընդոտները: Երախտագիտությամբ ընդունելով հանդերձ այն աջակցությունը, որ այսօր ցուցաբերվում է Հայաստանին, մեր դարավոր փորձը հուշում է, որ սեփական աշխատանքն է ամենայն բարիքի հիմքը: Ի՞նչ է ասում Հայաստանն իրեն պատերազմով սպառնացողներին: Պարզ ու հասկանալի բաներ. մենք սրեր ենք խաչել այնպիսի մեծ ու հզոր ազգերի հետ, որոնք ժամանակին աշխարհի բախտն են որոշել, բայց այսօր հիշատակվում են միայն պատմության դասագրքերում: Եվ ասում է. «Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստ ենք հաղթելու»` միաժամանակ մատնացույց անելով Արցախի խնդրի խաղաղ, քաղաքական կարգավորման հնարավորությունը: Սիրելի՛ հայրենակիցներ, Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Այլևս կայացած, ամրացած ու առնականացած հայոց պետությունը իրողություն է: Նա հավատարիմ և խոսքի տեր դաշնակից է իր դաշնակիցների համար, նա հուսալի և խոսքի տեր գործընկեր է գործընկերների համար, նա հիմնավոր փաստարկներով բանավիճող ընդդիմախոս է ընդդիմախոսների համար: Բայց ամենից առաջ նա պայծառ արևով ողողված ու վառ մարդկանցով լի երկիր է իր բարեկամների և հյուրերի համար: Նա կա, լինելու է հավերժ և հզորանալու է այնքան, որ դառնա մարմնացումը տեսիլքի. այն տեսիլքի, որ ունեցել են մեր բոլոր մեծերը` Խորենացուց մինչև Թումանյան, Կոմիտասից մինչև Արամ Խաչատրյան: Կեցցե՛ համազգային կամքով արտահայտված ու նվաճված անկախությունը: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Փա՛ռք հայ ժողովրդին":

No comments: