Wednesday, October 24, 2012

Քոչարյանի հերթական հաղթանակը

«Լրագիր» 24-10-2012- Հայ ազգային կոնգրեսը մեկուկես-երկու տարի առաջ հայտարարում էր, թե Ռոբերտ Քոչարյանը «մարած քարտ» է: Հիմա պարզվում է, ըստ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հայտարարության, որ այդ քարտը այդքան էլ «մարած» չէ` դեռ նոր պետք է մարվի, եթե Սերժ Սարգսյանը 2013 թվականին վերընտրվի նախագահի պաշտոնում: Այսինքն, Կոնգրեսի առաջնորդները, որ երկար ժամանակ հանրությանը համոզում էին լուրջ չընդունել Քոչարյանին, հիմա իրենք են նրան լուրջ ընդունում եւ համարում ներիշխանական «կենաց-մահու» պայքարի մի կողմ: Ընդ որում, Կոնգրեսը նաեւ որոշակի լոյալության միտումներ է ցուցաբերում այդ կողմում: Խոսքը միայն «քաղաքագիտական վերլուծության» մասին չէ: Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն ուզում է խլել Քոչարյանի ու Ծառուկյանի ունեցվածքը, իսկ իրենք էլ այդպիսի երեւույթներ թույլ չտալու համար ԲՀԿ-ին առաջարկում են պայմանավորվել խաղի այլ կանոններ հաստատելու եւ այդ պայմանավորվածության հիման վրա Սերժ Սարգսյանին հեռացնելու հարցում: Այսինքն, փաստացի Հայ ազգային կոնգրեսը Ռոբերտ Քոչարյանին առաջարկում է ունեցվածքի պահպանության մեխանիզմ: Կընդունի՞ արդյոք Քոչարյանն այդ առաջարկը: Փաստացի, նրա համար դա հաղթանակ է, որովհետեւ Կոնգրեսը հրապարակավ ընդունում է այն, ինչը վիճարկում էր մինչ այդ: Բայց, այդ հաղթանակի հանգամանքը հիմք է տալիս կարծելու, որ Քոչարյանը չի ընդունի Կոնգրեսի առաջարկը: Հավանաբար չի էլ մերժի, այլ կփորձի այդ հողի վրա Կոնգրեսին նորանոր զիջումների մղել, օգտագործելով այդ քաղաքական ուժը սեփական հանրային լեգիտիմության հարցում հնարավորինս շատ միավոր քամելու համար: Ընդ որում, կարծես թե նույն կերպ է պատրաստվում վարվել նաեւ Բարգավաճ Հայաստանը, եթե իհարկե մի պահ համարենք, որ այդ կուսակցությունն ու Քոչարյանը նույնը չեն: Այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ չի մեկնաբանի Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը, քանի որ իրենք անձնական տեսակետներ չեն մեկնաբանում եւ ինչպես փորձն է ցույց տալիս` «չորս հոգանոց խմբակցությունում լինում է 5 տեսակետ»: Այստեղ կա մի քանի ուշագրավ դրվագ: Նախ, ինչպես նկատելի է, ԲՀԿ-ն Կոնգրեսից պահանջում է պաշտոնապես հայտարարել ԲՀԿ-ի հետ գործակցության պատրաստակամության մասին, այսինքն դուրս գալ «քաղաքագիտության» շղարշի տակից: ԲՀԿ-ի այդ անուղղակի պահանջը վկայում է, որ կուսակցությունը ներկայում իրեն Կոնգրեսից առնվազն մի քանի անգամ ուժեղ է համարում եւ փորձում է պայման թելադրել այդ կառույցին, նաեւ չմտահոգվելով, որ Կոնգրեսը կարող է այդ պայմանին չգնալ, եւ գործակցությունը կարող է տապալվել: ԲՀԿ-ն ներկայում այլեւս չունի այդ գործակցության, այլ կերպ ասած Կոնգրեսի անհրաժեշտությունը: Միգուցե հենց դրանով է նաեւ պայմանավորված, որ Հայ ազգային կոնգրեսը համաձայնում է ճանաչել Ռոբերտ Քոչարյանի գործոնն ու սեփականությունը: Նաիրա Զոհրաբյանի պատասխանի մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ ԲՀԿ-ն փաստորեն Կոնգրեսի ներկայիս առաջնորդության առաջ բարձրացնում է Նիկոլ Փաշինյանի հարցը: Ինչպես հայտնի է, այդ կառույցում միայն Փաշինյանն է, որ հստակ եւ առարկայորեն դեմ է արտահայտվում ԲՀԿ-ի հանդեպ մշակված «քաղաքագիտական» «թեզիսներին»: Նա մերժում է այդ գործակցության հեռանկարը եւ Հայաստանի ներկայիս վիճակի, իշխանության հանցանքների եւ բացթողումների, Մարտի 1-ի համար հստակ դնում Քոչարյանի եւ ԲՀԿ-ի պատասխանատվության հարցը: ԲՀԿ-ն Կոնգրեսի առաջ փաստորեն դնում է Նիկոլի բերանը փակելու պայման, որի դեպքում միայն կընդունեն այն առաջարկները, որ հնչում են Լեւոն Զուրաբյանի շուրթերով: Կգնա՞ արդյոք Կոնգրեսը այդ պահանջի կատարմանը: Դա իհարկե կլինի շատ բարդ խնդիր: Կոնգրեսի առաջնորդի եւ նրա հետեւորդների համար այդ խնդիրը կար իհարկե մինչեւ ԲՀԿ-ի պայման-ակնարկը: Բայց, երբ ԲՀԿ-ն դա արդեն դարձնում է նաեւ պայման` խնդիրը Կոնգրեսի համար ավելի է բարդանում: Բարգավաճ Հայաստանը Հայ ազգային կոնգրեսին կամաց-կամաց քշում է անկյուն: Ռոբերտ Քոչարյանը կարծես թե հերթական անգամ է հաղթանակ տանում Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, ինչպես մի անգամ ակնարկել էր արջի մասին որսորդական պատմությամբ: Այս անգամ սակայն Քոչարյանը կարծես թե հաղթում է այլ կերպ` առանց ֆիզիկական բռնության ու սպառնալիքների, ինչպես սովորաբար եղել է նրա հաղթանակների դեպքում: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: