Tuesday, September 15, 2009

«Հայոց աշխարհ». Ալվարդ Պետրոսյան. «Չեմ կարող ինձ թույլ տալ ասելու, թե չպիտի բացվի սահմանը»

15.09.09- Օրաթերթի թղթակիցը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին նախաստորագրված արձանագրությունների շուրջ զրուցել է ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի հետ։ Ներկայացնենք հատվածներ պատասխաններից։ Սա մեր բոլորի անձնական հարցը պիտի համարվի ... Շուրջ մեկ ամիս կլինի խուսափում եմ հանրային մակարդակով որևէ կարծիք հայտնել այս մասին։ Ինքս իմ մեջ, ինձ համար դեռ հարցեր ունեի ճշտելու, պարզելու։ Իհարկե, կարող էի որպես Դաշնակցության անդամ վկայակոչել ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը, ասելով, թե այս համատեքստում է իմ կարծիքը, բայց դա, թերևս, անկեղծ չէր լինի իմ կողմից։ Իսկ ես միշտ ձգտում եմ պաշտպանվել անկեղծությամբ, քանի որ միշտ չէ, որ կարող եմ հարցերին ճշգրիտ պատասխաններ տալ, ինչը գոնե ուզում եմ փոխհատուցել անկեղծությամբ։ ... կբացվի, թե չի բացվի սահմանը, դիվանագիտական հարաբերությունները կկարգավորեն, թե ոչ, դա երկրորդական խնդիր է, առաջնայինն այն է, որ գործընթաց է սկսվել, որտեղ շատ հարցեր ունենք տալու և դրանց բազում պատասխաններ ենք ակնկալում աշխարհից։ Սա արդեն լավ է։ Ինքս արդեն զգաստ ու սահմռկած եմ պատասխանատվությունից։ Քանզի հասկանում եմ՝ որպես անձ մասնակցում եմ շատ խոշոր մի գործընթացի, որն իմ երկրի ճակատագրի հետ է առնչվում։ ... Մենք պատրա՞ստ ենք թուրքական բազմաքանակ, պնդաճակատ, լրջագույն ծրագրերի ներգործությանը դիմակայելուն։ Պատրաստ չենք։ Բայցև նույնքան անկեղծորեն, չեմ կարող ինձ թույլ տալ ասելու, թե չպիտի բացվի սահմանը։ Միայն ինձ վերաբերող հարցերում կարող եմ կատեգորիկ լինել...

No comments: