Monday, September 28, 2009

Սփյուռքը չի հրաժարվելու Հայոց ցեղասպանության հետապնդումից. ՍԴՀԿ

«ԹԵՐԹ» 28-9-2009- «Միևնույնն է, Սփյուռքը չի հրաժարվելու Հայոց ցեղասպանության հետապնդումից»,– այսօր «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՍԴՀԿ Ամերիկայի շրջանի վարիչ մարմնի ատենապետ Համբիկ Սարաֆյանն ու, անդրադառնալով երեկ Լոս Անջելեսում կայացած երեք ավանդական կուսակցությունների բողոքի այցիային, հայտարարել, թե Սփյուռքի կուսակցությունների կարծիքը միասնական է հայ–թուրքական Արձանագրությունների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ հայկական ավանդական կուսակցությունները Հայոց ցեղասպանության հետապնդման հարցը քաղաքական տեսանկյունից չեն դիտարկում ու այդ հարցի հետապնդման հարցում միակարծիք են։ Ըստ Սարաֆյանի՝ հայ–թուրքական Արձանագրությունները ոչ մի դրական բան չեն խոստանում ու դեռ ավելին՝ վտանգներ են պարունակում՝ կապված Հայոց ցեղասպանության ճանաչման և հետապնդման հետ։ ՍԴՀԿ ամերիկյան շրջանի ղեկավարը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության ճանապման հարցում Հայաստանը պետք է հստակ մոտեցում ունենար և այն տարանջատեր պետական քաղաքականությունից։ Այսինքն, ըստ նրա, պետք է լինեին Սփյուռք–Հայրենիք հասկացություններ ու հստակ ցույց տրվեր, թե նրանցից որն ինչ առաջնահերթություններ ունի։ Շարունակելով՝ Համբիկ Սարաֆյանը նկատել է, թե Հայաստանը իրավունք չունի Հայոց ցեղասպանության հարցն արծարծելու, իսկ Սփյուռքն էլ բարոյական իրավունք չունի խառնվելու Հայաստանի պետության գործերին։ «Հայաստանը Սփյուռքից տարանջատելու Թուրքիայի իրականացրած վաղեմի քաղաքականությունն անուղղակի իրականություն է դառնում»,– հայտարարել է նա։ Սարաֆյանը նաև կարծիք է հայտնել, որ հայ–թուրքական ներկա կարգավորման գործընթացի մեջ մտնելով՝ Հայաստանն անհարամար վիճակի մեջ է դնում նաև այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

No comments: