Wednesday, September 30, 2009

Հովիկ Աբրահամյանը Իրանում խոսել է հայ–թուրքական զարգացումներից

Tert.am. 30-9-2009- Սեպտեմբերի 29-ին Իրանի Իսլամական Հանրապետություն պշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ։ Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Ալի Լարիջանին քննարկեցին վերջերս Սերժ Սարգսյանի ԻԻՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և նրանց նախանշած ծրագրերի իրականացման հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանն ու Իրանը միմյանց կապող նոր երկաթուղու նախագծին։ Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները բխում են երկու երկրների երկարաժամկետ ռազմավարական շահերից։ Այդ համատեքստում նրանք քննարկեցին տարածաշրջանի ռազմավարական իրավիճակը։ Իր գործընկերոջ խնդրանքով՝ Հովիկ Աբրահամյանը Ալի Լարիջանիին ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը Արցախի հիմնահարցի կարգավորման բանակցություններում, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացում վերջին զարգացումները։ Նույն օրը Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհուրդ, որտեղ հանդիպում ունեցավ ԻԻՀ ԱԱԳԽ քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ, ինչպես նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն, ուր հանդիպում ունեցավ Թեհրանում աշխատող հայ դիվանագետների հետ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այսօր տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումը ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ։

No comments: