Wednesday, September 30, 2009

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԾԻԾԱՂՈՒՄ Է

«Լրագիր» 30-9-2009- «Երբ ես մենակ եմ մնում, մեկ մեկ քահ-քահ ծիծաղում եմ, որովհետեւ շատ պարագաներում գործը աբսուրդի է հասնում», հայտարարել է Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում, երբ քննարկվել է հայ-թուրքական հարաբերության թեման: Սերժ Սարգսյանն իր ծիծաղի մասին խոսել է Ղարաբաղի խնդրի համատեքստում, անդրադառնալով հարցին, թե հայ-թուրքական հարաբերության նախապայման է Ղարաբաղի խնդիրը: «Երբ ես մենակ եմ մնում, մեկ մեկ քահ-քահ ծիծաղում եմ, որովհետեւ շատ պարագաներում գործը աբսուրդի է հասնում: Ինձ փորձում են Ղարաբաղի խնդրում զիջող լինելու մեջ մեղադրել մարդիկ, ովքեր ընդհանրապես որեւէ անգամ Ղարաբաղում չեն եղել, եւ երբ որ պետք էր այնտեղ լինեին, իրենք ուրիշ տեղ էին, նույնիսկ Հայաստանում չէին, նույնիսկ փողոց դուրս չէին գալիս, որովհետեւ հանկարծ կարող է զինկոմիսարիատից հային ասեին՝ արա, էս փողոցում դու ինչ ես անում: Բա սա աբսուրդ չի՞: Ինձնից են ուզում Ղարաբաղը պաշտպանել», հարցնում է Սերժ Սարգսյանը եւ շարունակում. «Որ ինչ: Արդյոք ես ինչու պետք է զիջումների գնամ այդ հարցում: Որ ինչ ստանամ: Որ Հայաստանի թագավոր դառնամ: Էլ ինչ պիտի լինի էլի, ինչը պիտի ինձ շահագրգռի», հռետորաբար հարցնում է Սերժ Սարգսյանը: Նա նշում է, թե եթե ենթադրենք, թե հայ-թուրքական արձանագրություններում որեւէ ակնարկ կա Կարսի պայմանագրի, կամ պատմական հարցերի մասին, ապա Ղարաբաղի մասով որեւէ ակնարկ չկա: «Եվ մարդկանց այդպես մտածելու հիմնական նյութը թուրքական կամ ադրբեջանական հայտարարություններն են», ասում է Սերժ Սարգսյանը: Նա նշում է, թե հայ հասարակությունն ընդհանրապես հակված է ավելի շատ օտարին հավատալ, եւ եթե Էրդողանը ասում է, որ Ղարաբաղի նախապայման կա, իսկ իրենք ասում են, որ չկա, ապա հասարակությունը չգիտես ինչու հավատում է թուրքերին, ոչ թե իրենց: Սերժ Սարգսյանը նշում է, թե միջազգային հանրությունն էլ անգամ հայտարարում է նախապայմանների բացակայության եւ Ղարաբաղի խնդրի կապ չունենալու մասին: Սերժ Սարգսյանի խոսքով, ակնկալում են, որ Մինսկի խմբի համանախագահներն էլ ընդգծեն այդ հանգամանքը առաջիկայում: Նրա խոսքով, Ղարաբաղի հարցն էլ իհարկե պետք է կարգավորվի, սակայն եթե մոտ լինի կարգավորումը, եթե հասնեն հայ ժողովրդի համար ընդունելի կարգավորման տարբերակի, որն արտահայտի այն նպատակներն ու մոտեցումները, որ հայերը Ղարաբաղի հարցում դավանում են սկսած ղարաբաղյան շարժումից, ապա այն ժամանակ էլ առանձին քննարկումներ կծավալվեն այդ խնդրի կապակցությամբ:

No comments: