Tuesday, September 22, 2009

ԻՆՉՈՒ ԵՆ ԼՌՈՒՄ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԸ

Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին հույժ կարևոր դեր է ունեցել և ունի հայ ժողովրդի կյանքում: Մեր եկեղեցին մեզ համար ոչ միայն Աստծո տունն է, այլև մեր ազգային կազմակերպման հիմնական ձևերից մեկը: Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու “բացառիկ առաքելությունը” մինչևիսկ ամրագրված է Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ (հոդված 8.1.) Անկախության այս խռովահույզ տարիներին Հայաստանյաց եկեղեցին երբեք չի եղել կողքից նայողի դերում: Հատկապես վերջին տարիներին Հայաստանյաց եկեղեցու բարձրաստիճան սպասավորներից շատերը գործուն մասնակցություն և դերակատարություն են ունեցել հայ ժողովրդի հասարակական, մինչևիսկ, քաղաքական կյանքում: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, նրանցից շատերը անվարան մասնակցությունն են ունեցել զանազան ընտրապայքարների մեջ, ուղղորդել են հանրային կարծիքն ու քվեն: Այսօր սեղանին է դրված երկու հույժ կարևոր փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը: Դրանց հետ միասին սեղանին են դրված հայ ժողովրդի անցյալը, ներկան ու ապագան: Կարելի է տարբեր կարծիքներ ունենալ նշյալ արձանագրությունների մասին, սակայն անհնար է չտեսնել դրանց բախտորոշ նշանակությունը: Չտեսնելն անհնար է, չխոսելն անընդունելի: Մենք` Հայաստանյաց առաքելական եկեղեցու զավակներս, որ ենք ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի, այս ճակատագրական պահին մեր զույգ Վեհափառ հայրապետներից նշյալ արձանագրությունների վերաբերյալ հստակ ու բարձրահունչ տեսակետներ լսելու կարիքն ու իրավունքն ունենք: Հնարավոր չէ անտեսել պահի կարևորությունը: Չտեսնելն անհնար է, չխոսելն անընդունելի: Որդիական սիրով՝ Արա Պապյան Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար 21 սեպտեմբերի 2009թ.

No comments: