Tuesday, September 22, 2009

2007-ԻՑ ՈՐԱԿԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Հարցազրույց արվեստի քննադատ, անկախ համադրող, Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի (ԱԻԿԱ Հայաստան) նախագահ Նազարեթ Կարոյանի հետ -Ձեր կարծիքով, ի՞նչ է իշխանությունը, և որոնք են նրա ձևավորման մեխանիզմները և գործառույթները: -Իշխանությունն ուժ է, որը կարգավորում է միջանձնային և միջխմբային տարակերպ սոցիալական, քաղաքական հարաբերությունները: Սա վերաբերում է նաև պետական իշխանությանը։ Կապված այդ ուժի ակունքից՝ այն բանից, թե որտեղից է այն առաջանում՝ պատմականորեն ձևավորվել են պետական իշխանության տարբեր տիպեր. միապետության՝ հավատքի վրա հիմնված սիմվոլիկ իշխանությունից մինչև սահմանադրության վրա հիմնված ժամանակակից հանրապետական կարգերը: Իշխանության բևեռայնորեն հակադիր այդ տիպերի մեջ բնականը և սիմվոլիկը բովանդակային առումով համատեղվում են։ Եթե խորհրդանշական իշխանությունը հիմնվում է բնական ուժի վրա, ապա Լուսավորության դարաշրջանում կազմավորված ազգային պետության բնական իշխանությունն իր հիմքում ունի խորհրդանշական ուժ։ Միշել Ֆուկոն, ով բիոիշխանություն եզրն է առաջարկել այդ իշխանության համար, կարծում է, որ դրա հիմքում ընկած է եկեղեցական այրերի նույն այն խորհրդանշական իշխանությունը, որոնք հավատացյալների հետ իրենց հարաբերությունը նկարագրում էին իբրև հովվի և հոտի բնական փոխհարաբերություն։ Մինչև կտարածվեր հասարակական քաղաքական կյանքի, մարդկանց բնակեցրած կենսական ողջ միջավայրի վրա, բիոիշխանությունը նախևառաջ գործադրվեց իր իսկ կառուցվածքի վրա՝ իբրև տեխնոլոգիա, կիսելով ու մասնատելով իր ուժը և դրանց վերապահելով տարբեր գործառույթներ և միաժամանակ՝ փոխադարձ վերահսկողություն դրանց միջև։ Սահմանադրության համաձայն` մեր պետական իշխանությունը իբրև թե նույնպես կիսված է: Գոյություն ունեն գործադիր, օրենսդիր և դատական մարմիններ: Իրականում իշխանությունը կենտրոնացած է մեկ մարդու` նախագահի ձեռքերում, և իշխանության մնացած մարմինները, նրանց լիազորված գործառույթները և ծավալվող գործընթացները ձևի համար են։ -Այսինքն` այսօր ինչ որ առումով ձևակա՞ն իշխանություն է մեզանում: -Միանշանակ: Թեև հասցրեցինք երկրորդ Սահմանադրությունն ընդունել, որի համաձայն պետական կարգը դարձրինք կիսանախագահական` վերականգնելու համար իշխանության տարբեր թևերի միջև հավասարակշռությունը, ամբողջ իշխանությունը պրակտիկորեն գտնվում է մեկ մարդու՝ նախագահի ձեռքում: Եթե ձևեր թափել չէ, ապա ինչպես անվանել նախագահի համար նախօրոք խորհրդարանական այնպիսի մեծամասնություն արտադրելը, որը որևէ կերպ չի կարող ապահովել օրենսդիրի հակակշռումը գործադիրին՝ դառնալով վերջինիս սոսկ դակիչը։ -Ձեր կարծիքով, ի՞նչ ճանապարհով կարող է հասարակությունը վերադարձնել իշխանություն ձևավորելու իր իրավունքը: -Կարծում եմ` իշխանության բարեփոխման հետ կապված խնդիրները շատ դժվար կլինի իրականացնել և վստահ չեմ նույնիսկ, որ հնարավոր է դրանք քաղաքական հարթության վրա լուծել: Ավելի հիմնարար փոփոխությունների կարիք կա ոչ թե քաղաքական դաշտում, այլ մշակութային, արժեքային։ Դրանք միգուցե կարող են խարխլել մշակույթի այն նկարագիրը, որն ավանդական պատկերացումների մեջ մերն է համարվում: Սակայն առանց այդպիսի փոփոխությունների, չեմ հավատում, թե կարողանանք ձերբազատվել պատմաքաղաքական այն իներցիաներից, որոնք ձևավորվել են վերջին հարյուրամյակի ընթացքում: Իսկ այդ փոփոխությունների խնդիրը հասարակության գործն է, հասարակությունն ինքը պետք է գտնի իր մեջ ուժեր, գաղափարներ՝ դրանք առաջ մղելու: Եվ կարծում եմ` այստեղ պետք է ապավինենք մեր կոլեկտիվ երևակայությանը, ստեղծարար ոգուն` գտնելու համար հասարակական քաղաքական հարաբերությունների նոր ձևեր: -Այսինքն` իշխանափոխությամբ ամեն հարց չէ՞, որ լուծվում է: Եվ փոխարենն ի՞նչ հարցեր են լուծվելու, եթե իշխանության գա ընդդիմությունը: -Խնդիրը իշխանափոխությունը չէ, և ոչ էլ ՀԱԿ-ի իշխանության գալը: Խնդիրն այն է` ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով է իշխանափոխություն տեղի ունենում: Իշխանության եկող քաղաքական ուժը կամ ֆիգուրը՝ Կոնգրեսը կլինի, Տեր-Պետրոսյանը, թե ուրիշ որևէ մեկը, որքանով է լեգիտիմ։ Մաքս Վեբերը իշխանության լեգիտիմության երեք տիպ է առաջ քաշում. առաջինն ավանդույթի նկատմամբ հավատից գոյացող լեգիտիմությունը, երկրորդը՝ սուբստանցիոնալ, որտեղ իշխանության լեգիտիմության հիմքում անձնական հատկանիշներն են, երրորդը` սահմանադրական, որտեղ իշխանության ուժը և իրավունքները, պարտականություններն ամրագրված են սահմանադրորեն։ Կարծում եմ` մեր երկրում իշխանափոխության, նոր իրավիճակի ձևավորման համար լեգիտիմության վերջին երկու տիպերն էլ անհրաժեշտ են: Այսինքն` անձի հմայքի և քաղաքական կազմակերպության հանդեպ համակրանքի ուժը, որոնք կարող է իշխանություն ծնող ակունք լինել, Սահմանադրությունը և օրենքները, որոնք հատկապես ընտրությունների ժամանակ երբեք չեն գործել… -Դուք ի նկատի ունեք, որ վերջին քսան տարիների ընթացքում չի՞ գործել Սահմանադրությունը: -Ղարաբաղյան շարժման տարիներին հայ հասարակությունը պայքարի գնով կարողացավ նվաճել ընտրելու իրավունքը։ Սակայն, սկսած 90-ականների կեսերից տեղի ունեցած ընտրությունները երբևիցե չեն բերել իշխանափոխություն։ Եթե ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական ու հետընտրական պայքարը, քաղաքացիական ըմբոստացումները, Սահմանադրական դատարանին ուղղված բոլոր բողոքները և դիմումները եկել են պարզապես հաստատելու իշխող քաղաքական ուժի ինքնավերարտադրումը, ապա ինչպե՞ս կարելի է խոսել Սահմանադրության գործելու մասին: Ինչպե՞ս կարելի է խոսել իշխանության լեգիտիմության մասին, երբ գործնականում բոլոր ընտրությունների ժամանակ հասարակության ակտիվ մասը, դեմ լինելով իշխող ուժին, երբևիցե չի հասել ցանկալի իշխանափոխությանը, և իշխող ուժը չի հեռացել: Սա պարզ նշան է, որ Սահմանադրությունը չի գործում, և կարծում եմ` այդպիսի Սահմանադրության անգործունակության ըմբռնումը քաղաքական ուժերն իրենք էլ ունեն, անգամ նրանք, ում ձեռքին է գտնվում իշխանությունը: Ենթադրում եմ` նույն ըմբռնումից առաջ եկած զգացողությունն էր, որ 98 թվականին Տեր-Պետրոսյանին մղեց հրաժարականի... -Հասարակությունը որքանո՞վ է տեղյակ ու մասնակից պետական կառավարման, որոշումների ընդունման գործին: Եվ եթե հասարակությունը մեկուսացված է այդ գործերից, ո՞րն է նրան մեկուսացնելու մեխանիզմը: -Հասարակությունը պետական կառավարմանը և որոշումների ընդունմանը մասնակցում է ընտրությունների միջոցով։ Ինչպե՞ս կարող է նա իշխանությունից պահանջել թափանցիկություն իր որոշումների կայացման մեջ, եթե նրա մասնակցությունն ընտրություններին ձևական բնույթ է կրում։ Պետական իշխանությունից և կառավարումից հասարակության մեկուսացման մեխանիզմը ընտրության մեխանիզմը ջարդելն է։ -Ձեր կարծիքով, Հայաստանի իշխանությունն այսօր որքանո՞վ է պատրաստ դիմակայելու ներքին ու արտաքին մարտահրավերներին: -Ոչ մի ձևով: Ոչ թե աշխարհում, այլև երկրի ներսում հառնող մարտահրավերներին անգամ պատրաստ չէ դիմակայել: Հետարդյունաբերական աշխարհում կապիտալը ներկայանում է ոչ այնքան նյութական բարիքներին տիրապետելու տեսքով, ոչ այնքան աշխատանքային գործիքներ ունենալու տեսքով, որքան գիտելիքի: Մեր վերջին կառավարություններից յուրաքանչյուրը թութակի պես շարունակ կրկնում է գիտելիքահենք տնտեսության, արտադրություններ ստեղծելու մասին, բայց քիչ թե շատ ադեկվատ կրթական համակարգ ստեղծել ի վիճակի չէ։ Խոսում է բարձր տեխնոլոգիաներին գերապատվություն տալու մասին, բայց ինտերնետի մուտք ունեցողների քանակով մենք մրցակցությունից դուրս ենք անգամ մեր ոխերիմ հարևանների համեմատ։ Մենք տեսնում ենք, թե ովքեր են մոնոպոլացրել տնտեսության առանձին ոլորտներ՝ մարդիկ, ովքեր բացարձակապես կապ չունեն գիտելիքի հետ։ Հանգամանքի բերումով հայտնվելով մի վայրում, որտեղ քաղաքական ուժ է կուտակվել, և սողոսկելու իրենց ունակությունները գործադրելու միջոցով նրանք պարզապես կարողացել են տիրանալ միջոցների, և փորձում են ամեն գնով, խտրություն չդնելով միջոցների մեջ՝ պահպանել սոցիալական, տնտեսական ու քաղաքական այդ ստատուս քվոն: Իշխանությունը այս մարտահրավերներն իսկ ի վիճակի չէ դիմագրավել, ուր մնաց թե հասկանա կամ պատրաստ լինի դիմակայելու այն խնդիրները, որոնք եվրոպական ձախ փիլիսոփաները՝ Անդրե Գորձը, Լաձձարատոն կամ մյուսներն են մատնանշում կոգնիտիվ կապիտալիզմի իրենց քննադատությամբ՝ այն համարելով մարդուն ոչ թե մասնակիորեն՝ ֆիզիկապես, այլ ամբողջովին՝ նրա ողջ անհատական էությունը և անձնական գոյությունը շահագործող մի ռեժիմ։ -Արդյո՞ք հավատում եք 2012-ին ազատ, թափանցիկ ընտրությունների: -Որպեսզի չորս տարին մեկ անգամ տեղի ունենա պետության համաժողովրդական մասնակցություն, հասարակական ակտիվությունը պետք է ամեն պահ լինի, հենց այս պահին լինի, վաղը լինի… Հասարակությանը կարող են համախմբել հասարակական գործիչները, հասարակական կազմակերպություններն իրենց ծրագրերով, իրենց առաջարկություններով: Հասարակական ակտիվություն նշանակում է ամենօրյա ստեղծագործական աշխատանք, երևակայություն, եղած խնդիրների նկատմամբ ոչ անտարբեր վերաբերմունք` դրանք վեր բարձրացնելու և կարծիք հայտնելու, իր ուժերի սահմաններում այդ խնդիրները լուծելու հանձնառություն: Կարծում եմ` 2007 թվականից հետո որակական փոփոխություն է տեղի ունեցել հասարակական կյանքում: Մենք տեսնում ենք ոչ միայն հասարակական խմբերի, կազմակերպությունների առաջացում, այլև գործունեություն: Եվ այժմ գոնե երբեմն-երբեմն ֆորմալ առումով կառավարությունն իր տարբեր ծրագրերն առաջ քաշելիս կամ իրականացնելիս հրավիրում է նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, այսինքն` գոնե ֆորմալ ձևով իշխանությունը սկսում է հաշվի նստել հասարակական ակտիվության հետ: Սա, ինչ խոսք, որոշ հույսեր է արթնացնում... -Մինչ 96 թվականը Հայաստանը համարվել է ժողովրդավարության կղզի մեր տարածաշրջանում, արդյոք համամիտ եք, որ հենց այդ ժամանակ կորցրեցինք ժողովրդավարությունը: -Այո, կարծում եմ` պատերազմն ավարտվելուց հետո, 94-96թթ. ընթացքում մեր հասարակությունը չկարողացավ լուծել պատերազմից հաղթանակով վերադարձած դաշտային հրամանատարների խնդիրը: Եվ նրանք էլ իրենց ձեռքը վերցրեցին հասարակական քաղաքական կյանքի կազմակերպումը: 96 թիվը դրա արտահայտությունն էր: ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ «Լրագիր» 22-9-2009

No comments: