«Ազատություն» 27-10-2009- Այսօր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգության տասնամյա տարելիցն է: Ե'վ երկրի ղեկավարությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ե'ւ ընդդիմությունը Եռաբլուրում ու Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին ոճրագործության զոհերի հիշատակին:
Առավոտյան նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Եռաբլուր, ուր ծաղիկներ դրեց հոկտեմբերի 27-ին սպանված վարչապետ Վազգեն
Եռաբլուր պանթեոն, 27 հոկտեմբերի, 2009
Սարգսյանի շիրիմին: Նախագահին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ եւ այլ պաշտոնատար անձինք:
Նախագահը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` նշելով, որ չի կարծում, թե այսօր այն օրն է, որ պետք է հարցերի պատասխանի:
Եռաբլուրից Սերժ Սարգսյանը ուղեւորվեց Ազգային ժողով, որի այգում տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական գործիչներ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողությունը:
Խորհրդարանի բակում սպասում էին գլխավոր դատախազը, վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, ոստիկանապետը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատներից ներկա էին Վազգեն Սարգսյանի ծնողները, Կարեն Դեմիրճյանի որդին եւ այրին, Յուրի Բախշյանի եւ մյուս զոհերի կանայք։
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ ելույթով. - «Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին Ազգային ժողովի այգում կանգնեցված մեծանուն գեղանկարիչ ու քանդակագործ Երվանդ Քոչարի կերտած այս հրաշագեղ ստեղծագործությունը խորհրդանշում է բարու հաղթանակը չարի նկատմամբ»։
Խոսքով հանդես եկավ նաեւ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը։
«27-ի ոճրագործությունը աննախադեպ է իր դաժանությամբ։ Տատանեց մեր պետականության հիմքերը, շատ հարցեր մնացին չբացահայտված», - փաստեց նա։
Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տարակուսանք հայտնեց հուշակոթողը Ազգային ժողովի ճաղերի ներսում կանգնեցնելու կապակցությամբ։
«Լավ կլիներ, որ հասարակությանը հասու լիներ։ Բայց բերեցին այստեղ, որովհետեւ կա մեղքի զգացում, որը թույլ չի տալիս ամբողջ հասարակությանը հստակորեն ասել՝ ո'չ ահաբեկչությանը։ Ոչ մեկի խոսքում չի ասվում, որ սա պետական ահաբեկչություն էր», - հայտարարեց Անահիտ Բախշյանը։
Տարիլիցի կապակցությամբ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, ասված է. - «Հոկտեմբերի 27-ը պետական հեղաշրջմամբ իրականացված իշխանության բռնազավթում էր ահաբեկչության ճանապարհով։ Տաս տարի անց դեռ օդում կախված է փաստաբանների եւ զոհերի հարազատների միաբերան հայտարարությունը՝ «Հոկտեմբերի 27-ը չի բացահայտվի այս իշխանության պայմաններում»: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մնալու է որպես հայկական պետականության ճակատի ամոթալի խարանը, քանի դեռ չեն բացահայտվել հրեշավոր այդ մտահղացման հեղինակներն ու պատվիրատուները»:
Tuesday, October 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment