Tuesday, October 27, 2009

Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 27-ի մասին. Ամեն ինչ ասված է

News.am. 27-10-2009- «Ինձնից ավելի շատ այս օրվա մասին ոչ ոք չի ասել։ Այս 10 տարվա ընթացքում քանի՞ անգամ ենք խոսել, ամեն ինչ ասված է»,- հոկտեմբերի 27-ին Պանթեոնում հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության վերաբերյալ հարցերին: Նշենք, որ Տեր-Պետրոսյանն այսօր այցելեց Կոմիտասի անվան պանթեոն՝ ծաղկեպսակ դնելու Հայաստանի ԱԺ նախագահ, «Միասնություն» դաշինքի առաջնորդներից Կարեն Դեմիրճյանի շիրմաքարին։ Նշենք, որ միեւնույն ժամանակ պանթեոն էին այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավոր Վարդան Այվազյանը՝ ծաղկեպսակ դնելու նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին: Վերջիններս չմոտեցան ընդդիմության առաջնորդներին, այլ միայն Գագիկ Ջհանգիրյանին հեռվից բարեւեցին եւ հեռացան: Լեոն Տեր-Պետրոսյանն այնուհետեւ այցելեց Եռաբլուր։ Նրա հետ էին Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ընդդիմադիր գործիչներ Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Մյասնիկ Մալխասյանը, Արշակ Բանուչյանը, ազատամարտիկներ եւ այլք։ Հիշեցնենք, որ ուղիղ 10 տարի առաջ 5 ահաբեկիչներ՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, զինված մուտք գործեցին ԱԺ նիստերի դահլիճ եւ կրակ բացեցին ներկաների վրա: Նրանց նպատակային կրակոցների զոհ դարձան երկրի վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը ու եւս 6 հոգի:

No comments: