Tuesday, October 27, 2009

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը Հայոց պատմության ամենասև էջն է. ՀԱԿ

Tert.am. 26-10-2009- Հայ Ազգային Կոնգրեսը հոկտեմբերի 27-ի տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Տաս տարի առաջ, 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանում տեղի ունեցավ իր ցինիզմով աննախադեպ ու սահմռկեցուցիչ մի ոճիր, ինչի նույնարժեք զուգահեռները դժվար է գտնել ոչ միայն Հայոց, այլև համաշխարհային պատմության մեջ։ Խորհրդարանում նիստի ժամանակ գնդակահարվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Ռուբեն Միրոյանը և Յուրի Բախշյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, կառավարության անդամ Լեոնարդ Պետրոսյանը։ Հոկտեմբերի 27-ը սոսկ անհատների, նշանավոր քաղաքական-պետական գործիչների, երկրի բարձրագույն պաշտոնյաների նկատմամբ իրականացված ահաբեկչություն չէ։ Ոճիրն ինքնին, առավել ևս իր հետևանքներով դարձավ Հայոց պատմության ամենասև օրերից մեկը, անկախության շրջանի քաղաքական ընթացքի բախտորոշ ջրբաժանը. գնդակահարվեց ժողովրդավարությունը, վերացվեց Հայաստանում վերջին ժողովրդավարական ընտրության արդյունքը։ Մինչ այդ, «Միասնություն» քաղաքական հզոր դաշինքի առկայությամբ «դիտորդի» կարգավիճակում հայտնված Ռ. Քոչարյանը, աստիճանաբար տիրապետելով իշխանական լծակներին, ոչ միայն խոչընդոտեց արդար դատավարության իրականացմանը, այլև իր լիակատար ու բացահայտ պաշտպանության տակ վերցրեց մարդասպաններին, նրանց օժանդակողներին, այլ հանցակիցների՝ նախաքննությունն ու դատաքննությունը վերածելով կատարյալ մի խեղկատակության, թույլ չտվեց կազմակերպիչների մասով իրական որևէ քննություն, կարճել տվեց այդ գործը։ Ոճրագործության պարտակմանը նպաստեց պատեհապաշտների և ուրացողների այն երամը, որ գլխատված քաղաքական ուժից արագ կողմնորոշվեց դեպի քոչարյանական ճամբար։ Առաջին իսկ պահից շատերի մոտ ծնված կասկածը, թե հենց ինքը՝ Քոչարյանն է կանգնած ոճրագործության թիկունքում, աստիճանաբար վերածվեց հասարակության համընդհանուր վերջնական համոզումի։ Ընթացքում պարզվեց նաև, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած գերատեսչությունում՝ ԱԱԾ-ում, նախապես տեղյակ են եղել նախապատրաստվող ահաբեկչության մասին և ոչինչ չեն արել այն կանխելու համար։ Հոկտեմբերի 27-ը պետական հեղաշրջմամբ իրականցված իշխանության բռնազավթում էր ահաբեկչության ճանապարհով։ Դրանով ահաբեկչությունը, որպես այդպիսին, դարձավ վարչախմբի հիմնական գործիքը իշխանության հետագա պահպանման ու վերարտադրման համար՝ ուղղված ոչ միայն անհատների, այլև ողջ հասարակության դեմ։ Հոկտեմբերի 27-ը ոչ թե ավարտված ակտ՝ մահափորձ է անհատների, պետական գործիչների դեմ, այլև մի շարունակական ահաբեկչություն-գործընթաց, դավաճանություն է հայկական պետականության, Հայաստանի պետական անվտանգության նկատմամբ և առ այսօր շարունակում է բերել ազգակործան աղետներ։ Բացահայտված ու դատապարտված չլինելով՝ հոկտեմբերի 27-ի հետևանքները ոչ միայն չեն ամոքվում, այլև այդ ոճիրն այսօր էլ շարունանում է՝ ժամանակի հետ առարկայացող շատ ավելի աղետալի ու ազգակործան դրվագներով, դրանից են ծնվել՝ - 2004թ. ապրիլի 12-ի բարբարոսությունը, - խաղաղ ցուցարարների մարտիմեկյան ջարդը և հրեշավոր սպանդը, - Հայոց ցեղասպանության ցյուրիխյան ամոթալի ուրացումը, - Լեռնային Ղարաբաղի՝ կործանման եզրին հասցված խնդիրը։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մնալու է որպես Հայոց պատմության ամենասև էջը, եթե նույնիսկ ինչ-որ ժամանակ վերացվեն դրա հետևանքները։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մնալու է որպես հայկական պետականության ճակատի ամոթալի խարանը, քանի դեռ չեն բացահայտվել հրեշավոր այդ մտահղացման հեղինակներն ու պատվիրատուները։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մնալու է որպես հայկական պետության հիմքերը քայքայող հիմնական գործոնը, քանի դեռ բոլոր մեղավորները չեն կրել իրենց արժանի պատիժը։ Տաս տարի անց դեռ օդում կախված են փաստաբանների և զոհերի հարազատների միաբերան հայտարարությունը՝ «Հոկտեմբերի 27-ը չի բացահայտվի այս իշխանության պայմաններում»։ Ուստիև Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը Հայ Ազգային Կոնգրեսի համար այսօր հիշատակի ծես-արարողություն, իսկ ընդհանրապես ամենօրյա վճռական պայքար է՝ երկրի սահմանադրական կարգը վերականգնելու միջոցով դրա նորանոր չարիքները կանխելու, գործած ավերածությունների հետևանքները վերացնելու, ժողովրդավարական ու բարեկեցիկ հասարակարգ ձեւավորելու, յուրաքանչյուրի ազատության ու արժանապատիվ կյանքի համար»։

No comments: