News.am. 28-10-2009- Երեւանում կայացել է անգլիալեզու Armenian Reporter շաբաթաթերթի վաշինգտոնյան հրատարակության խմբագիր Էմիլ Սանամյանի մամուլի ասուլիսը։ Ներկա է եղել նաեւ թերթի գլխավոր խմբագիր Վինսենտ Լիման։ Ասուլիսի ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարբերությունների վերջին զարգացումների վերաբերյալ հարցեր։ Հարցերին հիմնականում պատասխանել է Սանամյանը, ով նշել է Վաշինգտոնի դերը տեղեկատվական շուկայում. «Վաշինգտոնը շատ կարեւոր է նաեւ հայկական հարցերի համար։ Այստեղ ընդունվում են Հայաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու, ղարաբաղյան հարցի, հայ-թուրքական հարբերությունների կարգավորման մասին որոշումները։ Այդ պատճառով էլ հայ մամուլի առկայությունը Վաշինգտոնում շատ կարեւոր է։ Այստեղ հետաքրքրվում են հայկական հարցով, առաջին հերթին կապված Ցեղասպանության եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի հայտարարության հետ։ Հայկական հարցերը Վաշինգտոնում ուսումնասիրվում են հիմնականում այս պրիզմայով»։
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե որքա՞ն կվատանան Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները, եւ ինչպե՞ս դա կանդրադառնա տարածաշրջանի վրա, եթե հոկտեմբերի 10-ին Ցյուիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն, ի վերջո, վավերացվեն եւ ուժի մեջ մտնեն, Սանամյանը պատասխանել է. «Դա կարող է տարօրինակ հնչել, բայց ես կարծում եմ, որ Ադրբեջանն իր գործողություններով կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Ես կարծում եմ, որ Բաքվի զգայական արձագանքը նյարդայնացնում է Անկարային։ Իլհամ Ալիեւը, որ կարող է „կրտսեր եղբայր“ համարվել, իրեն թույլ է տալիս գործել „մեծ եղբոր“ նման՝ սպառնալով բարձրացնել գազի գինը, հավաքելով թուրքական դրոշները եւ այլն, այսինքն մանկական քայլեր է անում։ Ադրբեջանը երկիր է, որի նախագահը եւ կառավարությունը չեն ընտրվել ժողովրդավարական սկզբունքներով, եւ որը միշտ գտնվել է Թուրքիայի հովանավորության տակ։ Իմ կարծիքով, Թուրքիան օգտագործում է Ադրբեջանին՝ գործընթացը կանգնեցնելու համար։ Ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ կառավարությունը, որն այս գործընթացից օգտվում է այն բանի համար, որ չկատարի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը։ Եթե ուշադրություն դարձնեք Էրդողանի կառավարությանը, ապա պարզ կդառնա, որ նրանք ոչնչից չեն վախենում։ Նրանք մերժել են ԱՄՆ-ին՝ իրաքյան հարցով, ույգուրների ցեղասպանության համար մեղադրել են Չինաստանի պես երկրին։ Այսօր Թուրքիան հավակնում է միջնորդի դեր ստանձնել Իրանի եւ Արեւմուտքի միջեւ։ Այնպես որ, Թուրքիայի հետ համեմատած՝ Ադրբեջանի հավակնությունները շատ փոքր են, դրանք չարժե լուրջ ընդունել, քանի որ Բաքուն չի կարող աշխարհին նավթ եւ գազ չվաճառել՝ նեղացած լինելու պատճառով»։
Նշենք, որ Armenian Reporter-ը հիմնադրվել է Էդվարդ Պողոսյանի կողմից՝ 1967թ.-ին, իսկ 2006թ.-ին այն վաճառել է CS Media-ին։ 2009թ. հոկտեմբերից թերթը վաճառվում է նաեւ Հայաստանում, նրա տպաքանակն այստեղ 500 օրինակ։
Thursday, October 29, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment