Thursday, October 29, 2009

Թուրքիայի ԱԳՆ. Մենք իսկապես ցանկանում ենք հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ

News.am. 28-10-2009- Թուրքիայի արտգործնախարարության մամլո քարտուղարը հայտնել է, որ Թուրքիան իսկապես ցանկանում է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Բուրաք Օզուգերգինը կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Թուրքիայի նպատակը ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, այլ նաեւ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման համար հող նախապատրաստել։ «Մենք իսկապես ցանկանում ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորել։ Խնդիրների կարգավորումը ամբողջ տարածաշրջանի օգտին կլինի»,-նշել է Բուրաք Օզուգերգինը ավելացնելով. «Մինսկի խմբի աշխատանքներին Վիեննայում մասնակցել է նաեւ Թուրքիայի փոխարտգործնախարար Ունալ Չեւիքոզը»։ Օզուգերգինը ասել է, որ Չեւիքոզին ոչ ոք չի առարկել, երբ նա խոսել է Մինսկի խմբի կազմում Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին։ Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով բարձրաստիճան եվրոպացի դիվանագետի, Վիեննայում երկու տարին մեկ տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի 11 անդամ-երկրների դեսպանների հանդիպումը: «Այս անգամ թուրքական կողմը դիմել է խնդրանքով, որ փոխարինի իր դեսպանին փոխարտգործնախարար Չեվիքյոզով, որն այդ օրը գտնվել է այդ քաղաքում»,- ասել է դիվանագետը եւ հավելել, որ դա որեւէ կերպ կապված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի կամ դիրքորոշման հետ: «Ընդհակառակը, միջնորդները բազմիցս հայտարարել են, որ Թուրքիան չի մասնակցել եւ չի մասնակցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, այսինքն՝ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը»,- ընդգծել էր գործակալության զրուցակիցը:

No comments: