
Որոշ կուսակցապետեր (Parteikanzlei գերմ.) փորձ են անում իրենց և ուրիշների խաբեպատիր վերլուծություններով հավասարության նշան դնել տխրահռչակ զույգ արձանագրությունների ստորա¬գրելուն ընդդիմանալու և հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն և, այսպես կոչված, սահմանը բացելուն ընդդիմանալու միջև: Անձամբ ես հարյուր տոկոսով կողմ եմ դիվանագիտական, ինչպես նաև հյուպատոսական, հարաբերություններ հաստատելուն և հիսուն տոկոսով կողմ, այսպես կոչված, սահմանի բացմանը:
Միաժամանակ, ես հարյուր տոկոսով դեմ եմ վերոհիշյալ արձանագրությունների ստորագրմանը, առավել ևս՝ վավերացմանը, քանի որ բացի հարաբերություններ հաստատելու և Հայաստանը ապաշրջափակելու դրույթներից, դրանք ունեն ավելի քան մեկ տասնյակ շատ լուրջ, անգամ ճակատագրական, պարտավորություններ, որոնք իրենց բնույթով միչևիսկ նախապայմաններ չեն, այլ արդեն հանձնառու պայմաններ:
Դիվագիտական հարաբերությունների հաստատումն ինքնանպատակ չէ: Այն երկրների միջև առկա և հնարավոր խնդիրների, վեճերի ու տարաձայնությունների բանակցային ճանապարհով լուծելու միջոց է: Եթե մենք բոլոր սկզբունքային հարցերում վերջնական զիջումների ենք գնում, վաղը ի՞նչ ենք քննարկելու թուրքերի հետ: Հուշարձանների պահպանության հարցե՞րը, թե Տոյոտայի պահեստամասերի ներկրման արտոնությունները:
Համառոտակի այն մասին, թե իբր արձանագրությունների մեջ խոսք չկա Կարսի պայմանագրի մասին: Նախ, թող մեկն ինձ բացատրի ՙգոյություն ունեցող սահմանը որոշող համապատասխան պայմանագրեր՚ ասելով, կողմերն ի՞նչ նկատի ունեն: Գուցե նաև Ալեքսանդրապոլի պայմանգիրը, չէ որ պայմանագրեր բառը հոգնակի է:
Նախ քաղաքական առումով ի՞նչ բան է Կարսի պայմանագիրը: Դա բոլշևիզմի կաշառքն էր Մուդրոսի զինադադարը (30 հոկտեմբերի, 1918թ.) ոտնահարած, օրինական իշխանությունների կողմից դատապարտված, դաշնակիցների կողմից հանցագործներ հռչակված օսմանյան բանակի այն գեներալներին, ովքեր պատրաստ էին ոչնչացնել հայկական ու հունական ՙիմպերիալիզմը՚:
Իր զավթողական բնույթով ու անօրինական կարգավիճակով հանդերձ, Կարսի պայմանագիրն ունի որոշ նպաստավոր դրույթներ: Մասնավորապես, պայմանագրի 11, 17, և 18 հոդվածներն համա¬պատասխանաբար անդրադառնում են օտարերկրյա քաղաքացիների իրավուքներին, անխափան հաղորդակցությանը, առևտրական հարբերություններին և որոշակիորեն կանոնակարգում են դրանք:
Մի կողմ թողնելով Կարսի, ինչպես նաև Ալեքսանդրապոլի ու Մոսկվայի պայմանագրերի օրինականության, ավել ճիշտ անօրինականության, հարցը, համառոտակի անդրադառնամ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրության հինգերորդ կետի մեջ առկա պարտավորությանը, այն է. ՙհամապատասխան միջազգային իրավունքի պայմանագրերով որոշված երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչում՚:
Կարելի է հստատապես ասել, որ նման ձևակերպման պարագային ավելի լավ էր լիներ Կարսի պայմանագրի ուղղակի հիշատակումը, քան նման անուղղակի, սակայն մինաշանակ հղումը: Երկրորդ պարագային, մենք իրավականորեն ձևակերպում ու ամրագրում ենք օրինապես ճանաչված պետության՝ Հայաստանի Հանրապետության, դեմ թուրքական ապստամբական զորամիավորումների տարածքային բռնազավթումները, առանց մինչևիսկ ամրագրելու Կարսի պայմագրի մանր ձեռքբերումները:
Ուզում եմ հավատալ, որ տխրահռչակ արձանագրությունների մեջ սպրդած ավելի քան մեկ տասնյակ հայակործան սխալները, ծառայողական անփութության հետևանք են, թե չէ շոգ եղանակին ինչ միտք ասես, որ չի ծագում մարդու գլխում:
Արա Պապյան
ՙՄոդուս վիվենդի՚ կենտրոնի ղեկավար
6 սեպտեմբերի, 2009թ.
No comments:
Post a Comment