Thursday, October 29, 2009

Ո՞ՐՆ Է ՀԱՅԵՐԻ ԵՐԿԻՐՆ ԱՎԵՏՅԱՑ

«Լրագիր» 29-10-2009- Վերջերս դեպքերի բերումով ես ներկա եղա ազգագրական մի հետաքրքիր գործընթացի, որ կոչվում է բանավոր պատմության գրանցում: Եղեռնից մազապուրծ եղած մարդկանց սերունդները պատմում էին եղեռնի դաժանությունների մասին, և թեպետ անձնապես դա չէին ապրել, միևնույն է, լաց էին լինում և ամեն կերպ արտահայտում իրենց զգացմունքային ներգրավվածությունը: Բայց ստանդարտ հարցին` կապրեին արդյոք այն հողերում, որոնց կորուստը այդքան ծանր են տանում, բոլորը միահամուռ տալիս էին բացասական պատասխան: Նույնը կատարվում է նաև սփյուռքի մեր եղբայրների հետ` եղեռնը, կորուստը, պատմական հիշողությունը շատ հստակ են ձևավորված և մտած նրանց պրագմատիկ հիշողության մեջ, սակայն “հողային ծրագիր”, այսինքն այդ հողը բնակեցնելու և սեփականը համարելու, այնտեղ որոշակի ինֆրաստրուկտուրաներ գործարկելու տեսլական չկա: “Հետ տվեք մեր հողերը” կարգախոսը ենթադրում է ինչ -որ քայլեր: Հողերը տրվում են որ մշակվե՞ն, կառուցապատվե՞ն, սեփականաշնորհվե՞ն, թե որ այդ հողերի վրա կառուցվի մի նոր հայկական պետություն: Այ հենց այստեղ սկսվում է անորոշությունը: Ղարաբաղի հետ ամեն ինչ պարզ էր, այնտեղ ապրում են մարդիկ, ովքեր ուզում են ապրել ազատ: Թե ինչ էին ուզում Արևմտյան Հայաստանի տարածքում ապրող մարդիկ՝ պատմության հեռավորությունից դժվար է որոշակիացնել: Սակայն 1988 թվի մոդելով վերականգնելով անցյալը, կարելի է ենթադրել, որ անկախ պետականություն իրենք չէին ուզում: Գլոբալ ցանկությունն այլակրոն տիրակալին նույնակրոն տիրակալով փոխելն էր: Վերահիշյալ հողերը այս պարագայում դառնում էին յուրատեսակ “օժիտ”, որոնք մի կայսրից փոխանցվում էին մյուս կայսրին: Սակայն հողը օժիտ չի, 20-րդ դարում արդեն հողը կարող է լինել միայն պետականության բազա, այլապես այն չի պատկանում քեզ: Պետականությունը , ազգային պետությունը ավելի ամուր կառույց է, քան ֆիզիկական, հողային միավորը: Դրա փայլուն օրինակն է դեսպանությունների տեղակայման ընդհանուր գործող կանոնը` դեսպանության շենքը գտնվում է մի պետության հողում, սակայն համարվում է մեկ այլ պետության տարածք` ի ցույց դնելով, որ հողային պատկանելությունն ընդամենը պայմանական միավոր է: Իսրայելի հրեաները միանշանակ գիտեին, որ իրենք գնում են ոչ թե հող վերցնելու, այլ պետություն ստեղծելու, և դրա համար անբարեհաջող աշխարահագրական դիրքի առկայությունը (տեսնում եք, միայն մենք չենք) արգելք չէր: Վերջերս CNN-ին տրված հարցազրույցում Իսրայելի վարչապետը հայտարարեց, որ Իսրայելը ամենաժողովրդավարական պետությունն է Մերձավոր Արևելքում: Եվ դա անառարկելի փաստ է: Հիմա պաղեստինցիների հետ տարածքային կոնֆլիկտի ժամանակ Իսրայելը առաջ է քաշում ավելի հզոր և առաջադեպ պետականության թեզը, և այն ավելի արագ կաշխատի, քան պատմական հիպոթեզը: Վերջիվերջո պատմությունն ընդամենը մեկնաբանություն է, իսկ մեկնաբանությունը կարելի է հեշտությամբ փոխել: Դրա համար մեր կորուսյալ դրախտն անչափ նմանվում է երկնային կյանքի գոյության ենթադրությանը: Բոլորն այն ուզում են տեսականորեն, սակայն գործնականորեն այնտեղ ոչ ոք չի շտապում: Պատմականորեն մենք միշտ հարմարվել ենք ուրիշի կառուցած պետական մոդելին, պատճառաբանելով, որ այդ ուրիշը մեզնից առավել ուժեղ է, խորամանկ է, դաժան է, հզոր է: Ուրիշի պետական մոդելի ներքո հողին տիրանալն անհնար է: Ավետյաց երկիրն իրականում ոչ մեկին պետք չէ, իսկ իրականությունը մնում է ուրիշներին, որոնք մեզնից առավել են ամեն ինչով, բացի խելքից: Յուրաքանչյուր հայ գիտի, որ ամենախելոքը մենք ենք: ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆ

No comments: