Tuesday, October 13, 2009

«Վիճակը սարդարապատական է»

A1+ 13-10-2009- Այսօր երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը Սարդարապատի ճակատամարտի մեր ժողովրդի ոգին վերականգնելն է: Այս տեսակետի հեղինակներ Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան Խաչատրյանն ու Տիգրան Խզմալյանն այսօր հայտարարեցին նոր' «Սարդարապատ» շարժում ստեղծելու մասին: Վարդան Խաչատրյանի կարծիքով' այսօր մեր ժողովուրդը կորցրել է իր դիմադրողականությունը, որի վառ վկայությունը' հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն էր: Ստեղծված իրավիճակը Տիգրան Խզմալյանը գնահատեց մեկ բառով'«սարդարապատական». «Դարից ավելի շարունակվող Հայոց ցեղասպանության վտանգը նորից է ի հայտ գալիս: Դրան մեղսակից են դառնում այն գերտերությունները, որոնք իրենց լուռ համաձայնությամբ կամ անտարբերությամբ շարունակում են իրենց քաղաքականությունը»: Սեֆիլյանը համոզված է, որ արձանագրությունները երբեք չէին ստորագրվի, եթե մեր իշխանություններն այդքան թույլ չլինեին. «Հայ-թուրքական արձանագրությունները մարտի 1-ի հետեւանք են: Այն, ինչ ունենք այսօր, վերջին տարիների մեր երկրի ներքին անբարո, այլասերված իրավիճակի հետեւանքն է: Մեր շարժումը գնալու է ոչ թե հետեւանքների, այլ պատճառների հետեւից»: Սեֆիլյանն ընդգծեց, որ նոր շարժում ստեղծելն ամենեւին չի նշանակում, որ նա եւ նրա ղեկավարած «Հայ կամավորականների» միությունը դուրս են գալիս Հայ Ազգային Կոնգրեսից. «Մենք աջակցել ենք Տեր-Պետրոսյանին' հայտնի պատճառներով: Այն դաշտը, որը գլխավորել է Տեր-Պետրոսյանը եւ պայքարել բռնատիրական ռեժիմի դեմ, պայքարել է ամենաանկեղծ ձեւով: Մենք այդ դաշտից դուրս եկողը չենք: Տեր-Պետրոսյանը շատ բան է արել, բայց ինչո՞ւ ենք մենք մի մարդուց ամեն ինչ պահանջում: Մենք երբեք չենք խաթարելու այդ պայքարի միջոցով ձեւավորված տասնյակ հազարավոր մարդկանց միակամությունը: Մեզանից յուրաքանչյուրը պետք է անի այն, ինչ կարող է»: Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե «Սարդարապատը» ՀՅԴ-ի բողոքի ակցիաների կրկնությունն է դառնում, ապա Սեֆիլյանը իրենց եւ ՀՅԴ-ի միջեւ որեւէ ընդհանրություն չի տեսնում: Նա միայն մեկ օրինակ բերեց' ցույց տալու համար, որ ՀՅԴ-ն անկեղծ չէ. «Եթե ՀՅԴ-ն իր մտքին դրած լիներ կասեցնել Սերժ Սարգսյանի դավաճանական ընթացքը, ապա ամենաքաղաքակիրթ ձեւը մեկ միլիոն ստորագրահավաքն հավաքելն ու սեղանի վրա դնելն էր: Մեկ միլիոն ստորագրություն Սերժ Սարգսյանի սեղանի վրա դնելու դեպքում Սերժ Սարգսյանը հրաժարական կտար եւ իր շոուն չէր կազմակերպի արտերկրում»: «Սարդարապատ» շարժումը բաց է բոլոր նրանց համար, ովքեր մտահոգված են երկրում ստեղծված իրավիճակով: Շարժման յուրաքանչյուր քայլի մասին Սեֆիլյանը խոստացավ լրացուցիչ հայտնել: «Արցախում զիջողական տրամադրություններ չկան» Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը համոզված է, որ ԼՂ հարցում Արցախում զիջողական տրամադրություններ չկան: «Նույնիսկ Երեւանի կողմից նշանակված ԼՂՀ քաղաքական ղեկավարությունը, որոնք փորձում են ծառայել ՀՀ ռեժիմի պարագլուխին, նրանք էլ չեն համարձակվի զիջողական քայլի գնալ»,- «Ա1+»-ին վստահեցրեց Սեֆիլյանը: Նա կասկած չունի, որ եթե Սերժ Սարգսյանը ԼՂ հարցում խոսքից փորձի անցնել գործի, ապա Արցախում ոտքի են կանգնելու:

No comments: