
/PanARMENIAN.Net/ 13.10.2009 - Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ «խորհրդարանների վավերացումից անկախ, Թուրքիան արդեն իսկ ստացել է իր ուզածը:
Մինչդեռ, ինչպես մինչեւ փաստաթղթերի ստորագրումը, այնպես էլ դրանից հետո, Թուրքիան ամենաբարձր մակարդակով շարունակում է պետական սահմանների բացման հարցը պայմանավորել Լեռնային Ղարաբաղի խնդրով, մասնավորապես` անվտանգության գոտի հանդիսացող տարածքների վերադարձմամբ»:
Անդրադառնալով պատմական հարցերով ենթահանձնաժողովի ստեղծմանը, ՀԱԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գաղափարին Սերժ Սարգսյանի տված հավանությունից հետո հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան կարգավորման խնդիրները ներառվելու են մեկ փաթեթի մեջ:
ՀԱԿ-ի հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ «Ցեղասպանության հարցն ընդգրկվեց արտաքին քաղաքականության օրակարգ` այդ դարձնելով քաղաքական սակարկության առարկա: Չունենալով ժողովրդի աջակցությունը եւ իր հենարանը փնտրելով միջազգային հանրության շահերն սպասարկելու մեջ` Ս. Սարգսյանի վարչախումբը պատրաստվում է նույնքան անընդունելի զիջումների ղարաբաղյան հիմնախնդրում»:
No comments:
Post a Comment