Նախատեսվում է հայաստանցի եւ թուրք հնագետների հանդիպումը
«ԱԶԳ» 194, 27-10-2009- Այդ մասին հոկտեմբերի 25-ի համարում նշեց թուրքական «Սթար» թերթը, գրելով. «Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից հետո երկու երկրները ձեռնամուխ են եղել ձեռք ձեռքի տալ, որ համագործակցեն մշակույթի ոլորտում:
Կարսից ոչ հեռու գտնվող Անիի ավերակների վերականգնման համար նախատեսվում է թուրք գիտնականների հանդիպումը հայաստանցի գիտնականների հետ: Զուգընթաց դրան, շարունակվում են համատեղ համերգ կազմակերպելու աշխատանքները: 1915-ի իրադարձությունների ուսումնասիրման համար Թուրքիան առաջարկել էր երկու երկրների պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծել: Անիի ավերակների վերականգնման աշխատանքները դառնալու են երկու երկրների գիտական եւ մշակութային գործիչների համագործակցության առաջին քայլը»:
Ի դեպ, Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը հաստատել է «Սթարին», թուրքական այս թերթին արած հայտարարությամբ. «Մշակույթի բնագավառում Հայաստանի հետ Թուրքիայի համագործակցության համար աշխատանքներ ենք ծավալում: Առաջինը երկու երկրների գիտնականների համատեղ աշխատանքով Անիի ավերակների վերականգնումն է լինելու: Ավերակների վերականգնման հարցում համատեղ աշխատանքներ կատարելու համար երկու երկրների գիտնականների եւ հնագետների խումբ է ստեղծվում: Շատ շուտով այդ ուղղությամբ կատարվելու են կոնկրետ քայլեր»:
«Սթարի» հարցին պատասխանելիս նախարար Գյունայը նշել է, որ ինքը համատեղ համերգներ կազմակերպելու առաջարկներ է ստանում, ապա եւ ավելացրել է. «Հայ եւ թուրք երաժիշտները կարող են համատեղ ծրագրեր իրականացնել Թուրքիայում, Հայաստանում կամ Եվրոպայում: Թուրքական երաժշտության կարեւորագույն կոմպոզիտորներից ոմանք ծագումով հայ են: Ազգային մշակույթում, ճարտարապետության, երաժշտության եւ ձեռագործության մեջ մեր հայ քաղաքացիները շատ կարեւոր տեղ են գրավում: Նրանք շատ արժեքավոր արվեստագետներ են: Նրանց անտեսելու դեպքում մենք չենք կարող պատկերացնել մեր ճարտարապետությունն ու երաժշտությունը: Մեծ պատերազմը փոխադարձ վշտերի պատճառ է դարձել: Կարծում եմՙ համատեղ մշակույթի գիտակցությամբ պետք է շարժվել, այլ ոչ թե այդ վշտերի»:
«Մոտ ապագայում պատրաստվո՞ւմ եք Հայաստան այցելել» հարցի առնչությամբ, Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայն ասել է. «Եթե համապատասխան մթնոլորտ լինի, կայցելեմ, ինչու չէ: Ըստ երեւույթին, այս գործերի սկիզբը մշակույթով է դրվում: Մշակույթի միջոցով են կառուցվում բարեկամության կամուրջները: Եթե այս համագործակցությունն իրականանա, ապա դրանից կշահի ողջ Կովկասը: Դա հնարավորություն կտա ընդարձակելու զբոսաշրջության աշխարհագրությունը Կասպից ծովից մինչեւ Էգեյան ծով»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ
No comments:
Post a Comment