Tuesday, October 27, 2009

ԹՈՒՐՔԻԱՆ ԿՎԱՎԵՐԱՑՆԻ

«Լրագիր» 26-10-2009- Սալոնիկում սեւծովյան տնտեսական գործակցության երկրների կազմակերպության հանձնաժողովներից մեկի նիստին մասնակցած Գագիկ Մինասյանը հոկտեմբերի 26-ին Հայելի ակումբում խոսել է այն մասին, թե ինչ զրույցներ է ունեցել թուրքական պատվիրակության անդամների հետ, որոնք ներկայացնում են թուրքական խորհրդարանի թե իշխանական, թե ընդդիմադիր թեւերը: Ընդդիմության ներկայացուցիչների հետ զրույցի մասին Գագիկ Մինասյանն ասել է, թե խոսելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հեռանկարի մասին, թուրք խորհրդարանական ընդդիմադիրները նշել են, թե դեմ են վավերացմանը առանց Ղարաբաղի հարցի կարգավորման եւ անելու են ամեն ինչ, որ վավերացում չլինի, եւ որ թուրքական հասարակությունն էլ մտածի իրենց նման: Իշխանական մեծամասնությունից Գագիկ Մինասյանը զրուցել է պատգամավոր Չիչեքի հետ: Չիչեքն ասել է, թե իրենք ունեն ճնշող մեծամասնություն եւ կասկածից վեր է, որ արձանագրությունները կվավերացնեն: Ինչ վերաբերում է իրենց կուսակցապետ, Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարություններին, թե առանց Ղարաբաղի հարցի համաձայնության չի բացվի հայ-թուրքական սահմանը, Չիչեքն ասել է, թե որեւէ մեկը որեւէ քաղաքական գործչի չի կարող արգելել անել այս կամ այն հայտարարությունը: Ըստ Գագիկ Մինասյանի, թուրք պատգամավորը խուսափել է ուղիղ եւ կոնկրետ պատասխան տալ Էրդողանի հայտարարությունները բացատրելու մասին իր հարցին:

No comments: