Thursday, October 8, 2009

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը հայ-թուրքական գործընթացի շուտափույթ կարգավորման հույ ունի

/PanARMENIAN.Net/ 08.10.2009 - Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ս.թ. hոկտեմբերի 7-ին հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշներին: Հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն մամլո ծառայությունը: Նախարարներ Նալբանդյանն ու Կուշները, բարձր գնահատելով Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ձեւավորված բարեկամական, սերտ փոխհարաբերությունները, կարեւորեցին երկու երկրների միջեւ համակողմանի համագործակցության զարգացման ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը: Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց ունեցան Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունների եւ դրանց զարգացման հեռանկարների շուրջ: Զրուցակիցները քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Էդվարդ Նալբանդյանն ու Բեռնար Կուշները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այդ ենթատեքստում նախարար Կուշները, ողջունելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացը, հույս հայտնեց, որ առաջիկայում այն կունենա շոշափելի արդյունքներ: Հանդիպումից առաջ Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիր: Այդ համաձայնագիրը ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման ճանապարհի առաջին քայլն է:

No comments: