Thursday, October 8, 2009

Հայաստանի ճակատագիրը պետք է որոշեն հայաստանցիները. նախկին արտգործնախարար

Panorama.am -8-10-2009- Հայ-թուրքական սահմանը պետք է բացվի, քաղաքակիրթ աշխարհում փակ սահմաններ չպետք է լինեն: Սա ՀՀ նախկին արտգործնախարար, այժմ ընդդիմության շարքերն անցած ու Հայ Ազգային կոնգրեսի անդամ Ալեքսանդր Արզումանյանի կարծիքն է, որն այսօր նա հայտարարեց լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ: Սակայն հարց է, թե սահմանն ի՞նչ գնով պետք է բացվի: «Նախապայմաններով է բացվելու սահմանը, ի վերջո, սահմանը Հայաստանը չի փակել: Այդ արձանագրություններում գրված է, որ կողմերը համաձայնեցին բացել սահմանները, բայց Հայաստանը որևէ մեկի հետ սահման չի փակել: Թուրքիայի հանրապետությունը որոշում է կայացրել շրջափակման ենթարկել Հայաստանը, փակել է սահմանները միակողմանիորեն», -նկատեց Արզումանյանը: Ըստ նրա, Թուրքիան այդ ժամանակ, 1993-ին փակելով հայ-թուրքական սահմանը, այնուհետև օդային ճանապարհները, իրականացրել է թշնամական գործողություն Հայաստանի նկատմամբ: «Այդ գործողությունը պետք է վերացվի, ինչից հետո էլ պետք է ստորագրվեն երկկողմ հարաբերությունների մասին արձանագրություններ», -նշեց Արզումանյանը: Նա ասաց նաև, որ բազմաթիվ երկրների հետ Հայաստանն ունի երկկողմ հարաբերությունների մասին բազմաթիվ արձանագրություններ, որոնք կես էջանոց փաստաթղթեր են և վավերացվել են կամ ստորագրվել դեսպանի, հյուպատոսի մակարդակով: «Որևէ պրակտիկա մեր իրականության մեջ չկա, որ դա վավերացվի Ազգային ժողովում և որևէ կարիք չկա նման արձանագրություններում դնել երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտորը: Դա արվում է երկկողմ պայմանագրերի միջոցով», -տեղեկացրեց նախկին դիվանագետը` նկատելով, որ նախապայմանն այլ կերպ չի լինիում: Ինքն անձամբ դեմ է նախաստորագրված զույգ արձանագրություններին ու ՀԱԿ-ի անունից ոչինչ ասել չի կարող: Իսկ թե ինչ գործողությունների կդիմեն դրանց ստորագրումից հետո, Արզումանյանը հստակ ոչինչ չասաց, բավարարվելով ասելով` «Սահմանադրությամբ թույլատրված բողոքի բոլոր միջոցները պետք է կիրառվեն, որպեսզի Հայաստանի ազգային շահերին հակասող որևէ փաստաթուղթ ուժի մեջ չմտնի: Ժամանակը ցույց կտա, թե ինչ դրսևորումներ կունենան այդ գործողությունները»: Անդրադառնալով ՀՀ նախագահի համահայկական այցելությանը Սփյուռքի գաղթօջախներ և տեղ-տեղ կազմակերպված բողոքի ակցիաներին, Արզումանյանն ասաց, որ դրա համար ինքը ամաչում է: «Ամոթ է, Հայաստանի նախագահն այցելում է օտար երկիր և այդ օտար երկրի ոստիկանությունը իրեն պաշտպանում է իր հայրենակիցներից: Նման ամոթալի, նման խայտառակ իրավիճակ ես չեմ կարողանում հիշել», -հավելեց Արզումանյանը: Նա համոզված է, որ Հայաստանի ճակատագիրը պետք է որոշեն հայաստանցիները: «Չի կարելի, որ մարդիկ բնակվում են այլ երկրներում անկախ նրանց էթնիկական պատկանելությունից, միջամտեն երկրի ներքին գործերին», -նկատեց Արզումանյանը: Բայց այս իրավիճակը, երբ առկա է ցեղասպանության հարցի լինել-չլինելու խնդիրը, այլ է: «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պարտավոր ենք մենք լսել Սփյուռքի տեսակետը: Սփյուռքը Սփյուռք է, քանի որ եղել է ցեղասպանություն: Այդ մարդիկ ապրում են, սփռված են աշխարհով մեկ այն պատճառով, որ նրանց նախնիներին մորթել են, տեղահանել են և ստիպել են լքել իրենց բնօրրանը», -հավելեց Արզումանյանը:

No comments: