Saturday, October 3, 2009

Յուրի Մերզլյակով. Լեռնային Ղարաբաղը կմասնակցի կարգավորման գործընթացին

News.am. 2-10-2009- «Մենք միշտ համարել ենք, որ Ստեփանակերտի ներկայացուցիչների՝ բանակցային գործընթացին միանալու պահը կգա, եւ, իմ կարծիքով, եթե դա ավելի վաղ չլինի, կլինի այն ժամանակ, երբ կսկսվի համաձայնության մշակումը Մադրիդյան սկզբունքների հիման վրա; Քանի որ դա կլինի հենց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համաձայնագիր, իսկ երբ խոսքը գնում է բնակչության կյանքի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, հնարավոր չէ խնդիրը լուծել առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների», հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, որ տարածաշրջանային այցի շրջանակնեում իր գործընկերներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) հետ գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ռուսաստանցի համանախագահը հավաստիացրել է, որ Լեռնային Ղարաբաղն անպայման մասնակցելու է ղարաբաղյան հակամարտության հիմնարար փաստաթղթի ընդունման աշխատանքներին: Իսկ առայժմ, նրա խոսքերով, փորձ է արվում հստակեցնել բոլոր սկզբունքները, որոնց հիմքում էլ ընթանալու են հետագա քննարկումները: Ընդ որում, համանախագահները հրաժարվել են հստակ նշել այդ սկզբունքները: Մերզլյակովի խոսքերով, այցի ընթացքում համանախագահները ղարաբաղյան կողմին են ներկայացրել ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին: «Քննարկել ենք, ինչպես միշտ, երբ գալիս են Ստեփանակերտ, ղարաբաղյան կարգավորման հարցերը, խոսել ենք բանակցային գործընթացից: Վերջին անգամ մենք այստեղ եղել ենք մայիսին: Այդ ժամանակից ի վեր բավարար խոսելու նյութ էր հավաքվել»,- ասել է նա: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, տարածաշրջանային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ): Նույն օրը միջնորդները հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, իսկ նախօրեին Երեւանում հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Նախատեսված է նաեւ հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ:

No comments: