Saturday, October 3, 2009

ԹԵՐԶՅԱՆ. ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԲՈԼՈՐՍ ԿԱՆԳՆԵՆՔ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ, ԵՎ ԹՈՂ ԱՍՏՎԱԾ ՆՐԱՆ ՕԳՆԻ ԱՅՍ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Panorama.am. 3-10-2009- Ֆրանսիայի կինոպրոդյուսերների միության նախագահ Ալեն Թերզյանը իր տեսակետն է արտահայտել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական այցելության վերաբերյալ: «Սա երկխոսության, ժողովրդական վարվելակերպի հզոր օրինակ է: Ես շատ քաղաքական ղեկավարներ եմ ճանաչում, ովքեր հաշվի չեն նստում որոշում ընդունելիս և չեն բացատրում ընդունված որոշումը: Ես շատ երախտապարտ եմ Հայաստանի Հանրապետության նախագահին, որ նա ժամանել է այստեղ և այլ քաղաքներ, որտեղ կա Հայկական սփյուռք, որ նա մեզ ընդառաջ է գնացել: Սա օրինակելի, համարձակ և շատ հազվադեպ քայլ է»,- հայտարարել է նա: Նա ասել է, որ նախագահ Սարգսյանը բացատրել է ու ներկայացրել իր տեսակետը, քաղաքականությունը, հարցերը, որոնց ուղղությամբ աշխատել է: «Ես տարբեր կարծիքներ եմ լսում` «կողմ», «դեմ»... և պետք է ասեմ, որ շատ հեշտ է այստեղի (Սփյուռքի) հայերին սկեպտիկ արտահայտություններ անել: Ես չեմ ընդունում սկեպտիցիզմը, այն չի ապահովում պատմության առաջընթացը»,- հավելել է նա: Նրա խոսքերով, Գերմանիան և Ֆրանսիան նույնպես թշնամի էին, սակայն ըստ նրա, Ֆրանսիան և Գերմանիան կառուցել են Եվրոպան, ինչպես արեց Ֆրանսուա Միտերանը` ընդունելով Գերմանիայի կանցլերի մեկնած ձեռքը: «Իսկ այսօր Եվրոպան աշխարհի ամենահզոր տերություններից մեկն է, թեպետ շատ մարդիկ դեմ էին Ֆրանսիայի և Գերմանիայի միջև հարաբերությունների բարելավմանը: Պետք է կարողանալ դառնալ հիմքը պատմության նոր էջի»,- նկատել է հայազգի արվեստագետը: Թերզյանը համոզված է, որ Թուրքիայի հետ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել: «Թուրքիան մեր հարևանն է: Մենք չենք կարող նրանից մեջք թեքել` պետք է հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Պետք է վերսկսել հարաբերությունները, պետք է բացել սահմանը, քանի որ փակ սահմանը կաթվածահար է անում պետության տնտեսությունը, դա այլ պետության հնարավորություններ է տալիս պատմությունում զարգանալ ավելի արագ»,- նշել է Թերզյանը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին` Ֆրանսիայի կինոպրոդյուսերների միության նախագահն ասել է, որ ինքը թերահավատ չէ և լիովին հավատում է Սերժ Սարգսյանին: «Նախագահ Սարգսյանը մեզ պարզ ասաց`որևէ մեկը չի բանակցում Ցեղասպանության թեմայի շուրջ: Դա պատմության սարսափելի էջ է, որը գիտե ամբողջ աշխարհը, և մի օր Հայոց Ցեղասպանությունը կընդունվի Թուրքիայի կողմից, իսկ այս երկխոսությունը ճանաչման գործում զգալի խթան կհանդիսանա, այլ կերպ սա կարող է դեռ երկար ձգձգվել, եթե իրար մեջք թեքենք: Այստեղ որևէ բանակցելու բան չկա: Եվ այս բանակցությունները, որ անվանում են Ֆուտբոլային դիվանագիտություն, հիշեցնում են 60-ականների «պինգ-պոնգի դիվանագիտությունը»` Չինաստանի և ԱՄՆ-ի միջև: Դը Գոլն ասում էր, որ դա ընթացք տվեց պատմությանը: Դա սկսվել էր սեղանի թենիսի մի քանի պարտիայով»,- բացատրել է Թերզյանը` հավելելով, որ ինքը ողջունում է նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը և իմաստությունը: «Ցեղասպանության հարցի վերաբերյալ ես ամբողջովին վստահում եմ նախագահ Սարգսյանին», -ընդգծել է Թերզյանը: Անդրդառնալով ղարաբաղյան հիմնախնդրին, Թերզյանը կարծիք է հայտնել, որ Ցեղասպանության ճանաչման և Ղարաբաղի հիմնախնդրի հարցում նախագահը ոչինչ չի զիջի: «Այստեղ ես նույնպես լիովին հավատում եմ նախագահին», հավելել է նա: «Վերջ ի վերջո, ես ցանկանում եմ, որ լինի առաջընթաց, որ Հայաստանը դառնա տարածաշրջանի կարևոր (շարժիչ) դերակատարը` Վրաստանի, Ղարաբաղի, Իրանի և Թուրքիայի միջև: Ես հավատում եմ հայ ժողովրդի հանճարին: Եվ մենք պետք է բոլորս կանգնենք Ս.Սարգսյանի թիկունքին, և թող Աստված նրան օգնի այս նախաձեռնության մեջ»,- եզրափակել է Թերզյանը:

No comments: