Wednesday, October 7, 2009

ԻՍԿ ՈՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՋՈՒՄԸ

Իշխանության քարոզչամեքենան ամեն ինչ արեց, որ հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ներքին քննարկումները դրվեն մտածողության տարբերությունների հարթության վրա` Սերժ Սարգսյանն ու նրա հետ բոլոր համամիտները լայն մտածողներ են եւ լայն մտահորիզոնի ու ժամանակակից աշխարհի պրոցեսները պատկերացնող մարդիկ, իսկ ովքեր դեմ են հայ-թուրքական հարաբերության կարգավորման այն տարբերակին, որ ներկայացվում է, նրանք կառչած են անցյալից, նրանք հետադիմական մտածողություն, նեղ աշխարհայացք ունեն, մի խոսքով` քարանձավի մարդ են: Քանի որ Հայաստանում չկա հանրային կարծիքի չափման իրապես պրոֆեսիոնալ եւ միեւնույն ժամանակ անաչառ գործիք, դժվար է ասել, թե հանրության որ մասի վրա է ազդել իշխանական քարոզչության այդ համառ փորձը: Բայց որ այդ փորձն ընդամենն իրերն իրեն անունով կոչելուց խուսափելու քայլ էր եւ հետապնդում էր քննարկվող խնդրի բուն էությունը փոխելու փորձ, դա աներկբա է: Բանն այն է, որ օրինակ ես ինքս դեմ եմ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն այս տեսքով, որովհետեւ համարում եմ, որ դրանք թուլացնում են հայկական պետականության քաղաքական եւ աշխարհաքաղաքական պոտենցիալը: Գուցե դրանց ստորագրումը հանգեցնի սահմանի բացման, ինչն էլ բերի Հայաստանի տնտեսական պոտենցիալի աճին: Գուցե, թեեւ իհարկե դա նույնպես լուրջ քննարկելու խնդիր է: Բայց, անգամ եթե սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական հրաշքի, ապա միեւնույն է, եթե այդ ամենը ձեռք է բերվում հայ-թուրքական արձանագրությունների ներկայիս բովանդակությունը ստորագրելով եւ վավերացնելով, ապա այդ դեպքում “հայկական հրաշքի” տերն արդեն լինում է ոչ թե Հայաստանը, այլ Թուրքիան: Բայց, դեմ լինելով արձանագրությունների ստորագրմանը ներկայիս տեսքով, ես կողմ եմ, որ Հայաստանն ու Թուրքիան ջանք գործադրեն հարաբերությունը բարելավելու համար: Բայց իշխանությունն ասում է, որ այդ հարաբերությունը բարելավելու համար Հայաստանն ինչ որ բան պետք է զիջի, որ Թուրքիան էլ զիջի, ու սահմանը բացվի, եւ հարաբերությունը կարգավորվի: Ստացվում է, որ ասենք իմ մտածողության նեղությունն այն է, որ ես պատրաստ չեմ որեւէ բան զիջել հայ-թուրքական հարաբերության կարգավորման, սահմանի բացման համար եւ կառչել եմ անցյալից, փոխանակ ժամանակակից աշխարհին նայելու, ժամանակակից աշխարհի մտածողությունն ընկալելու եւ հասկանալու: Բայց, այդ դեպքում, կարող է արդյոք իշխանությունը պարզ եւ հստակ բացատրել, թե ինչ է ինքը զիջել Թուրքիային, որ բացվի հայ-թուրքական սահմանը: Լավ, ցեղասպանության ճանաչման գործընթացի հարցում չի զիջել, Ղարաբաղի հարցում չի զիջել, Կարսի պայմանագրի հարցում չի զիջել, պատմաբանների հարցում չի զիջել: Բա որ հարցում է զիջել Հայաստանի իշխանությունը Թուրքիային, որ Թուրքիան պատրաստ է ստորագրել սահման բացելու ճանապարհային քարտեզի տակ: Որն է Հայաստանի զիջումը: Կարող են արդյոք լայն մտածողները բացատրել դա: Թե նրանք այնքան լայն են նայում աշխարհին, որ Հայաստանն այլեւս չի էլ նկատվում այդ լայնության մեջ: Աներկբա է, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորումը բխում է Հայաստանի շահից, բայց այն դեպքում միայն, եթե դա տեղի չի ունենում Հայաստանի շահի հաշվին: Խնդիրն այստեղ մտածողության լայն կամ նեղ, աշխարհային կամ քարանձավային լինելը չէ: Խնդիրը պարզ եւ հստակ փաստարկներն են, որոնց բացակայությունն էլ իշխանությանը մղում է մտածողության շուրջ փիլիսոփայական բանավեճի, այն դեպքում, երբ հայ-թուրքական արձանագրություններն առարկայական իրողություն են, որտեղ պարզ ու հստակ գրված են այն պայմանները, որոնց դեպքում պետք է հաստատվի հայ-թուրքական հարաբերությունը: Սրա շուրջ իշխանությունն ու նրա քարոզչամեքենան ընդհանրապես չվիճեց ու չբանավիճեց: Մինչդեռ մտածողության նեղ կամ լայն լինելը չափվում է հենց բանավեճի ընթացքում, երբ բերվում են փաստարկներ, որոնցից էլ երեւում է, թե ինչպիսին է տվյալ անձի մտածողությունը: Հայ-թուրքական արձանագրությունների ընդդիմախոսները, անկախ նրանից` թե ով ինչ նպատակով, բերեցին մի շարք հստակ փաստարկներ, որոնք վկայեցին, որ հարաբերությունը կարգավորվում է Հայաստանի թուլացման հաշվին, հանուն մի կտոր հացի: Իշխանությունն ու նրա պերճախոսները որեւէ փաստարկ, բացի այդ մի կտոր հացից, այդպես էլ չբերեցին: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: