Wednesday, October 28, 2009

ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ ԷԼԻ «ՄԱՔՈՔՈՒՄ Է»

«ԱԶԳ», 28-10-2009 - Հոկտեմբերի 26-ի ուշ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Ռոբերտ Բրադկեն (Միացյալ Նահանգներ) տարածել են վերջին մի քանի օրերի ընթացքում երկրորդ հայտարարությունը` անդրադառնալով Լյուքսեմբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներին: Նշելով, թե յուրաքանչյուր նախարարի հետ հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարել են, որ աջակցություն է հայտնվել ղարաբաղյան հարցի կարգավորման առնչությամբ բանակցությունների ներկա փուլին եւ քննարկվել են հետագա քայլերը` նկատի առնելով, որ հանդիպումների հնարավորություն կարող է ընձեռվել նաեւ Աթենքում դեկտեմբերի 1-2-ին տեղի ունենալիք ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստի շրջանակներում: Համանախագահները տարածաշրջան կայցելեն էլի մեկ անգամՙ նոյեմբերի սկզբներին, հանդիպելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ եւ շարունակելու աշխատանքը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ: Մինչ այս հայտարարությունըՙ համանախագահական եռյակը հանդես էր եկել հայտարարությամբ հոկտեմբերի 23-ին: ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունը տեղեկացնում էր համանախագահների` Վիեննայում ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի կազմակերպած քննարկմանը մասնակցության մասին: Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայնՙ Լյուքսեմբուրգում Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 10-րդ նիստի հանդիպումներում եվրոպական կողմը ողջունել է «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համարձակ քայլերը` կարեւորելով հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունների արագ վավերացումը եւ դրանց առանց նախապայմանների իրականացումը»: ԱԳՆ հաղորդագրությունը տեղեկացնում է. «Եվրոպական կողմի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Հոկտեմբերի 26-ի երկրորդ կեսին Լյուքսեմբուրգում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցելության հնարավորությունը: Պաշտոնական հաղորդագրության համաձայնՙ այնպիսի տպավորություն կարող է ստեղծվել, թե արտգործնախարար Նալբանդյանը յուրաքանչյուր եվրոպաշտոնյայի հետ խոսել է հետաքրքրությունների նեղ շրջանակով այն դեպքում, երբ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական հաղոդրագրությամբ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը չի զլացել ամեն առիթով անդրադառնալ անվտանգության գոտուց հայկական զինուժի դուրսբերման անհրաժեշտությանը: Այստեղ-այնտեղ Մամեդյարովի արած հայտարարությունների համաձայնՙ անվտանգության գոտուց հայկական զինուժի դուրսբերումը «տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաների բացման, խաղաղության հաստատման ու անվտանգության, տարածաշրջանային զարգացման ու համագործակցության պայմաններ կստեղծի»: Հ.Գ. Լյուքսեմբուրգում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-վրացական երկկողմ օրակարգի հարցերին: Հետաքրքրական է, թե բնութագրական լինելու դեպքում ինչպիսին կորակվեր այս հանդիպումը` հաշվի առնելով Հայաստան-Վրաստան հարաբերություններում կուտակվող խութերը ոչ միայն հայ-վրացական կտրվածքով, այլեւ հայ-թուրքական զարգացումների ֆոնին: Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: