Tuesday, October 27, 2009

Սարգսյանը և Գյուլը հետևում են Չերչիլի պատվիրանին

«Tert.am- 27-10-2009- Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը հիշեցնում է այն գործընթացները, որոնք տեղի էին ունենում լեհերի և գերմանացիների, ուկրաինացիների և լեհերի, Իսրայելի և գերմանացիների միջև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Նման կարծիք «Эхо Москвы»-ի եթերում հայտնել է ռադիոկայանի ղեկավար, լրագրող Ալեքսեյ Վենեդիկտովը: «Սա շատ ծանր և ցավոտ գործընթաց է: Եթե ամեն ինչ ստացվի, ապա հարկավոր կլինի արժանին մատուցել ղեկավարների խոհեմությանը: Դրանով նրանք իրոք կարող են պատմության մեջ մտնել: Դա տեղի կունենա ոչ թե ԵՄ անդամագրվելով, այլ հենց այս պատմական ցավի և ողբերգության հանգուցալուծմամբ, ճիշտ խոսքեր գտնելու կարողությամբ, և, որպես դրա հետևանք, այն բանին հասնելով, երբ այս ժողովուրդները, բնականաբար, հիշելով այդ ողբերգության մասին, կկարողան հասկանալ և ընդունել այն հրեշագործ կոտորածը, որը տեղի է ունեցել 1915թ.: Կարծում եմ, որ տղամարդկության դրսևորում է ղեկավար անձանց կողմից, քանի որ, իրականում այդ ղեկավարները, թե Հայաստանում և թե Թուրքիայում, հասարակական կարծիքի դեմ են գնում»,- նշել է Վենեդիկտովը: Լրագրողը հայ-թուրքական գործընթացը բնորոշել է որպես պատմական առաքելություն: «Հենց այնպես, ինչպես ժամանակին Կոլը և Միտերանը քայլեցին ֆրանս-գերմանական հավերժ բարեկամության միջով: Ողբերգությունն այդքան վառ չէր, սակայն կարողացան հաղթահարել այն: Բոլորն էլ հիշում են այն լուսանկարը, երբ այդ երկու ծերուկները` սև, ծանր վերարկուներով, սեղմում են միմյանց ձեռքերը: Դա պատմական լուսանկար է»: Ռուս լրագրողը նաև կարծիք է հայտնել, որ հասարակությունը հիմնականում բացասաբար է ընդունում նման շարժումները, քանի որ դա նախ պահանջում է ընդունում և հետո նաև մեղանչում: «Փոխհատուցումը դատարկաբանություն է, փոշի: Կարևորը ընդունումը և մեղանչումն են»: Հայաստանում և Թուրքիայում հասարակական կարծիքը, Վենեդիկտովի խոսքերով, դեմ է հանդես գալիս և ղեկավարությունից պահանջում է նախ սպասել ընդունման և մեղանչման, և դրանից հետո միայն կարելի կլինի շարժվել առաջ: «Իսկ քաղաքական գործիչները հակառակ են գնում հասարակական կարծիքին: Շատ կարևոր է առաջ անցնել հասարակական կարծիքից և չվախենալ: Հենց սրանով է պատմական դեմքը տարբերվում քաղաքական գործչից: Դա ասել է Չերչիլը, և ես նրանից հետո կրկնում եմ, որ քաղաքական գործիչը մտածում է առաջիկա ընտրությունների մասին, իսկ պատմական դեմքը` պատմության մեջ իր տեղը կերտելու»,- հայտարարել է Վենեդիկտովը: Խոսելով նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության համար ներողության խնդրելու մասին` «Эхо Москвы»-ի ղեկավարը նշել է, որ «դա տեղի կունենա ոչ շուտով, ոչ էլ այս տարի, սակայն այն, որ դրա համար ճանապարհ է հարթվում, արդեն ակնհայտ է»:

No comments: