Tuesday, October 27, 2009

Ռիմա Դեմիրճյան. Հոկտեմբերի 27-ի բացահայտումը ապագա սերունդներին թողնելը սխալ է: Այն պետք է բացահայտվի մինչեւ վերջ

News.am. 27-10-2009- Այսօր ԱԺ-ի բակում 1999-ի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: ԱԺ խոսնակ Հ. Աբրահամյանն իր խոսքում մեջբերել է Սերժ Սարգսյանի խոսքերը՝ նշելով. «Այսօր առավել, քան երբեւէ մեր ժողովրդին միաբանություն է պետք, մեր հավաքական ինքնությունը պետական կյանքին հասու դարձնելու կարողություն է պետք: Սա է ապագայի մեր ճանապարհը»: Այնուհետեւ ելույթ է ունեցել նաեւ Կարեն Դեմիրճյանի կինը` Ռիմա Դեմիրճյանը: «Տասը տարի է անցել, բայց ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Դրա վկայությունն է նաև այսօրվա արարողությունը։ Իհարկե, սա պետք է կատարվեր ավելի շուտ, քան հիմա»,- նշեց նա ու հավելեց. «27-ի ոճրագործությունը մարդկային պատմության մեջ աննախադեպ է իր դաժանությամբ։ Այն թողեց անջնջելի, չբուժվող վերք։ Այն սասանեց մեր պետականության հիմքերը, երկրաշարժի նման պառակտեց մեր հասարակությանը, որի հետևանքները մենք այժմ էլ կրում ենք: Շատ հարցեր մնացին չբացահայտված, չավարտված։ Դրանք ապագա սերունդներին թողնելը սխալ է։ Դա պետք է մենք անենք, այդ ոճրագործությունը պետք է բացահայտվի մինչև վերջ»։ Այնուհետեւ Ռիմա Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը, բացեցին հուշակոթողը: Հիշեցնենք, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի ԱԺ-ում տեղի ունեցած ոճրագործությանը զոհ գնացին ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Լեոնարդ Պետրոսյանը:

No comments: