Tuesday, October 13, 2009

«Ցանկացած քննարկում Ցեղասպանության թեմայով անմիջականորեն առնչվելու է թուրքական պատմությանը»

Panorama.am 13-10-2009- «Կարծում եմ Ղարաբաղի մասին արձանագրություններում ակնարկ էլ չկա, իսկ այն մարդիկ, ովքեր ուզում են դա տեսնել կարող են տեսնել և մեկնաբանել: Լեռնային Ղարաբաղի մասին ակնարկները կան թուրք բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերում միայն, թե ինչքանով նրանք հետամուտ կլինեն այդ հարցի բարձրացմանը, վավերացման ընթացքում ցույց կտան մոտակա երկու ամիսները: Այս դեպքում մենք կկարողանանք ասել, որ այո, արձանագրություններում նման ակնարկ չկա, սակայն Թուրքիայի քաղաքականությունը միտված էր դրան»,- խոսելով հայ-թուրքական արձանագրություններում Ղարաբաղը որպես նախապայման լինելու մասին, ասել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն: Ինչ վերաբերում է պատմական հարցերով զբաղվող ենթահանձնաժողովին, ըստ պատմաբանի, Գյուլը Փարիզում նշել է, որ համատեղ պատմական ենթահանձնաժողով է ստեղծվում, և դա բնական է, քանի որ այս գործընթացի վերաբերյալ Թուրքիան ունի ամբողջական տեղեկատվական փաթեթ, որի շրջանակներում էլ գործում է: Եվ Գյուլն ավելորդ անգամ շեշտել է, որ նման ենթահանձնաժողով է ստեղծվելու: «Սա շատ պարզ բանաձև է: Այս հայտարարություններին պետք է հակադարձել, որ այն, ինչ նշված է արձանագրություններում, ամենևին էլ ժամանակին թուրքերի պնդած և ցանկացած հանձնաժողովը չէ: Թուրքիայի նախագահն առաջարկ արեց թուրք պատմաբաններին մասնակցելու այդ աշխատանքին, այստեղ ակնհայտ է, որ Գյուլը փորձում է որոշակի խորամանկություն բանեցնել և մեկ կրակոցով երկու նապաստակ խփել: Առաջինը` հակասություն մտցնել հայկական շրջանակների մեջ, եվ երկրորդ` փորձում էր ազնիվ մակլերի դեր խաղալ և երրորդ կողմին ներգրավել: Բայց առաջինի դեպքում Գյուլը սխալվում էր, որովհետև երևի լավ չի կարդացել արձանագրությունները, որոնցում այլ ձևակերպումներ ու այլ բովանդակություն կա: Երկրոդ պարագայում Գյուլը գոնե պետք է հասկանար ու հարգեր իր երկրի քաղաքացիներին, չէ որ կան շատ թուրք պատմաբաններ, որոնք ընդունում են Հայոց ցեղասպանության իրողությունը: Գոնե պետք է հարգեր իր քաղաքացիների ազատ արտահայտվելու իրավունքը, այլ ոչ թե շարունակեր լռելյայն համաձայնվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հետ»,- ասել է Հ. Դեմոյանը: Նրա կարծիքով, ցանկացած քննարկում Ցեղասպանության թեմայով անմիջականորեն առնչվելու է թուրքական պատմությանը, այսինքն վերանայելու է, շուռ է տալու թուրքական պատմության դասական դարձած ընկալումները: «Ես հակված եմ կարծելու, որ այդ ենթահանձնաժողովը փակուղի կմտնի, որովհետև կողմերի նպատակները օրակարգ բերելու հարցերը լիովին բևեռացված են լինելու: Կան բազմաթիվ պատմական սյուժեներ, փաստեր, որոնց մասին մենք չենք կարող բարձրաձայն ասել, թե հայկական կողմն ինչ ունի իր տրամադրության տակ»,- ասել է նա: Ըստ նրա, Հայաստանն ունի բավական հզոր և անխոցելի փաստարկային բազա, որը ցանկացած կողմի, լինի դա թուրքական թե միջազգային ատյան, կարող է ապացուցել Հայոց ցեղասպանության փաստը: «Ցանկացած առաջարկ Թուրքիայի կողմից, թե եկեք քննարկենք Ցեղապանություն եղել է թե` ոչ, անլուրջ է և ոչ գիտական»,- նշել է Հ. Դեմոյանը:

No comments: