7Or.am.26-10-2009- Կարծում եմ, որ արդեն բոլորի համար էլ պարզ է, որ Սերժ Սարգսյանը սխալվել է՝ նախաձեռնելով «ֆուտբոլային» դիվանագիտությունը։ Դա է պատճառը, որ նույնիսկ երդվյալ քիրվայականներն են շտապում քննադատել նախագահին, իսկ ժամանակին ողջունում էին նրա քայլերը, ասուլիս էին հրավիրում ու օրհնում էն սհաթը, երբ Գյուլի ոտը պիտի մտներ հայի հողը, միտինգ էին հետաձգում, «հուժկու» դադար էին հայտարարում ու փորձում «փայ» մտնել սպասվող Նոբելյան մրցանակի մասով։
Հայաստանում այլևս մոդայիկ չէ «21-րդ դարում պետք է ունենալ բաց սահմաններ» արտահայտությունը, քանի որ սահմանը բացող կողմը հստակ հայտարարում է այն գինը, որը վճարելուց հետո միայն ինչ-որ քայլ կանի։ Ուստի իշխանական քարոզչամեքենային այլ բան չի մնում, քան թուրք-ադրբեջանական հակամարտության մասին հեքիաթներ պատմելը։ Հեքիաթի տրամաբանությունը հետևյալն է. «Տեսեք՝ ինչ լավն են արձանագրությունները, որքան ճկուն է Սերժ Սարգսյանի նախաձեռնողականությունը, որ Թուրքիան ու Ադրբեջանը նեղացել են միմյանցից»։ Սա՛ է մնացել ՀՀ իշխանությունների «հաղթանակի» միակ փաստարկը՝ «եթե ադրբեջանցիները դժգոհ են, ուրեմն մենք պետք է գոհ լինենք» պարզունակ սխեմայով։
«Նախաձեռնող» Հայաստանը հայտնվել է խաղից դուրս վիճակում, քանի որ հայ-թուրքական հետագա զարգացումների բանալին այլևս գտնվում է Բաքվում և Անկարայում։ Ահա այդպիսի'ն է Սերժ Սարգսյանի արտաքին «նախաձեռնողական» քաղաքականության հետևանքը, և միակ հույսը մնացել է թուրք-ադրբեջանական ենթադրյալ հակասությունը։
Իրականում թուրք-ադրբեջանական հակասություն գոյություն չունի։ Թուրքիան արձանագրություններով ստացել է իրենը և հիմա փորձում է ստանալ նաև Ադրբեջանին գոհացնող գործընթաց։ Հետայսու ուժեղանալու են ճնշումներն Արցախի մասով։ Ադրբեջանն իր համար բարձր նշաձող է սահմանել. պահանջում է Արցախի այսօրվա տարածքներն ամբողջությամբ և չի համաձայնում անկախության որևէ կարգավիճակի։ Այստեղ է, որ մեր իշխանությունները «հերոսաբար» դիմադրում են։
Թուրքիան խոստանում է, որ ամեն ջանք կգործադրի Արցախն Ադրբեջանի տարածք վերադարձնելու ուղղությամբ։ Եթե մինչ «ֆուտբոլային» դիվանագիտությունը թուրքական հասարակության և քաղաքական շրջանակների տեսակետները տարբերվում էին հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում, և Արցախի հարցն այնտեղ մղվել էր երրորդ պլան, ապա Գյուլի երևանյան այցից հետո Սերժ Սարգսյանը, չգիտակցելով իր քայլերի հետևանքները, միավորեց Թուրքիայի ամբողջ քաղաքական վերնախավը՝ ակամա շաղկապելով հայ-թուրքական հարաբերություններն Արցախի հարցի հետ և փաստացի դադարեցնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Մեջբերում Սերժ Սարգսյանի այն խոսքից, որտեղ նա Թուրքիային լեգիտիմ հնարավորություն տվեց ակտիվանալ Արցախի մասով. «Նաև ուրախ եմ, որ պարոն Գյուլը մեր հանդիպման մասին տպավորություններով կիսվել է Ադրբեջանի նախագահի հետ, և կարծում եմ, որ չափազանց կարևոր է, որ բանակցությունների մթնոլորտը, ոգին ու տառը տարածում գտնեն: Հանդիպման ժամանակ պրն Գյուլն ասաց, որ անհրաժեշտության պարագայում ինքը պատրաստ է օժանդակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, և ես ուրախությամբ ընդունեցի դա, որովհետև միայն աննորմալ մարդը կարող է հրաժարվել օժանդակությունից: Օժանդակությունը պետք է տարբերել միջնորդությունից: Ես վստահ եմ, որ ցանկացած քայլ, որը կարող է օգնել Մինսկի խմբի համանախագահներին՝ լուծելու այս հարցը, միայն ու միայն պետք է դրական գնահատել»։Մեկնաբանություններն ավելորդ են։
Թուրքիայում Հայաստանի «նախաձեռնողականությունը» գնահատեցին որպես թուլության և մուրացկանության նշան, օգտվեցին Ս. Սարգսյանի սխալից, երբ վերջինս համաձայնեց ստանալ Գյուլի օժանդակությունն Արցախի հարցում, և անցան գրոհի։
Այդ հիմա է, որ նախագահ Սերժ Սարգսյանը դարձել է երկրի թիվ 1 մտահոգ մարդը, և դատելով նրա Արցախում տված հարցազրույցի ժամանակ ունեցած տեսքից՝ խուճապի մեջ է։ «Չի կարելի առաջնորդվել «ամեն ինչ ինձ» սկզբունքով»,- նեղսրտում էր ՀՀ նախագահը՝ հեռակա կարգով դիմելով Ադրբեջանին ու Թուրքիային։ Սա վկայում է այն մասին, որ Ալիևը չի բավարարվում միայն ազատագրված տարածքներով, որին համաձայնել էր հայկական կողմը՝ ակնկալելով, որ դրա դիմաց կլինի Արցախի անկախության կարգավիճակը։ Բայց այժմ իրավիճակն այլ է։ Թուրքիա՛ն է Սարգսյանի «թեթև ձեռքով» մտել խաղի մեջ և ուզում է տարածաշրջանի խնդիրներին փաթեթային լուծում տալ։ Նրանք «նախաձեռնող» մարդ են գտել Հայաստանում և «ֆուտբոլն» ուզում են մինչև վերջ խաղացնել։
Հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը գնաց այսպիսի «նախաձեռնողականության»։ Մի՞թե չէին հաշվարկվել քայլերը և չէր կանխատեսվել այս ամենը։ Շրջանառվում են նշված հարցերի պատասխանների մի քանի տարբերակներ՝
1.«Նախաձեռնողականությունը» թելադրված է դրսից, և կային միջազգային ճնշումներ։ Որպես ասվածի ապացույց՝ ներկայացվում է միջնորդների կազմը, նրանց ներկայությունը Ցյուրիխում և այլն։
2.Դավաճանության վարկածը, որը հատկապես տարածված է Սփյուռքում։ Դա էր նաև պատճառը, որ Սարգսյանի շրջագայության ժամանակ հաճախ հնչում էր «դավաճան» բառը։
3.Ներկայիս վտանգավոր վիճակի հեղինակն ու նախաձեռնողը Սերժ Սարգսյանն է, ով չէր պատկերացրել, որ այսպես կլինի։ Այսինքն, տեղի ունեցածը դիվանագիտական անհեռատեսության, դիլետանտիզմի և պարզունակ մտածողության հետևանք է։
1-ին տարբերակին հակված են ինչպես իշխանական, այնպես էլ, որքան էլ զարմանալի է, ընդդիմադիր որոշ շրջանակներ։ Իշխանության համար այդ ձևակերպումը Սերժ Սարգսյանին արդարացնելու ձև է դարձել։ Ուզում են ասել, թե՝ «Այո՛, հասկանում ենք, որ արձանագրությունները լավը չեն, բայց դե ինչ կարող ենք անել, աշխարհի մեծերն են ճնշել»։
Երբ այդ մանկամիտ բացատրություններով փորձում են Սերժ Սարգսյանի «ֆուտբոլն» արդարացնել իշխանական քարոզիչները, հասկանալ կարելի է։ Մարդիկ մի բան պետք է ասեն, ինչպես որ փորձում էին Սերժ Սարգսյանի պահվածքին բացատրություն տալ, երբ նա անբնական ուրախ էր Բուրսայում մեր հավաքականի գոլ ընդունելուց հետո։ Բայց երբ հակաիշխանական ճամբարից են լսվում «Ձև չուներ, քանի որ ստիպել էին» տիպի «վերլուծություններ», անհասկանալի է։ Չե՞ն հասկանում այդ մարդիկ, որ այդպիսով նվազեցնում են Սերժ Սարգսյանի մեղքի բաժինը։ Ստացվում է, որ ով էլ գար, նո՞ւյնն էր անելու։ Այդ դեպքում անիմաստ է ՀՀ իշխանությանը քննադատելը։ Նման տրամաբանությամբ պետք է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ ՌԴ-ի նախագահների հրաժարականը պահանջել, որը հասկանալի է՝ աբսուրդ է։
Ինչ վերաբերում է իշխանական այն ներկայացուցիչներին, ովքեր կառչած են դրսի ճնշումների տարբերակից, ապա ասեմ, որ նրանց խոսքերի տրամաբանության մեջ հետևողականություն չկա։ Երբ ահազանգվում էր այն մասին, որ հայ-թուրքական գործընթացներում բազում նախապայմաններ կան, մեզ ասում էին, թե ինչո՞ւ չեք հավատում ՀՀ նախագահին, ով ասում է, թե չկան նախապայմաններ, այլ լսում եք թուրքական կողմին։ Լա՛վ, ենթադրենք՝ Սարգսյանը ճիշտ է, և միայն նրան պետք է լսել։ Բայց նույն Սարգսյանը հայտարարել է, որ ոչ մի արտաքին ճնշում չի եղել, և ինքը նախաձեռնողական է դարձել սեփական կամքով։ Ինչո՞ւ պետք է մի դեպքում հիմք ընդունել ՀՀ նախագահի խոսքերը, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ։ Մարդը հստակ ասում է, որ ոչ մի ճնշում չի եղել:
Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյա՛նն է «ֆուտբոլային» դիվանագիտության նախաձեռնողը, որի վրա, սակայն, նա իր ազդեցությունը կորցրեց այն պահից, երբ հայտարարեց դրա մասին։ Սա՛ է իրականությունը։ Մեկ այլ օրինակով բացատրեմ. վարչապետ Տիգրան Սարգսյանն օրերս հանդես եկավ «տրակտորային նախաձեռնողականությամբ», որը տխուր ավարտ ունեցավ. վարչապետը վթարի ենթարկեց հայ-չինական գլուխգործոցը։ Ամեն ինչ շատ պարզ է։ Վարչապետը նախաձեռնեց PR-ակցիա։ Նա ուզում էր ինչպես լավ, բայց ստացվեց ինչպես միշտ։ Ասել, որ նրան ստիպեցին նստել տրակտորի ղեկին՝ անհեթեթություն է։ Վարչապետն ինքը նախաձեռնեց TV-ների առաջ թիթիզանալու տարբերակը, բայց հաստատ չէր մտածում, որ կհարվածի մետաղյա պատնեշին, չէր մտածում, որ անզգույշ քաշքշելու է տրակտորի փոխանցումատուփից՝ այն էլ երկու ձեռքով (վարչապետի «տրակտորային» արկածները կարող եք դիտել այստեղ)։ Այդպես ստացվեց։
Սերժ Սարգսյանն էլ չէր մտածում, որ Տիգրան Սարգսյանի օրն է ընկնելու, բայց այդպես ստացվեց։ Նա, երևի, հաշվել էր, որ Գյուլին կհրավիրի, աշխարհով մեկ իրեն ցույց կտան, տիտրերում կգրեն նախագահ Սարգսյան (դա շատ անհրաժեշտ էր նախագահական ընտրություններից հետո) և այլն։ Ստացվեց Տիգրան Սարգսյանի տրակտոր քշելու պես մի բան։
2-րդ՝ դավաճանական տարբերակն ավելի շատ էմոցիոնալ գնահատական է և չի համապատասխանում իրականությանը։ Սերժ Սարգսյանը դավաճան չէ։ Սա ինձ համար միանշանակ է։ Պարզապես դեպքերն այնպիսի ընթացք են ստացել, որ շարքային մարդիկ իռացոնալ կարծիքներ են հայտնում։ Սարգսյանը դավաճան չէ, ինչպես որ Սովետական Միության առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը դավաճան չէր։ Այլ բան է, որ գորբաչովիզմով առաջնորդվողները կարող են կոտրած տաշտակի առաջ կանգնեցնել երկիրը և անձամբ իրենց։
Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը չէր պատկերացնում, որ համաձայնելով պատմաբանների հանձնաժողովին՝ լրջագույն հարված է հասցնելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, որ ինքնամոռաց նետվելով Թուրքիայի գիրկը և սահմանի բացման պարզունակ հարց առաջ քաշելով՝ չի ստանալու ոչ մի բան և կանգնելու է «Ամեն ինչ ինձ» պահանջողների փոթորկի դեմ, որ Գյուլին Արցախ «մտցնելով»՝ վտանգելու է իր իշխանությունը։ Սարգսյանը կուզենա՞ր, որ այդպես լինի։ Իհարկե՝ ո՛չ։ Այդպես ստացվեց։
Ինքս հակված եմ Սերժ Սարգսյանի քայլերի բացատրությունը փնտրել 3-րդ տարբերակում։ Այսինքն, այսօրվա խայտառակ վիճակը Ս. Սարգսյանի անհեռատես «ֆուտբոլային» դիվանագիտության հետևանք է։ Դիվանագիտություն, որը սխալ էր։ Չէր կարելի սահմանի բացումը դարձնել իդեա-ֆիքս և առանց հաշվարկների նետվել «թուրքական բաղնիք»։
Նկատենք, որ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության ամբողջական բացատրությունը հնարավոր չէ տալ միայն ներքաղաքական, աշխարհաքաղաքական կամ տնտեսագիտական գործոնները հաշվի առնելով։ ՀՀ նախագահի քայլերի մոտիվացիոն ամբողջական պատկերը ստանալու համար՝ անհրաժեշտ է նաև հոգեվերլուծաբանների միջամտությունը. այստեղ նաև գիտակցված ու չգիտակցված բարդույթներից ազատվելու հոտ է գալիս, բայց սա զուտ ոչ պրոֆեսիոնալ դիտարկում է։ Ինչևէ։
Մեկ բան ակնհայտ է. Սերժ Սարգսյանն այժմ հասկացել է «ֆուտբոլային» դիվանագիտության ամբողջ վտանգավորությունը և փորձում է դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Նրա համար իդեալական կլիներ, եթե կարողանար կարգավորել հայ-թուրքական հարաբերություններն առանց Արցախի հարցի, բայց քանի որ իրադարձությունները ճիշտ հակառակ ձևով են ընթանում, նա հայտնվել է անելանելի վիճակում։ Սարգսյանը հասկանում է, որ եթե Արցախի մասով էլ դառնա «նախաձեռնողական», ապա իր իշխանավարման վերջը կգա։ Սարգսյանին այժմ մնում է միայն ապավինել դրսի ուժերին, բայց դա անօգուտ է։ Չէ՞ որ ԱՄՆ-ը կամ ՌԴ-ն «ֆուտբոլը» չէին նախաձեռնել։ Այլ հարց է, որ «ֆուտբոլից» հետո նրանք մտան խաղի մեջ։
Ամփոփենք. Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտությունը կատարյալ ֆիասկո է ապրել։ Սա զգում է նաև ՀՀ նախագահը։ Հիմա խնդիրն այն է, թե ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից։ Քաղաքական ուժերի մի մասը համարում է, որ դա Սարգսյանի հրաժարականն է, մյուս մասը շեշտը դնում է հայ-թուրքական արձանագրություններին ո՛չ ասելու վրա։ Կան նաև այլ առաջարկություններ անողներ։ Սարգսյանն ինքն էլ է ուղիներ փնտրում։
Իշխանությունն այժմ թույլ է, ինչպես երբևէ։ Պատկերավոր ասած՝ Հայաստանում իշխանությունն ընկած է փողոցում, բայց այն վերցնող քաղաքական ուժ դեռ չկա։ Թե որքա՞ն կտևի այս վիճակը՝ ցույց կտա ժամանակը։
Tuesday, October 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment