Tuesday, October 27, 2009

«Վախի մթնոլորտը», ըստ օմբուդսմենի, հասարակությունում չի նվազում

«Ազատություն» 26-10-2009- Հոկտեմբերի 26-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը խորհրդարանում ներկայացրել է 2008 թվականի տարեկան զեկույցը` համաձայն որի նախորդ տարվա ընթացքում օմբուդսմենը 4000-ից ավելի դիմում-բողոքներ է ստացել: Զեկույցում բերված փաստերը ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիները ամենաշատը բողոքում են ոստիկանությունից, դատարաններից, Երեւանի քաղաքապետարանից: Նախագահական ընտրությունների օրը պաշտպանը բողոքներ է ստացել վստահված անձին ծեծելու, տեղամասերում լցոնումներ կատարելու, ուրիշի փոխարեն քվեարկելու, ընտրողներին քվեարկելու համար թիվ 9ձեւի տեղեկանքներ տրամադրելու, նրանց միկրոավտոբուսներով ընտրական տեղամասեր տանելու եւ այլ խախտումների մասին: Մարտի 1-ի դեպքերից հետո պաշտպանը բողոքներ է ստացել մեղադրյալներին անհիմն կամ քաղաքական ենթատեքստ ունեցող մեղադրանքներ ներկայացնելու, ոստիկանությունում մարդկանց ապօրինի պահելու, ձերբակալման կարգն ու ժամկետները խախտելու մասին: Ավելի քան 250 էջանոց զեկույցում օմբուդսմենը, մասնավորապես, նշում է.- «Իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ ռեպրեսիվ համակարգի գոյության հետեւանքով վախի մթնոլորտը մեր հասարակությունում չի նվազում»: Օմբուդսմենը մտահոգիչ է համարում «2008-ի ընթացքում վարչական ապարատի դրսեւորած միակողմանիությունը, որը արտահայտվեց մարտի 1-20-ը ընկած ժամանակահատվածում` արտակարգ դրության ժամանակ, ինչի հետեւանքով 20 օր հնչում էր միայն իշխանության տեսակետը»: Խորհրդարանում, ի դեպ, պաշտպանի տարեկան զեկույցի քննարկմանը մասնակցում էին ընդամենը մի քանի պատգամավորներ: Վիկտոր Դալլաքյանն իր ելույթում պարզաբանեց պատգամավորների նման վերաբերմունքի պատճառը` ասելով. - «Դահլիճի ներկայությունը ինչ-որ առումով ցույց է տալիս, որ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությունը գտնվում է տխուր վիճակում»:

No comments: