Saturday, October 17, 2009

Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները վատթարանում են

Panorama.amղ 17-10-2009- Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր մտահոգությունն է հայտնել 1918 թվականի Բաքվի ազատագրման պայքարում զոհված թուրք զինվորի հուշակոթողից` թուրքական դրոշի անհետացման վերաբերյալ: «Իշխանության այս քայլն ուղղված է ոչ միայն պաշտոնական Անկարայի, այլև ողջ թուրքական պետության դեմ»,- ասված է հայտարարության մեջ: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: «Երկու երկրների միջև առկա լարվածությունն իշխանությանը հիմք չի ընձեռում թույլատրել նմանատիպ կոշտ քաղաքական վրիպակ»,- նշվում է փաստաթղթում: Կուսակցությունը միանշանակորեն քննադատում է պաշտոնական Բաքվի գործողությունները, որոնք կարող են երկկողմ հարաբերություններում առաջացնել բացասական երևույթներ: «Մուսավաթը» պահանջում է ետ վերադարձնել թուրքական դրոշը:Թուրքական դրոշը արդեն 10 տարի ծածանվում էր շահիդների պուրակում` թուրք զինվորի հուշարձանի առջև: Այն կառուցվել է դեռևս 90-ականների վերջին: Ադրբեջանական իշխանությունները ոչ մի կերպ չեն բացատրում դրոշի անհայտացման փաստը: Լռում է նաև թուրքական դեսպանատունը:Ոչ պաշտոնական տվյալներով, այն բանից հետո, երբ ադրբեջանցի ցուցարարները այրեցին Թուրքիայի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի լուսանկարները, Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը լքել է Բաքուն: Ադրբեջանում թուրքական դրոշի անհայտացումը համարում են Բուրսա քաղաքում Հայաստանի և Թուրքիայի միջև ֆուտբոլային հանդիպման ժամանակ, մարզադաշտում ադրբեջանական դրոշների արգելման փաստով` համարելով, որ դրանով իսկ Ադրբեջանը համարժեք պատասխան է տվել թուրքական կողմին: Բաքվի և Անկարայի հարաբերությունները գնում են դեպի վատթարացում, և ինչպես երևում է, կողմերն այս գործընթացը կասեցնելու համար որևէ քայլ չեն ձեռնարկում:

No comments: