Wednesday, October 7, 2009

Սերժ Սարգսյանին ներկայացնում են որպես համահայկական առաջնորդ

Tert.am.7-10-2009- Հայ-թուրքական Արձանագրությունների քննարկման 6-րդ շաբաթի ավարտի նախաշեմին իշխող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ կուսակցության տեսակետը չի փոխվել: «Մենք հստակ գիտակցում ենք, որ Հայաստան-Թուրքիա բնականոն հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ են առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ»,- նշել է Շարմազանովը: Այս համատեքստում նա ընդգծել է Հայաստան-Սփյուռք կապի կարևորությունը. ըստ Շարմազանովի՝ Հայաստանի նախագահը դարձավ նախադեպը չունեցող համահայկական ուղևորության նախաձեռնողը: «Նախագահը ցույց տվեց, որ ինքը ոչ միայն Հայաստանի առաջնորդն է, այլև համահայկական առաջնորդ, ով ապրում է բոլոր հայերի հոգսերով»,- նշել է Շարմազանովը: Ըստ հանրապետականի` նախքան նախագահի համահայկական ուղևորությունը ևս նախաստորագրված Արձանագրությունների հանդեպ վերաբերմունքը ոչ միանշանակ էր թե Հայաստանում, թե Սփյուռքում և թե Թուրքիայում: «Մենք շատ նոռմալ ենք վերաբերվում այն բոլոր քաղաքակիրթ մտահգություններին և տեսակետներին, որոնք չափի սահմաններում են ու փաստավորված են»,- հավելել է Շարմազանովը: Ըստ վերջինիս` ՀՀ նախագահի համահայկական ուղևորության նպատակը ապացուցել աշխարհին, որ հայերն ունեն ոչ միայն 3 մլն-անոց հանրապետություն, այլև բազմամիլիոնանոց սփյուռքահայություն, որը Ցեղասպանության հետևանք է: Հանրապետական կուսակցության անդամն ափսոսանքով նշել է այն, որ հնչում են նաև անպատեհ մեղադրանքներ. «Կան նույնիսկ քաղաքական գովազդներ, որոնք լսելիս թվում է, որ Կարսն ու Իգդիրը հանձնել են Հանրապետական կուսակցությունն ու Սերժ Սարգսյանը»: Այդ մեղադրանքներին Շարմազանովը նաև պատասխանեց, որ Սերժ Սարգսյանի ստորագրությունը առկա է Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրում, որը «արձանագրում է հայ ժողովդրի փառահեղ հաղթանակը Արցախյան հերոսամարտում»:

No comments: