Monday, October 5, 2009

Լոս Անջելեսում Սփյուռքի ներկայացուցիչները բողոքի ակցիա կազմակերպեցին

Tert.am. 5-10-2009- Ավելի քան 12,000 Ամերիկայի հայ համայնքի ներակայցուցիչներ հավաքվել էին Լոս Անջելեսի Beverly Hilton Hotel հյուրանոցի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու հայ–թուրքական Արձանագրությունների ստորագրման դեմ, հայտնում է asbarez.com–ը։ Արձագանքելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը Սփյուռքի ներկայացուցիչներին համահայկական ուղևորության շրջանակներում՝ մարդիկ կանգնել էին հյուրանոցի մոտ պաստառներով, որոնց վրա գրված էր՝ «Մի' դավաճանեք մեզ», «Թուրքիա, ընդունիր Ցեղասպանությունը», «Ո՛չ Արձանագրություններին»։ Միևնույն ժամանակ օդում փոքր ինքնաթիռները պաստառ էին պարզել, որի վրա գրված էր «Կասեցրե՛ք հայ–թուրքական Արձանագրությունները»։ Բողոքի ակցիայի չորրորդ ժամվա ընթացքում մի խումբ մարդիկ կարողացել են հաղթահարել անվտանգության աշխատակիցների պատնեշը և, «ոչ, ոչ» գոռալով, մոտենալ հյուրանոցի մուտքին։ Նրանց գործողությունների արդյուքնում որոշ ժամանակ արգելափակվել էր երթևեկությունը Ուիլշայր պողոտայի վրա։ Ցուցարարների հետ զրուցել է Դաշնակցության ներկայացուցիչ Հովան Թաշջյանը, ով ներկա էր Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը։ Նա հայտնել է, որ զրույցի ընթացքում «Սփյուռքի ներկայացուցիչներն ընդդիմացել են Արձանագրությունների ստորագրմանը», իսկ Սերժ Սարգսյանը «փորձել է պաշտպանել, այսպես կոչված, պատմական հանձնաժողովի ստեղծումը և նշել է, որ Արձանագրությունները չեն ազդի ղարաբաղյան գործընթացի վրա»։

No comments: