News.am. 27-10-2009- Չնայած այն բանին, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ արձանագրությունները, մինչ այժմ անորոշ է մնում, թե ե՞րբ է դրանցով զբաղվելու թուրքական խորհրդարանը,- գրում է թուրքական «Զաման»-ը։
Ըստ պարբերականի, «վերոհիշյալ փաստաթղթերը պետք է երկրի խորհրդարանում քննարկվեին հոկտեմբերի 21-ին, սակայն դա տեղի չունեցավ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ աճող լարվածության պատճառով»։
«Այդ լարվածությունն էր հենց հետաձգման գլխավոր պատճառը։ Դրան ի պատասխան Հայաստանը նույնպես սկսեց հետաձգել փաստաթղթերի վավերացման շուրջ քննարկումները։ Ելնելով ստեղծված իրավիճակից, կարելի է ենթադրել, որ կպահանջվի որոշակի ժամանակ, մինչ արձանագրությունները կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից։ Եվ եթե նույնիսկ դրանք թուրքական խորհրդարանում քննարկվեն հաջորդ ամիս, ապա շուտափույթ վավերացում ակնկալել պետք չէ, եթե միայն երկրի կառավարությունը արտակարգ ջանքեր չգործադրի այդ ուղղությամբ։ Երբ ի վերջո արձանագրությունները հասնեն խորհրդարան, վերջինիս նախագահը կուղարկի դրանք երկրի ԱԳՆ հանձնաժողովին։ Եվ այն, թե ինչ գնահատական կտա փաստաթղթերին հանձնաժողովը, լիովին կախված է կառավարության կամարտահայտությունից, չէ որ հանձնաժողովի անդամների գերակշող մեծամասնությունը՝ կառավարության ներկայացուցիչներ են։
Սակայն նախորդ փորձը վկայում է այն մասին, որ փաստաթղթերը չեն հասնում Հանձնաժողովին՝ խորհրդարանում քննարկվելուց հետո 1-2 ամսվա ընթացքում։ Այն բանից հետո, երբ փաստաթղթերը հաստատվեն հանձնաժողովի կողմից, դրանք կդառնան Գլխավոր վեհաժողովի քննարկման առարկան։ Եթե Գլխավոր վեհաժողովը նույնպես հավանություն տա, ապա դրանք ուժի մեջ կմտնեն այն բանից հետո, երբ կհրապարակվեն Official Gazette-ում։
Սակայն երկրի ԱԳՆ հանձնաժողովի աշխատանքի հետ առավել ուշադիր ծանոթանալու դեպքում պարզ է դառնում, որ գոյություն ունեն երկկողմ համաձայնագրեր, որոնք իրենց հաստատմանն են սպասում արդեն ավելի քան 20 տարի։ Կարելի է հիշատակել Իրաքի, Շվեդիայի, Լիբիայի, Արգենտինայի ու շատ այլ երկրների հետ համաձայնագրերը։ Օրինակ՝ Սիրիայի ու Ադրբեջանի հետ Թուրքիան կնքել է ավելի քան 20 համաձայնագրեր, որոնք իրենց հաստատմանն են սպասում Հանձնաժողովի կողմից»։
Tuesday, October 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment