
Aysor.am 12-10-2009- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 10-ին ադրբեջանական հեռուստատեսությանը տված ընդարձակ հարցազրույցում «համոզմունք» է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը «սպառնում է միայնակ թողնել Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խնդրում»:
Ադրբեջանական մամուլի հրապարակումների համաձայն` հակառակ թուրքական իշխանությունների բազմաթիվ հավաստաիցումների, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կապված է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հետ, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Նալբանդյանի և Էրդողանի կողմից ստորագրվեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու վերաբերյալ արձանագրությունները: Ստորագրումից «վրդովված» Ալիևը ադրբեջանական լսարանին հայտնել է, որ «իրենց չի ուրախացնում իրադարձությունների նման զարգացումը»:
Իլհամ Ալիևը խոսել է «Ադրբեջանի շահերը հաշվի չառնող» Թուրքիային վաճառվող գազի գինը բարձրացնելու մասին` մեկ խորանարդ մետրի համար 120 դոլարի փոխարեն սահմանելով 350 դոլար գին:
«Ադրբեջանը տարեկան 7 մլրդ խորանարդ մետր գազ է վաճառում Թուրքիային: Սա նշանակում է, որ Ադրբեջանը տարեկան մեկ մլրդ դոլար է նվիրում Թուրքիային, այն դեպքում, երբ այդ երկրում յուրաքանչյուր շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն երկու անգամ մեծ է, քան Ադրբեջանում: Ինչու՞ պետք է Բաքուն շարունակի նման նվեր անել Անկարային»,- հարցրել է Ալիևը:
Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Թուրքիայի ղեկավարությունն, այնուամենայնիվ, կկատարի Բաքվին տված խոստումն այն մասին, որ հայ-թուրքակական սահմանը կբացվի ԼՂ խնդրի լուծումից հետո:
Musavat.com-ի հետ զրույցում, հավանություն տալով Ադրբեջանի նախագահի տեսակետին, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը հայտարարել է. «Ներկայում Ադրբեջանն իր գազն այլ ուղղությամբ կողմնորոշելու հնարավորություն չունի: Սակայն, Թուրքիայի քաղաքականությունը կարող է բերել նրան, որ Ադրբեջանը ոչ միայն չի ավելացնի Թուրքիային վաճառվող գազի ծավալները, այլև` ուրիշ ուղղություններից առավել հարմար գնով առաջարկ ստանալու դեպքում, անկախ այն բանից, դա դուր կգա Անկարային, թե ոչ, կնվազեցվի նաև այդ երկիր մատակարարվող գազի ծավալը»:
No comments:
Post a Comment