Tuesday, October 13, 2009

Էդվարդ Նալբանդյանի հայտարարության տեքստը, որն այդպես էլ չհնչեց Ցյուրիխում

News.am. 13-10-2009- Հայտնի է դարձել այն հայտարարության տեքստը, որը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պետք է կարդար Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո, սակայն թուրքական կողմի հետ տարաձայնությունների պատճառով կողմերը զերծ մնացին հայտարարություններ անելուց: Այդ տեքստը տպագրվել է «Առավոտ» թերթում, որը ներկայացնում ենք ստորեւ: «Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Մենք հավաքվել ենք Շվեյցարիայի հյուրընկալ հողում` ստորագրելու արձանագրությունները, որոնք դնելու են այն հիմնաքարը, որի վրա գալիք տարիներին պետք է կառուցվեն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները: Սա առանձնահատուկ օր է, նոր մեկնարկի, նոր հարաբերությունների և նոր հեռանկարների յուրատեսակ նախաշեմ: Դա կարող է օգտակար լինել մեր ժողովուրդների համար, եթե մենք այս փաստաթղթերը կյանքի կոչենք ինչպես և պայմանավորվել ենք` ճշտապահորեն, առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում իրականացնենք դրանց դրույթները: Գործընթացի սկզբից ևեթ մենք գիտակցում էինք այն դժվարություններն ու խոչընդոտները, որոնք առկա են դեպի ապագա տանող այս փշոտ, բայցեւ այսքան անհրաժեշտ ճանապարհին: Սակայն, մենք նաեւ գիտակցում էինք, որ այս ծանր բեռը հաջորդ սերունդներին թողնելը անպատասխանատու և չարդարացված կլինի: Այսօր մենք ջանքեր ենք գործադրում մեր ժողովուրդներին երկար ժամանակ բաժանող փակ դուռը բացելու համար։ Մենք ճանապարհ ենք հարթում գալիք սերունդների խաղաղ և բարգավաճ ապրելու հնարավորությունն ապահովելու համար: Ամենօրյա ինտենսիվ բանակցությունները հնարավորություն ընձեռեցին գտնելու այն բանալին, որը պետք է բացի դռան փականը եւ աննախադեպ հնարավորություն ընձեռի վստահությամբ քայլելու դեպի ապագա: Այսօրվա Եվրոպայի կայունությունը, անվտանգությունը և բարեկեցությունը հիմնված է մի քանի տասնամյակ առաջ ժամանակի երկու հեղինակավոր առաջնորդների խորհրդանշական ձեռքսեղմման վրա: Նրանք խիզախություն ունեցան ոչ միայն հաշտեցման տանելու իրենց ժողովուրդներին, այլև տեսլական ունեցան ստեղծելու այնպիսի պայմաններ, որ Եվրոպայի ժողովուրդներն ապրեն խաղաղ եւ անվտանգ: Նման խորհրդանշական ձեռքսեղմում տեղի ունեցավ 2008թ. սեպտեմբերի 6-ին Երևանում, որտեղ Հայաստանի ղեկավարի նախաձեռնությամբ հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի նախագահները: Բարձր գնահատելով մեր առաջնորդների քաղաքական կամքը եւ երկու կողմից գործադրված հսկայական ջանքերը` ես ցանկանում են դրվատանքի խոսքեր ասել միջազգային հանրությանը՝ այս գործընթացին շատ կարեւոր հաստատակամ աջակցության համար: Այդ սատարումը կենսական էր գործընթացը առաջ տանելու գործում: Այսօր դուք կանգնած եք մեր կողքին` մասնակից լինելով Արձանագրությունների ստորագրմանը և արդարացիորեն կիսում եք ձեռք բերված արդյունքի վաստակը, ինչպես նաեւ՝ ապագա նվաճումների պատասխանատվությունը»: Այնուհետեւ նախարար Նալբանդյանն իր շնորհակալությունն է հայտնում այս գործընթացի մասնակից երկրներին ու նրանց ներկայացուցիչներին, որոնք ներկա էին արձանագրությունների ստորագրմանը:

No comments: