Tuesday, October 13, 2009

Wall Street Journal. Էրդողանը ոչ երկիմաստ հասկացրել է, որ երկկողմ հարաբերությունների եւ ԼՂ հարցերը հատվում են միմյանց

News.am. 13-10-2009- Հոկտեմբերի 10-ին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հաջորդ իսկ օրը պաշտոնական Անկարան հասկացրել է, որ արձանագրությունների կյանքի կոչման համար դեռ խոչընդոտներ կան: Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հիշեցնելով, որ շաբաթ օրը փաստաթղթերի ստորագրումը ձախողման եզրին էր հայտնվել, քանի որ թուրքական կողմը մտադիր էր հայ-թուրքական հարաբերությունները կապել ԼՂ խնդրի հետ: Եվ միայն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ակտիվ միջամտությունն է հնարավորություն տվել կանխել նախատեսված գործընթացի ձախողումը: Թեեւ 3 ժամ ուշացումով, բայց արձանագրությունները ստորագրվել են: Այդուհանդերձ, այդ միջադեպը նոր կասկածների ալիք են առաջ բերել Հայաստանում: Արդեն կիրակի օրը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ երկիմաստ հասկացնել է տվել, որ երկկողմ հարաբերությունների եւ ԼՂ հարցերը հատվում են միմյանց հետ: «Մենք ցանկանում ենք, որպեսզի սահմանները բացվեն, սակայն քանի դեռ Հայաստանը դուրս չի բերել իր զորքերը „գրավյալ“ տարածքներից, Թուրքիան չի կարող դրական պատասխան տալ»,- հայտարարել է Էրդողանը՝ ընդգծելով, որ փաստաթղթերը պետք է դեռ վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից: Նա բաց տեքստով հասկացնել է տվել, որ թուրքական խորհրդարանի կողմից դրական պատասխան կարելի է սպասել միայն այն դեպքում, «եթե Հայաստանն ու Ադրբեջանը սկսեն ուղիներ փնտրել ԼՂ խնդրի հարցով բանաձեւի գործընթաց նախաձեռնելու ուղղությամբ»: Wall Street Journal-ը նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի վարչապետը էլ ավելի մեծ ճնշման է ենթարկվելու թուրք հասարակության կողմից, ապա մեջբերել է ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի խոսքերն այն մասին, որ «արձանագրություններում թաքուն կերպով ներկա է ԼՂ թեման»: Պարբերականը նաեւ ուշադրություն է դարձնում հայկական Սփյուռքի դժգոհությանը` կապված պատմական փաստերն ու արխիվները ուսումնասիրելու համար ենթահանձնաժողովի ստեղծման հետ: Սփյուռքն ընդգծում է, որ շատ արեւմտյան պատմաբաններ համաձայն են, որ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը հենց ցեղասպանություն է: Բացի այդ, թերթը շեշտում է նաեւ այն հանգամանքը, որ արձանագրություններն, ըստ էության, հաստատում են հայ-թուրքական ներկա սահմանները, որոնք հաստատվել են 1921 թվականին՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Կարսի պայմանագրով:

No comments: