«ԱԶԳ», 28-10-2009 - Վերջերս ՀՀ գլխավոր դատախազությունը նախաձեռնել էր Սումգայիթում ադրբեջանցիների վայրագությունները փաստող ապացույցների ու պատմությունների տեղադրումը համացանցում: Արխիվը հսկայական էր, ավելի քան 37 հատոր` լուսանկարներ, ականատեսների վկայություններ, պատմություններ:
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը փաստեց, որ էլեկտրոնային արխիվի ստեղծումն ընթացքի մեջ է: «Արխիվացվում են ոչ միայն Սումգայիթի ջարդերի կապակցությամբ խորհրդային դատախազության հարուցած քրեական գործերի շրջանակներում Հայաստանի դատախազությունում եղած նյութերը, այլեւ հարակից այլ քրեական նյութեր: Այդ օրերին զուգահեռաբար հարուցվել էր մեկ այլ քրեական գործ խորհրդային դատախազությունից այն հայ գործիչների նկատմամբ, ովքեր փորձում էին իրականությունը ներկայացնել հանրությանը, բարձրաձայնել ջարդարարությունները: Խորհրդային դատախազությունը դա ներկայացրեց որպես ազգամիջյան թշնամանք սերմանելու մի քայլ, բայց երբ այդ գործն ուղարկվեց Հայաստանի դատախազություն, կարճվեց այն հիմնավորմամբ, որ գործիչները ոչ թե թշնամանք էին սերմանում, այլ ներկայացնում իրականությունը», ներկայացնում է Սոնա Տռուզյանը:
Արխիվում կան ականատեսների վկայություններ, պատմություններ, թե ինչպես են տեղի ունեցել այդ վայրագությունները, ինչպես էր ամբոխն առանց տարբերակման` կնոջ, թե տղամարդու, երեխայի, թե զառամյալի, բռնության ենթարկում: «Կան փաստեր, թե ինչպես է այդ ամենին լուռ հետեւել ոստիկանությունը, ավելին, բազմաթիվ վկայություններում ասվում է, որ հենց իրենք են ճանապարհներ բացել ամբոխի համար: Ջարդերն ուղղորդում էր Սումգայիթի առաջին քարտուղար Մուսլայիմ Զադեն` հորդորելով, թե կարող եք ամեն ինչ անել, միայն պետական գույքին ձեռք չտաք: Բացի այդ, վայրագություն կատարողների ձեռքերին եղել են ցուցակները հասցեներով, թե որտեղ են ապրում հայերը: Այդ ամենը հուշում է, որ Սումգայիթյան ջարդերը եղել են կազմակերպված», նկատում է Սոնա Տռուզյանը:
«Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ նախագահ Սամվել Մարտիրոսյանն էլ հավելեց, թե վկայությունները փաստում են, որ ջարդարարներն ունեցել են ղեկավարներ: «Բացի նրանից, որ ունեցել են ցուցակներ, հայերի բնակարաններում հեռախոսներն անջատված էին, իսկ ադրբեջանական բնակարաններում` ոչ: Մի շարք վկայություններ փաստում են, որ ադրբեջանական պաշտոնյաները ոչ միայն կազմակերպել են, այլեւ անմիջական մասնակցություն են ունեցել: Տասնյակ վկայություններում կան տողեր, որտեղ ասվում է, որ ջարդարարների մեջ տեսել են ակնառու պաշտոնյաների», ասաց Մարտիրոսյանը: Գլխավոր դատախազի մամուլի խոսնակն էլ հավելեց, որ բացի Սումգայիթի ջարդերի մասին պատմող վկայություններից, դատախազության արխիվն ավելացել է 1992-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում տեղի ունեցած կոտորածի վերաբերյալ նյութերով: «Այդ կապակցությամբ Ղարաբաղի դատախազությունը հարուցել էր քրեական գործՙ ցեղասպանության եւ մարդկության դեմ ուղղված հանցագործության հատկանիշներով: Թեպետ մեղավորները պատասխանատվության չենթարկվեցին, բայց կան այդ վայրագություններն ապացուցող փաստեր: Վերջերս ԼՂՀ դատախազությունն այդ նյութերն ուղարկեց Երեւանՙ էլեկտրոնային գրադարանում ներկայացնելու համար», ասաց Տռուզյանը: Ղարաբաղից ուղարկված փաստերն ու վկայությունները պատմում են, թե ինչպես են Մարաղա գյուղում դաժանությամբ սպանել 60 խաղաղ բնակչի, իսկ 70 խաղաղ բնակչի պատանդ են վերցրել:
1991-ի հուլիսի 7-ին Ադրբեջանի ՍՍՀ ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակիցները Սրխավյանդ գյուղում գործող ահաբեկչական խմբի անդամների գլխավորությամբ, անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով ներկայանալով Կիչան գյուղ, ազգային հողի վրա, ապօրինի ազատությունից զրկել են վերոնշյալ գյուղի բնակիչ Արտո Հակոբյանին: Նրան տեղափոխել են Սրխավյանդ գյուղ, որտեղ էթնիկական պատկանելության, դավանանքի պատճառով ծեծի են ենթարկել ու տեղափոխել Շուշի քաղաքի գաղութ` ապօրինի կալանավորելով խոշտանգել: Նույն թվականի հուլիսի 12-ին Սրխավյանդ գյուղում գործող ահաբեկչական խմբավորումը ադրբեջանական բանակի աջակցությամբ հարձակվելով Կիչան գյուղի վրա, հրկիզելովՙ դաժանաբար սպանել է գյուղում մնացած մեծահասակ խաղաղ բնակիչների:
Սա ընդամենը մեկ գյուղում տեղի ունեցած ահաբեկչական գործողություներից մի հատված էր, մինչդեռ այդպիսի պատմություններ դատախազության արխիվում հսկայական են: Թե ինչպես են հղի կնոջը մերկացրել ու ստիպել պարել, թե ինչպես են դաժանությամբ սպանել երեխաների, նաեւ փաստեր, թե ինչպես են ադրբեջանցի բժիշկները փրկել հայ վիրավորների կյանքը:
Սոնա Տռուզյանը նկատեց, որ նյութերը մեծ արժեք են ներկայացնում ոչ միայն պատմաբանների համար, այլեւՙ հետագա սերունդներին կրթելու, իրականությունն ապացուցելու: «Պետք է իմանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել 1988-ին Սումգայիթում կամ 1992-ին Մարաղայում: Քրեական նյութերում պատմական իրականությունը փաստող հսկայական պաշար կա», ասաց նա` հավելելով, որ արխիվների հրատարակումը կօգնի շատերին զերծ մնալ պատմությունը կեղծելու հնարավորություններից: Բացի էլեկտրոնային արխիվիցՙ գլխավոր դատախազությունը մտադրվել է նաեւ ժողովածու հրատարակել նյութերը հասանելի դարձնելու անգամ այն մարդկանց, ովքեր համացանցից չեն օգտվում:
Սամվել Մարտիրոսյանն էլ փաստեց, թե ակնհայտ է, որ տուժածների թիվն ավելի շատ է, քան հաղորդվում է պաշտոնական տվյալներով: «Հետեւաբար մեր նպատակն է վկայությունների, տարբեր պատմությունների շնորհիվ գտնել այն մարդկանց մասին տեղեկություններ, որոնց մահը գաղտնի է պահվել ու չի հրապարակվել», ասաց Մարտիրոսյանը` կոչ անելով բոլորինՙ ունենալով լուսանկարներ կամ այլ վկայություններ, ուղարկել azerbaijangenocide@gmail.com էլեկտրոնային հասցեին:
«Ազգ» օրաթերթը, գնահատելով այս նախաձեռնությունը, էլեկտրոնային գրադարանին է տրամադրում իր արխիվում եղած շուրջ երեք տասնյակ լուսանկարներ, որոնք փաստում են ադրբեջանական դաժանությունները:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Wednesday, October 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment